ԱՌԱՋՆՈՐԴ ՍՐԲԱԶԱՆ ՀՕՐ ՊԱՏԳԱՄԸ 2014-Ի Ս. ԾՆՆԴԵԱՆ ԵՒ ԱՍՏՒԱԾԱՅԱՅՏՆՈՒԹԵԱՆ ՏՕՆԵՐԻ ԱՌԹԻՒ

ԱՐԵՒԱԾԱԳ՝

ԲԵԹՂԵՀԵՄԵԱՆ ԵՐԿՆԱԿԱՄԱՐԻ ՎՐԱՅ

 
«Քանզի Աստւած իր գթառատ ողորմութեամբ իբրեւ արեգակ՝ երկնքից պիտի ծագի մեզ վրայ եւ յայտնւի մեզ. մենք, որ մնում էինք խաւարում եւ մահւան ստւերի տակ, որպէսզի մեր ոտքերն ուղղի դէպի ճանապարհը խաղաղութեան»:
(Ղկ 1.78-79)

Դարձեալ մի Նոր տարի:

Մի նոր թւական:

Մի նոր արշալոյս:

Մի նոր արեւածագ բեթղեհեմեան երկնակամարի վրայ:

Ինչպիսի՜ մեծ հրաշք, Աստւած բարձունքից այցելեց մեզ:

Նա իջաւ բարձունքից: Արեւածագ տեղի ունեցաւ: Արեւածագը այն պահն է, երբ արեւը յայտնւում է հորիզոնի վրայ: Գիշերը դրսում խաւար է ամէն կողմ, կարծէք առաւօտն երբէք չի բացւելու: Ժամերն անցնում են, տակաւին լոյս չկայ: Սակայն, երբ մի քիչ աւելի սպասենք կը տեսնենք, որ արեւը վերջապէս սկսում է իր արագ հայեացքով երեւալ երկրի ծայրում, եւ լոյսի իր շողերըը կամաց-կամաց թափանցում են մթնշաղից, հեռացնելով խաւարը:

«Իբրեւ Արեգակ՝ երկնքից պիտի ծագի մեզ վրայ եւ յայտնւի մեզ»:

Ճիշդ այսպէս տեղի ունեցաւ Քրիստոսի գալուստը այս աշխարհ: Խաւարի մէջ նստած ժողովուրդներ երկա՜ր-երկա՜ր սպասեցին Արեւածագին. արեւածագ, որ լոյս սփռեց խաւարի մէջ ապրող մարդկանց վրայ: Մի խօսքով, Լոյսը, Ծագող Արեգակը երկնքից ցած իջաւ՝ լուսաւորելու համար խաւարի եւ մահւան ստւերի տակ ապրողներին, նրանց ոտքերի առաջ լուսաւորելու կեանքի ճանապարհը, առաջնորդելու դէպի խաղաղութիւն, երանութիւն:

Ինչո՞ւ Աստւած փրկիչներ ուղարկեց եւ ժամանակի մէկ երանելի կէտին մի Փրկիչ ուղարկելու խոստումը տւեց:

Ինչո՞ւ Աստւածորդին աշխարհ եկաւ: 

Աստւած ինչո՞ւ մարդեղացաւ:

Որովհետեւ մարդը մեղքի տիղմի մէջ էր ընկղմւել: 

Որովհետեւ մարդը խաւարի մէջ էր ապրում:

Որովհետեւ մարդն անօգնական էր, եւ պէտք ունէր փրկարար ձեռքի, պէտք ունէր օժանդակ ձեռքի, նրան ձերբազատելու այդ անկեալ վիճակից, խաւարից առաջնորդելու լոյսին, ազատագրելու մեղքի ճիրաններից եւ փրկութեան ճանապարհով հասցնելու Իրեն՝ Ամենակալին: 

«Այն ժողովուրդը, որ խաւարի մէջ էր ապրում, տեսաւ մի մեծ լոյս, եւ լոյս ծագեց նրանց համար, որ ապրում էին մահւան աշխարհի ու ստւերի մէջ» (Մտ 4.16):

Մի խօսքով մարդը պէտք ունէր ծագող արեգակի, առաւօտեան բացւող արշալոյսին՝ այդ լոյսով լուսաւորելու իր խաւարացած սիրտն ու հոգին:

Երբ լոյսն է բացւում, ամէն ինչ տարբեր է երեւում, հարազատութեամբ ու ճշմարիտ:

Երբ լոյսն է բացւում, մեր խնդիրներն իրենց իսկոթեամբ են երեւում:

Երբ լոյսն է բացւում, քաջութիւնն է լցնում մեր սրտերը՝ շարունակելու մեր օրը, աշխատանքը, նւիրումն ու ծառայութիւնը՝ աւելի նպատակադրւած ու նպատակաուղղւած, շարունակելու մեր կեանքը, յաղթական երթը դէպի ճանապարհը խաղաղութեան:

Քրիստոս է ճշմարիտ, յաւիտենական եւ մշտնջենական լոյսը:

Նա, երբ Իր աստւածային բարձունքից խոնարհւեց, եկաւ այս աշխարհ, իբրեւ լոյս, ամէն ինչ փոխւեց. ոչինչ այլեւս չմնաց նոյնը:

