ԱՌԱՋՆՈՐԴ ՍՐԲԱԶԱՆ ՀՕՐ Ս. ԶԱՏԿՒԱՅ ՊԱՏԳԱՄԸ

 

ՔՐԻՍՏՈՍԻ ՅԱՐՈՒԹԻՒՆԸ ՍԿԻԶԲ՝ ՄԻ ՆՈՐ ԿԵԱՆՔԻ

 
«Մկրտութեամբ թաղւեցինք Նրա հետ միասին եւ հաղորդ եղանք մահւանը,
որպէսզի ինչպէս որ Քրիստոսը մեռելներից յարութիւն առաւ Հօր փառքով,
նոյնպէս եւ մենք ապրենք մի նոր կեանքով» (Հռ 5.4):
 

Պօղոս առաքեալը հռոմէացիներին ուղղած իր նամակում խորիմաստ բառերով արտայայտւում է եւ թելադրում է մեղանչական մարդուն՝ հոգեւորապէս մկրտւելու, սրբւելու եւ մաքրւելու մեղքի աղտեղութիւնից:

Քառասնօրեայ Մեծ պահոց շրջանը համբերութեամբ եւ զգաստութեամբ աւարտեցինք: Մեծ պահոց շրջանին բոլորս անդրադարձանք աստւածային, դրախտային կեանքի պարգեւած ուրախութեանը, բայց միաժամանակ ականջալուր եղանք Աւետարանի ճամբով, թէ՝ ինչպէս մարդը անհնազանդւելով աստւածային կամքին եւ օրէնքին, չպահելով Աստծու պատւիրանը՝ կորցրեց դրախտային կեանքի ուրախութիւնն ու երջանկութիւնը, միաժամանակ անդրադարձանք, որ մարդը կարելիութիւնն ունի վերատիրանալու իր երջանկութեանը: Անառակ որդու նման մարդը հեռացաւ Աստծու տնից եւ օրէնքից, ընկաւ մեղքի տիղմի մէջ եւ մի պահ կորցրեց իր ուրախութիւնը, ազատութիւնն ու անդորրութիւնը: Մարդը մի պահ կորցրեց Աստծու տւած առաջին պատմուճանը հագնելու ուրախութիւնը եւ մարդու մէջ խաթարւեց Աստծու իսկական պատկերը:

Քառասնօրեայ պահեցողութեան այս շրջանը, լաւագոյն առիթն էր՝ մտածելու, անդրադառնալու, անձը քննելու, անառակ որդու նման վերադարձի ճամբան փնտռելու եւ գտնելու, սխալը սրբագրելու, մեղքը խոստովանելու եւ կեանքի ընթացքը փոխելու: Աստւած անառակ որդու հօր նման, որպէս մեր բոլորի Հայրը, ամենողորմ Տէրը, սպասում է մեզ, սպասում է մեր վերադարձին, մեր զղջումին եւ խոստովանութեանը: Ճիշտ այս պատճառով Պօղոս առաքեալը թելադրում է մեզ նախ՝ հոգեւորապէս մկրտւել: Իւրաքանչիւր երախայ, որ ծնւում է այս աշխարհում, եւ պատրաստ է անդամակցելու քրիստոնէական սուրբ եկեղեցուն եւ դառնալու ժառանգակիցը Քրիստոսի, պէտք է ընդունի առաջին խորհուրդը՝ Մկրտութիւնը: Մկրտութիւնն ուրիշ բան չէ եթէ ոչ՝ ջրով լւացում, որը խորհրդանիշ է մաքրութեան: Մկրտութեան ջրի մէջ երեք անգամ ընկղմումով մարդը «մեռնում է» Քրիստոսի հետ, «խաչւում է» Քրիստոսի հետ եւ ապա «յարութիւն է առնում» Քրիստոսի հետ: Նա դառնում է նոր մարդ՝ սրբւած իր սկզբնական եւ ադամական մեղքերից, տնկակից է դառնում Քրիստոսին, ինչպէս Պօղոս առաքեալը հաստատում է կորնթացիներին ուղղած իր երկրորդ նամակում՝ ասելով. «Որեւէ մէկը, որ միացած է Քրիստոսին, նոր արարած է. նա այլեւս այն չէ, ինչ որ նախապէս էր, որովհետեւ նա ամբողջութեամբ նորոգւեց» (Բ.Կր 5.17): Մի մարդու պատճառով մեղքը մուտք գործեց աշխարհ եւ այդ իսկ պատճառով մահը տիրեց աշխարհում: Դարձեալ մի մարդու պատճառով ամենքը մեռան եւ սակայն մի Մարդու պատճառով աստւածային շնորհը տարածւեց եւ առաւել կեանքը տիրեց աշխարհում:

