ԱՌԱՋՆՈՐԴ ՍՐԲԱԶԱՆ ՀՕՐ ՊԱՏԳԱՄԸ ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹԵԱՆ 99-ՐԴ ՏԱՐԵԼԻՑԻ ԱՌԹԻՒ

ՈՂՋՈ՜ՅՆ ՁԵԶ, ՀԱՅ ՆԱՀԱՏԱԿՆԵՐ
 

Հայոց Ցեղասպանութեան 99-րդ տարելիցն է: 99-րդ անգամն է, որ մենք ժամադրւում ենք մեր նահատակների հետ: 99-րդ անգամն է, որ մենք յիշեցնում ենք աշխարհին եւ արիւնարբու թշնամուն՝ թուրքին, որ մենք չենք մոռացել մեր նահատակներին, չենք մոռացել նրանց թողած կտակը՝ պահանջատէր լինելու եւ շարունակելու մեր պայքարը:

Այսօր հարկ եմ զգում մեր ժողովրդի անունից ողջունելու մեր նահատակներին, ողջունելու բոլորին, չմոռանալով ոչ մէկին:

Ողջունում եմ՝ իմ տկար ձայնը միացնելով իմ ժողովրդի հզօր ձայնին՝ Հայոց Ցեղասպանութեան 100-րդ տարելիցի սեմին:

Ողջո՜յն ձեզ, նահատակ հոգեւորականներ

Դուք մեր ժողովրդի ծոցից ծնւած եւ ուռճացած անբաժանելի եւ բաղկացուցիչ տարրն էք մեր ժողովրդի:

Դուք եղաք հովիւ, ուսուցիչ, քարոզիչ, տեսուչ, խմբագիր, հեղինակ, բանաստեղծ ու երգիչ: Դուք եղաք մի ժողովրդի՝ հաւատի, մտքի, խօսքի եւ ուժի սերմնացանները:

Դուք եղաք մեր ժողովրդի արթուն եւ գիտակից պահակը, որն իսկ ձեզ դատապարտեց ամենադաժան մահապատժի:

Դժոխային վայրագութեան եւ ոճրագործութեան ահաւոր սպանդի մէջ ենթարկւեցիք թուրքի բռունցքին, թքին ու մրին, պարզապէս որովհետեւ եկեղեցականի սքեմն էիք հագած եւ մանաւանդ ժողովրդին յոյս ու հաւատ ներշնչելու, տոկունութիւն քարոզելու «յանցանք»-ն էիք գործել: Հայութեան ուղղւած առաջին հարւածը ձեզ բաժին հասաւ: Արիւնարբու թշնամին իր սուրը ձեր սրտին խրեց: Սակայն, դուք մնացիք պատնէշի վրայ, մնացիք հաստատ Ձեր հաւատքի, ազգային արժանապատւութեան մէջ:

Այսօր 99 տարիներ յետոյ, երբ կանգնած ենք Ցեղասպանութեան 100-րդ տարելիցի սեմին, ձեր պատգամն է հնչում՝ ուղղւած հոգեւորականներին. «Մնացէք Ձեր կոչման մէջ հաստատ, եղէք հաւատարիմ ծառան մեր ժողովրդի, հաւատ ու յոյս ներշնչէք եւ ազգային արժանապատւութիւնը բարձր պահէք»:

Ողջո՜յն Ձեզ, նահատակ մտաւորականներ

Դուք մեր ժողովրդի միտքը արթուն պահող ջահակիրները եղաք:

Դուք ջահերը եղաք՝ լոյս տւող մեր ժողովրդի խորանին:

Դուք սերունդներ դաստիարակող ուսուցիչները եղաք:

Դուք Մեսրոպ Մաշտոցի, Սահակ Պարթեւի, Նարեկացիների, Շնորհալիների հանճարեղ խօսքերը փոխանցողները եղաք:

Դուք եղաք ժայռացած պատւար՝ բոլոր տեսակի փորձութիւնների եւ փորձանքների դիմաց:

Դուք հետամուտ եղաք բարիին, իմաստունին, արդարին, վսեմին ու քաջութեան:

Հայոց լեզւի, մշակոյթի, գիր ու գրականութեան սրբազան աւանդը, գանձը պահպանողները եղաք ու գալիք սերունդներին փոխանցելու հրամայականը ձեր պարտքը համարեցիք:

Սակայն, աւա՜ղ, կիսատ մնաց ձեր աշխատանքը, փակեցին Ձեր շուրթերը եւ ձեզ աքսորեցին, կախաղան բարձրացրին ու գլխատեցին, անթաղ գերեզմանների վերածեցին:

Այսօր մեր մտաւորականները, ուսուցիչներն ու դաստիարակները, գիր ու գրականութեան մշակները ձեր կոչն են լսում. «Չխուսափէք մեր աւանդից, այդ աւանդը փոխանցեցէք եկող սերունդներին, անտարբեր չլինելու հայ գրի, լեզւի ու մշակոյթի նկատմամբ: Մնացէք ռահվիրաններն ու նւիրեալները՝ նոր սերունդներին հրաւիրելու արթնութեան, իմաստութեան եւ հանճարեղ խօսքի իմացութեան:

Ողջո՜յն Ձեզ, նահատակ հայրեր ու մայրեր

Դուք Աստւածածնի օրհնութեամբ միացած անբաժանելի մի ուժ էք կազմում: Հայրը հիմքն է ու մայրը սիւնն է ընտանիքի: Դուք իրարով էք ամբողջանում:

Դուք եղաք ծնողներ պատմութեան, ծնեցիք սիրասուն զաւակներ ու պարգեւեցիք մեր թորգոմեան ազգին:

Սիրելի հայրեր, դուք եղաք հերոսներ ձեր զաւակների համար, եղաք անպարտելի զօրութեան խորհրդանիշ: Դուք եղաք յոյսի, զգօնութեան, քաջութեան ու վստահութեան ներշնչարան ձեր զաւակների համար:

Դուք սիրելի մայրեր, եղաք խորհրդանիշը համբերութեան, սիրոյ, քնքշութեան, նւիրման ու զոհողութեան: Դուք եղաք դաստիարակներ քրիստոնէական արժէքների ու առաքինութիւնների: Դուք եղաք պաշտելի մայրեր, Դեր Զորի անապատների աւազների վրայ Այբ, բեն, գիմ սովորեցրիք ձեր զաւակներին՝ դառնալով եկեղեցի ու դպրոց: Տարագրութեան ճանապարհին չկորցրիք ձեր հաւատը, կամքն ու սէրը ու կիսամեռ վիճակում պաշտպանեցիք ձեր զաւակներին՝ գիշատիչ գազաններից: Դուք տեսաք զրկանք ու ցաւ, տառապանք, բայց չկորցրիք ձեր ազնւութիւնն ու բարութիւնը եւ մնացիք առաքինի մայրեր:

Նահատա՛կ հայ մայրեր ու հայրեր, դուք խօսում էք այսօր եւս մեր հայրերին ու մայրերին, որոնք լսում են ձեր ձայնը. «Հաւատարիմ մնացէք մեր բացած ճանապարհին, չդառնաք գերին հաճոյապաշտ կեանքի, այլ պահէք սրբութիւնը ընտանիքի, մնաք պահապանները հայկական սրբութեանց ու աւանդութեանց»:

Ողջո՜յն Ձեզ, նահատակ պապիկներ եւ մամիկներ

Դուք վաստակաշատ եւ երախտարժան ծնողները ազգիս, դուք նաեւ անմասն չմնացիք ու ապրեցիք հայ ժողովրդի ճակատագրի դառն ու լեղի օրերը, տարիների ծանր բեռան տակ կքած դարձաք նահատակ՝ հեռու ձեր զաւակներից ու թոռներից:

Այսօրւայ պապիկներն ու մամիկները լսում են ձեր պատգամը՝ «օրհնութիւն, մեր օրհնութիւնը բաշխեցէք ձեր զաւակներին ու թոռներին, որ մնան ուխտապահ եւ ամրօրէն կառչեն մեր ազգային աւանդին ու արդար իրաւունքներին»:

Ողջո՜յն Ձեզ, նահատակ մանուկնե՛ր ու պատանինե՛ր

Դուք խորհրդանիշը եղաք անմեղութեան, մաքրութեան ու սրբութեան: Ձեր աչքերը բացեցիք հայ ընտանիքում ու դաստիարակւեցիք քրիստոնէական արժէքներով ու ազգային վեհ գաղափարներով:

Դուք պիտի դառնայիք հայ ազգը ապագային տանող ու առաջնորդող յոյսն ու ապաւէնը, սակայն արիւնարբու թշնամին՝ թուրքը, չխղճաց նաեւ ձեզ, ձեր մայրերի գրկից խլեց, ձեզ խոցոտեց ու դարձրեց օտարի սեփականութիւնը, դարձրեց որբ ու անտուն: Շատ-շատերդ մնացիք առանց հարազատ մօր կաթի ու սնունդի, անօթի ու ծարաւ՝ ձեր մայրերի գրկում հրաժեշտ տւեցիք այս աշխարհին՝ բողբոջ ու ծաղիկ հասակում: Այժմ, խնդրում եմ, խօսէ՛ք մեր նոր մանուկներին ու պատանիներին՝ դաստիարակւելու հարազատ ծնողների շնչով եւ հեռու մնալու քանդիչ ու վնասաբեր միջավայրերից: Խօսէք, որ նրանք հայ դպրոցը իրենց երկրորդ տունը համարեն՝ այտեղ սնւելու, աճելու եւ մեծանալու՝ արժանաւոր ժառանգորդը դառնալու Սահակ-Մեսրոպների եւ նոր Վարդանների:

Ողջո՜յն Ձեզ, նահատակ երիտասարդներ եւ զինւորներ

Դուք ստեղծագործ ուժն էիք մեր ազգի, մեր ժողովրդի գոյութիւնն ու շարունակականութիւնն ապահովող գրաւականն էիք: Աւաղ, թուրքի եաթաղանի տակ ընկաք, ձեր երազնե՜րն ու իղձե՜րը դեռ չիրագործած: Դեռ «արեան կանչեր ունէիք ձեր սրտում, անկատար տենչեր»... Դուք հայրենի հողի պաշտպան հայ ազգի, պատւի ու արժանապատւութեան հսկիչնե՛ր... Սակայն, ականջ տալով ժողովրդի ձայնին, դուք եւս ասացիք. «Ամենայն տեղ մահը մի է, մարդ մի անգամ պի՛տ մեռնի, բայց երանի՜ որ իւր ազգի ազատութեան կը զոհւի»: Ու զոհւեցիք, «Ընկաք, բայց չկորաք»: Այսօր ձեր ձայնին կարօտ է մեր երիտասարդութիւնը, լսում է ձեր պատգամը, որ հնչում է հարիւրամեակից ի վեր.

Արթուն, իմաստուն եւ քաջարի եղէք, երազ ու տեսիլք ունեցէք: Դժւարութիւններից չընկճւէք, այլ նեղութեանց դէմ պայքարէք, հայրենիքի հզօրացման գործին նպաստէք, Հայ Դատի ու մեր ժողովրդի արդար իրաւունքների պահանջատէրը եղէք: Քաջարի հայ զինւորներ, եղէք միակամ պաշտպանը հայ հողի: Քայլեցէ՛ք յաղթական, քայլեցէ՛ք անսասան եւ անպայման յետ բերէք Արարատը:

Այս է ճանապարհը հայութեան... յաւերժութեան:

Փա՜ռք Ձեզ սիրելի նահատակներ:

Կամք ու կորով ձեզ վերյառնած զաւակներ ազգիս հայոց, շարունակէք պայքարը՝ ի խնդիր մեր արդար իրաւունքների վերատիրացման, պայքարը՝ ի խնդիր մեր ազգի արժանապատւութեան, պայքարը՝ ի խնդիր նոյն եւ մէկ ու ամբողջական հայութեան ու հայրենիքի:

 
23 ապրիլի 2014
Նոր Ջուղա

 
Persian   Armenian

Ֆոտօռեպորտաժ

Տեսաֆիլմ