Մեր կեանքում շատ մեծ մութ անկիւններ ունենք. «Մենք, որ մնում էինք խաւարում եւ մահւան ստւերի տակ»: Չկայ աւելի մռայլ վայր, քան մեր մեղքերի անդունդը: Բոլորս էլ ծանրացել ենք մեղքերի բեռան տակ, սակայն շատ յաճախ չենք իմանում ի՞նչ անել: Երբ Քրիստոսն Իր լոյսը շողացնի մեզ վրայ, Նա չի դատապարտելու մեզ, այլ ասելու է. «Ինձ եկէ՛ք, հաւատացէ՛ք Ինձ, վստահէ՛ք Ինձ»: Եւ երբ մենք կատարենք Նրա ասածները, մեր մեղքերը վերջնականապէս կը ներւեն եւ մենք կը թեթեւանանք մեղքի ծանրութիւնից:

Քրիստոսն երբ եկաւ այս աշխարհ, մահւան ստւերն ընդմիշտ հեռացաւ:

Երբ Նա եկաւ, մեր մեղքերն Իր վրայ վերցրեց եւ մեզ միանգամայն ազատեց:

Երբ Նա եկաւ, մեր ոտքերը գտան խաղաղութեան որոնւած ճանապարհը: Նա եկաւ «որպէսզի մեր ոտքերն ուղղի դէպի ճանապարհը խաղաղութեան»: 

Նայե՛նք Արեւին: 

Այո՛, Քրիստոս է յաւիտենական լոյսը եւ ճշմարիտ ուղին բոլոր նրանց համար, ովքեր կորցրել են իրենց ճանապարհը: Նա մարդկանց դէպի խաղաղութեան ճանապարհն է առաջնորդում, Աստծուց հեռացած մարդուն Աստծուն վերադարձնում՝ Հօր Աստծու հետ հաշտեցնելու: Եւ «հիմա, որ հաւատով արդարացած ենք, այլեւս հաշտւած ենք Աստծու հետ մեր Տիրոջ՝ Յիսուս Քրիստոսի միջոցով» (Հռ 5.1):

Նայե՛նք Արեւին:

Ս. Ծննդեան առաջին առաւօտեան Արեւն իմանալիօրէն փայլեց Բեթղեհէմի երկնակամարի վրայ: 

Այսօր, Բեթղեհէմի մսուրից շողարձակւող լոյսը տարածւում է ամբողջ աշխահի վրայ, որպէսզի խաւարի մէջ ապրողները դուրս գան մեղքի տիղմից, որպէսզի յուսադրւեն նրանք, ովքեր տակաւին իրենց կեանքի իսկական ուղղին չեն գտել:

Ս. Ծննդեան առաջին առաւօտեան Արեւը գեղեցկօրէն փայլեց Բեթղեհէմի երկնակամարին վրայ: 

Նայե՛նք Արեւին:

Նայե՛նք Միածին Որդուն:

Եւ այսօր, այս մեծ խորհրդի տօնին, եկէք հարց տանք՝ երբեւիցէ Քրիստոսի լոյսը փայլե՞լ է մեր սրտերում, թէ տակաւին խաւարի մէջ ենք ապրում, ծանրաբեռնւած մեղքերով: Ի՞նչ է լինելու մեր պատասխանը...: Մտածե՛նք այս պատասխանի մասին:

Քրիստոսի ծնունդը մշտագոյ ճշմարտութիւն է, Աստծու յաւերժական ու մշտական այցն է Իր ժողովրդին: Աւետիս է բոլորիս:

Ձեզ եւ մեզ մեծ աւետիս. երկնքից ծագող Արեգակը՝ Քրիստոսն այստեղ է, եկել է կրկին մեզ ացելելու: Կարո՞ղ ենք ամէն ինչ թողնել եւ ընդառաջ գնալ Նրան. թէ զբաղւած ենք մեր հոգսերով միայն, եւ խանգարւում ենք երկնային այս այցով: Հրաւէրն ուղղւած է իւրաքանչիւրիս, երբէք չպատճառաբանենք որ «նոր արտ ենք գնել», «նոր եզներ ենք գնել» եւ կամ «նոր ենք ամուսնացել» ժամանակ չունենք:

Ձեզ եւ մեզ մեծ աւետիս. երկնքից լոյսը երկիր է իջել, կարո՞ղ ենք մեր աչքերը բանալ եւ տեսնել:

Ձեզ եւ մեզ մեծ աւետիս. Բեթղեհէմի մսուրի մէջ ծնւած մանուկն է աշխարհի լոյսը, Արեգակը՝ աշխարհի ՓՐԿԻՉԸ:

***

Ս. Ծննդեան նւիրական այս առաւօտեան, սիրոյ իմ սրտագին ողջոյնս եմ ուղղում ձեզ՝ բոլորիդ, Պատգամաւորական ժողովի անդամներին, Կրօնական եւ Թեմական խորհուրդներին, հոգեւորականաց դասին, ազգային-եկեղեցական մարմիններին, կրթական, բարեսիրական, կանանց, երիտասարդական, մարզական եւ մշակութային միութիւններին, կազմակերպութիւններին, ազգային վարժարանների եւ Կիրակնօրեայ դպրոցների ուսուցչական կազմերին եւ ուսանողութեան, Ծնողական խորհուրդներին, եկեղեցու սպասաւորներին, դպրաց դասերին, ազգային հաստատութիւններին եւ մեր ժողովրդի բոլոր զաւակներին անխտիր: 

Ձեզ եւ մեզ մեծ աւետիս՝

Քրիստոս ծնւեց եւ յայտնւեց:

 
ԲԱԲԳԷՆ ԵՊՍ. ՉԱՐԵԱՆ
Առաջնորդ          
Սպահանի Հայոց Թեմի
 
6 յունւար 2014
Ս. Ամենափրկչեան Վանք
Նոր Ջուղա

 
Persian   Armenian

Ֆոտօռեպորտաժ

Տեսաֆիլմ