Յիսուս Քրիստոսն աշխարհ եկաւ մարդու փրկութեան համար: Նա աշխարհ եկաւ հեռացած մարդուն Աստծուն մօտեցնելու: Նա աշխարհ եկաւ մեղքի տիղմի մէջ ընկղմւած մարդուն բարձրացնելու: Նա աշխարհ եկաւ որպէս Գառն Աստծու՝ զոհագործւելու, խաչւելու, թաղւելու եւ Իր հետ միանգամընդմիշտ գերեզմանելու մարդկութեան ուսերի վրայ ծանրացած մեղքը: Սակայն երեք օր յետոյ Նա յարութիւն առաւ մեռելներից՝ մարդկութեանը նոր կեանք պարգեւելու եւ առաջնորդելու դէպի յաւիտենական ուրախութիւն եւ փրկութիւն:

Պօղոս առաքեալը նոյն համարում մեզ թելադրում է հաղորդ դառնալ Քրիստոսի մահւան հետ: Հաղորդ դառնալ Քրիստոսի մահւան հետ նշանակում է՝ մեռնել Քրիստոսի հետ: Երբ հաւատում ենք Քրիստոսին, նշանակում է՝ որ մեր մէջ մեռնում է «մեղաւոր անձը». սկզբում բոլորս էլ երեխաներ էինք, այժմ հասունացել եւ գիտակից ենք: Սկզբնապէս բոլորս էլ ծառաներ եւ գերիներ էինք մեղքին, չարին եւ չարութեանը: Սակայն Քրիստոսի նման մեռնելով միայն կարող ենք ազատւել մեղքի ծանրութիւնից եւ տիրապետութիւնից, կարող ենք ազատւել մեղքի զօրութիւնից եւ միանգամընդմիշտ հեռանալ մեղքի նետարձակումներից: Այլեւս չպէտք է ապրենք մեղքի ծառաների նման, այլ ապրենք Աստծուն ժառանգակից որդիների նման:

Պօղոս առաքեալը նոյն համարում հաստատում է, որ մեր Տիրոջ՝ Յիսուս Քրիստոսի յարութիւնը տեղի ունեցաւ Հօր փառքով: Փառաւոր եւ հրաշափառ յարութիւնը տեղի չունեցած, Աւետարանները նկարագրում են մեզ թէ ինչպէս հրեայ իշխանաւորներն ի վերջոյ որոշեցին Յիսուս Քրիստոսին մէջտեղից վերացնել: Նրանք ամէն ճիգ թափեցին մի յանցանքով մեղադրել Քրիստոսին. ուզում էին ձերբակալել Նրան ու դատապարտել մահւան, բայց վախենում էին ամբոխից, սակայն պահը հասաւ, երբ Քրիստոսն Իր իսկ աշակերտի կողմից մատնւեց, ձերբակալւեց ու դատապարտւեց, Նրան Պիղատոսին յանձնեցին եւ սակայն Պիղատոսը որեւէ յանցանք չգտնելով Նրա վրայ, իր ձեռքերը լւաց եւ Նրան յանձնեց ժողովրդի ընտրութեանն ու որոշմանը: Նոյն ամբոխը, որ մի քանի օր առաջ «Ովսաննա»-ներով, սաղմոսներով եւ օրհներգութիւններով դիմաւորել էր Նրա յաղթական մուտքը Երուսաղէմ, նոյն այդ ամբոխը ազատ է արձակում ոճրագործին՝ Բառնաբային եւ մահւան է դատապարտում անմեղին՝ Աստւածորդուն՝ «Խաչի՛ր Նրան» բացագանչութեամբ:

Այո՛, Աստծու կամքն իրականանալու համար Քրիստոսը սիրայօժար խաչ բարձրացաւ եւ խաչի վրայից ներեց բոլոր նրանց՝ ովքեր յանցանք էին գործել եւ նոյնիսկ Իր կողքի խաչեալին՝ աւազակին ներեց՝ ասելով. «Այսօր իսկ, Ինձ հետ կը լինես Արքայութեան մէջ», եւ Նա խաչի վրայ Իր անարատ բազուկները տարածեց եւ Իր մահկանացուն կնքեց: Մի պահ աշակերտները յուսալքւեցին, ուրացան եւ հեռացան խաչելութեան վայրից: Զարմանալին պատահեց. Նա՝ ով կեանքի պարգեւ էր տալիս բոլորին, Ինքը որպէս պարգեւ խնդրւեց Յովսէփ Արեմաթացու կողմից, ով ստանալով Նրա մարմինը, կտաւով փաթաթեց եւ իր սեփական կոյս գերեզմանի մէջ թաղեց ու մի մեծ քար գլորեց մուտքի վրայ, որտեղ զինւորները գիշեր-ցերեկ հսկեցին վայրը: Երրորդ օրը տեղի ունեցաւ մեծագոյն հրաշքը, հրաշքների հրաշքը. Քրիստոս խորտակեց դժոխքի դռները, մահւան վրայ յաղթանակ տարեց եւ յաղթական դուրս եկաւ գերեզմանից՝ նոր եւ առաւել կեանք պարգեւելու այն մարդուն, որ պատրաստ էր Իր հետ մեռնելու, թաղւելու եւ մանաւանդ Իր հետ յարութիւն առնելու:

Քրիստոս կատարեալ մարմնով յարութիւն առաւ եւ առաջին անգամ երեւաց իւղաբեր կանանց եւ ապա աշակերտներին: Հրեշտակները մեծագոյն աւետիսը տւեցին աշխարհին, որ «Նա այստեղ չէ, այլ յարութիւն առաւ»: Ահաւասիկ այսպէս տեղի ունեցաւ յարութիւնը Քրիստոսի՝ աստւածային փառքով եւ պատւով: Նրա երկրային ամբողջ կեանքը լեցուն էր աղքատութեամբ, զրպարտութեամբ, վշտով, դատապարտութեամբ, թուքով, եւ խաչելութեամբ, որ վերացաւ միայն Իր յարութեան փառքով:

Ի վերջոյ Պօղոս առաքեալը թելադրում է մեզ ապրել մի նոր կեանք: Այնպէս ինչպէս Քրիստոսը պէտք է մեռնէր՝ մեռելներից յարութիւն առնելու համար, մենք եւս պէտք է մեռնենք՝ թօթափելու համար հին մարդը՝ մեղանչական մարդը, որպէսզի յարութիւն առնենք Քրիստոսով՝ ապրելու համար մի նոր կեանք: Անպէս ինչպէս Պօղոս առաքեալը եփեսացիներին գրած իր նամակում ասում է. «Եղէ՛ք նոր մարդ՝ ստեղծւած Աստծու պատկերի համաձայն, եւ ճշմարիտ կեանքն ապրեցէք արդարութեամբ ու սրբութեամբ» (Եփ 4.24): Այսօր դիւրին չէ հին կեանքին վերջ տալ. յաճախ ասում ենք, որ մենք քրիստոնեայ ենք: Գիտակցո՞ւմ ենք, որ Քրիստոսը որպէս Փրկիչ եկաւ մեզ մահւան ճիրաններից ազատագրելու: Այսօր կարո՞ղ ենք ասել, որ «մահացել ենք» Քրիստոսի հետ. ասինքն՝ թօթափե՞լ ենք հին մարդը, ազատւե՞լ ենք մեղքի ծանրութիւնից եւ տիրապետութիւնից, պատրա՞ստ ենք Քրիստոսի համար չարչարւելու, որպէս մեղաւորներ՝ խաչ բարձրանալու, մեր մեղանչական մարմինը թաղելու, որպէսզի կարողանանք Քրիստոսի հետ յարութիւն առնել եւ ապրել մի նոր կեանք: Իսկ եթէ գիտակցաբար շարունակենք մեր հին կեանքը՝ մեղանչական կեանքը, նշանակում է, որ մեր մէջ հին մարդը «չի մահացել», նշանակում է, որ մենք չենք հաւատում եւ չենք ճանաչում Քրիստոսին. «Ով միացած է մնում Քրիստոսին, նա չի մեղանչում, իսկ ով մեղանչում է, Նրան երբեք չի տեսել ու չի ճանաչել» (Ա.Յհ 3.6): Լինել Քրիստոսի մէջ, նշանակում է՝ միանալ Քրիստոսին, ով մեզ յաւիտենական կեանք է տալիս: Իսկ երբ լինենք մեղքի մէջ, Նա ի՞նչ կը տայ մեզ, եթէ ոչ միայն՝ յաւիտենական դատապարտում եւ մահ. «Որովհետեւ մեղքի վարձը մահն է, մինչդեռ Աստւած, որպէս ձրի պարգեւ՝ յաւիտենական կեանքն է տալիս մեր Տիրոջ՝ Յիսուս Քրիստոսի միջոցով» (Հռ 6.23):

Ահաւասիկ պատգամը Քրիստոսի հրաշափառ յարութեան: Հայ ժողովուրդը առաջին ազգը հանդիսացաւ, որ հոգեւորապէս մկրտւեց, ընդունեց քրիստոնէութիւնը, դարձաւ ժառանգակիցը Քրիստոսի, ճանաչեց ու հաւատաց Նրան, մեռաւ Նրա համար, թօթափեց հին մարդը՝ մեղանչական մարդը իր վրայից, կրեց ամէն տեսակի տառապանք եւ նեղութիւն, ցեղասպանութեան ենթարկւեց ու նահատակւեց, քայլեց Գողգոթայի ճանապարհով, խաչ բարձրացաւ, թաղւեց Քրիստոսի հետ, բայց հաւատաց բացւող արշալոյսին, հրաշափառ յարութեանը եւ յարութեամբ տրւած նոր եւ առաւել կեանքին: Այսօր մենք ո՞ր ճանապարհից ենք քայլելու. հին մեղանչակա՞ն կեանքի, թէ՝ յաւիտենական Արդարի՝ յարութեամբ նոր կեանք պարգեւող Նոր Ադամի՝ Քրիստոսի ճանապարհից՝ յաւիտենական կեանքը եւ երջանկութիւնը ժառանգելու:

Ազգովին վերանորոգենք մեր հաւատը, յարութեան շնչով քայլենք դէպի պայծառ ապագայ, եւ յարութեան փառքով դէպի լուսաւոր ճանապարհ:

 
*  *  *
 

Սիրելի՛ Հարազատներ,

Յարութեան լուսապայծառ այս առաւօտեան սրտանց ողջունում եմ բոլորիդ՝ հոգեւորականաց դասին, Պատգամաւորական Ժողովի անդամներին, Կրօնական եւ Թեմական խորհուրդներին, ազգային-եկեղեցական մարմիններին, կրթական, բարեսիրական, կանանց, երիտասարդական, մարզական եւ մշակութային միութիւններին, կազմակերպութիւններին, ազգային վարժարանների եւ Կիրակնօրեայ դպրոցների ուսուցչական կազմերին եւ ուսանողութեան, Ծնողական խորհուրդներին, եկեղեցու սպասաւորներին, դպրաց դասերին, ազգային հաստատութիւններին եւ մեր ժողովրդի բոլոր զաւակներին՝ անխտիր:

 
Քրիստոս յարեաւ ի մեռելոց:
Օրհնեալ է Յարութիւնն Քրիստոսի:
 
Սիրոյ  ջերմ  ողջունիւ՝
ԲԱԲԳԷՆ ԵՊՍ. ՉԱՐԵԱՆ
ԱՌԱՋՆՈՐԴ ՍՊԱՀԱՆԻ ՀԱՅՈՑ ԹԵՄԻ
 
Ս. Զատիկ, 2014

 
Persian   Armenian

Ֆոտօռեպորտաժ

Տեսաֆիլմ