ԱՌԱՋՆՈՐԴ ՍՐԲԱԶԱՆ ՀՕՐ ՊԱՏԳԱՄԸ 2014-Ի ԱՄԱՆՈՐԻ ԱՌԹԻՒ

ՔՐԻՍՏՈՍԻ ՕՐԻՆԱԿՈՎ ՎԱԶԵԼ...

«Մեր աչքերն ուղղենք Յիսուսին՝ մեր հաւատի հիմնադրին, այն կատարելագործողին, ով իմանալով թէ ինչ ուրախութիւն է սպասում Իրեն, արհամարհեց ամօթը, յանձն առաւ խաչի վրայ մեռնելը եւ նստեց Աստծու աթոռի աջ կողմում»։

(Եբր 12.2)

Իւրաքանչիւր Նոր Տարւայ սկզբում հարկ է, որ մտածեմ, խորհեմ ու աղօթեմ՝ խօսելու մի նիւթի մասին, որ առաջնորդի մեզ՝ որպէս հաւատացեալների, գալիք նոր տարւայ կեանքն ըստ այնմ ապրելու: Եկէ՛ք այս տարի կենտրոնանանք Յիսուսի կեանքի վրայ եւ մեր հիմնական բանալին դարձնենք վերեւում յիշւած Պօղոս առաքեալի աստւածաշնչական համարը՝ ուղղւած եբրայեցի ժողովրդին, որպէս պատգամ: Նոյն հատւածի առաջին տողն ասում է մեզ. «Մեր աչքերն ուղղենք Յիսուսին»:

Քրիստոսին հետեւողի կեանքը նման է հոգեւոր մրցավազքի: Մրցավազքի ժամանակ պէտք է ամէն խոչնդոտ, որ խանգարում է մեզ, մի կողմ դնենք, աւելի արագ վազելու համար: Այդ խոչնդոտը հիմնականօրէն մեղքն է: Իւրաքանչիւր մեղք մի կողմ պէտք է գցենք, որքան էլ այն փոքր լինի: Որովհետեւ փոքր մեղքերը կամաց-կամաց մեծանում են եւ մեզ փորձութեան մէջ են ընկղմում: Քրիստոնէական հոգեւոր մրցավազքի ժամանակ, իւրաքանչիւր վազող, երբ իր աւարտին է հասնում, նոյն մրցանակին է տիրանում՝ յաւիտենական կեանքին: Հետեւաբար, երբ Յիսուս Քրիստոսի համար վազենք՝ արա՛գ վազենք եւ մեր հայեացքը Նրան դարձնենք, այսինքն՝ մեր աչքերը Յիսուս Քրիստոսին ուղղենք: Երբէք չշեղենք մեր հայեացքը, այլապէս չենք կարող հասնել մրցավազքի աւարտին:

Յիսուս Քրիստոսն է մեր հաւատի հեղինակը՝ առաջնորդը: Նա՛ դրեց հիմքը մեր հաւատի՝ Իր Ծնունդով...: Որովհետեւ Աստւած խոստացել էր Իր ժողովրդին մի Փրկիչ ուղարկել եւ Եսայի մարգարէի միջոցով ասում է ու Իր ասածը կատարւում է. «Ահա կոյսը պիտի յղիանայ եւ մի որդի պիտի ծնի, եւ նրան պիտի կոչեն Էմմանուէլ» (Մտ 1.23), որ նշանակում է՝ Աստւած մեզ հետ: 

Ամէն աւարտ ունի Նոր սկիզբ...ՆՈՐ ԾՆՈՒՆԴ:

Նա՛ դրեց հիմքը մեր հաւատի նաեւ՝ Իր մահով, Խաչելութեամբ եւ Յարութեամբ: Նա կարելի դարձրեց մեր փրկութիւնը: Հետեւաբար, Նա ոչ միայն հեղինակը, հիմնադիր առաջնորդն է մեր հաւատի, այլեւ կատարողն է, այսինքն՝ Նա հաւատի գերագոյն օրինակն է: Նա Գեթսեմանիի պարտէզում, Իր երկրաւոր կեանքի վերջին հանգրւանում կատարեալ հաւատով Ինքն Իրեն Աստծուն յանձնեց, երբ ասաց. «Հեռացրո՜ւ Ինձանից այս բաժակը, բայց ոչ թէ ինչպէս Ես եմ ուզում, այլ ինչպէս Դու ես ուզում» (Մր 14.36): Ոչ ոք Քրիստոսի նման չփորձւեց եւ նման փորձութեան միջով չանցաւ: Բոլորը լքել էին Նրան, նոյնիսկ աշակերտները հեռացել էին: Մինչեւ իսկ թւում էր, որ Աստւած էլ էր լքել Նրան, երբ Նա բարձրաձայն ասաց. «Աստւա՜ծ Իմ, Աստւա՜ծ Իմ, ինչո՞ւ լքեցիր Ինձ» (Մր 15.34): Այսուհանդերձ, Յիսուսն իմանալով, որ ինչ ուրախութիւն է սպասում Իրեն, յանձն առաւ խաչի մահը, ամօթն արհամարհելով: Որովհետեւ խաչը մահւան անարգ գործիք էր. յանցագործներն էին, որ խաչւում էին եւ դատապարտւում խաչելութեան: Խաչը խորհրդանիշն էր ցաւի, ամօթի եւ մերժումի: Ամենախիստ դատապարտեալ չարագործներին էր վերապահւած խաչելութիւնը: Հետեւաբար ո՞ւր էր ուրախութիւնը նման ձեւի մահւան: Պատասխանը յստակ է բնականօրէն. ո՛չ մէկ ուրախութիւն խաչելութեամբ մահւան մէջ: Սակայն Քրիստոս գնաց մահւան գիրկը, յանձն առաւ խաչի մահը, ամօթը, որպէսզի գերագոյն հաւատի օրինակը տայ մեզ, որ ամէն ինչից վեր է: Մէկ խօսքով՝ Նա մեր հաւատի կատարողն եղաւ, որին պէտք է հետեւենք: Նա կատարելագործւեց Իր կրած տառապանքի միջոցով. «Որովհետեւ Աստւած, որ Իր համար ստեղծեց եւ Իրենով է պահում ամէն ինչ՝ Իր փառքին մասնակից դարձնելու համար Իր բազում որդիներին, յարմար գտաւ, որ նրանց փրկութեան առաջնորդող Յիսուսն Ինքը օրինակ տայ՝ չարչարանքների միջոցով կատարելութեան հասնելու» (Եբր 2.10):

Հետեւաբար, հաստատակամ մնանք մեր հաւատի մէջ, որպէսզի Քրստոսին միանանք, Քրիստոսի հետ բարձրանանք. «Որովհետեւ, մենք այսուհետեւ մաս ենք կազմում Քրիստոսին, եթէ մինչեւ վերջ անխախտ պահենք սկզբից մեր ձեռք բերած վստահութիւնը» (Եբր 3.14):

Մի խօսքով՝ ուրախակից կը դառնանք Քրիստոսին, Նրա հետ թագաւորելու երկնքում: Այո՛, Նա ո՛չ միայն մեր հաւատի հիմնադիրն ու առաջնորդն է, այլ՝ կատարելագործողը, կատարելութեան հասցնողը:

Նա նստեց Աստծու աջ կողմը, տիեզերքի ամենապատւական տեղը: Սրանից աւելի բարձր տեղ եւ դիրք չկայ: Հետեւաբար, Քրիստոսին միանանք, Քրիստոսի հետ բարեկամանանք. Մէկը, որ Իր բարձրունքից պատրաստ է մեզ օգնելու եւ Իր շնորհքները բաժանելու մեզ, երբ կարիքն ունենք:

Ինչ որ կամենանք կարող ենք գտնել Քրիստոսի մէջ: Նա ունի ամբողջական յոյսը, սէրը, շնորհը, ուժը, զօրութիւնը, իմաստութիւնը, համբերութիւնը, առաջնորդութիւնը, ուրախութիւնը, տոկունութիւնը, ներողամտութիւնը, որոշումը, համարձակութիւնը եւ հեզութիւնը, այն ինչին, որին մենք կարիքն ունենք: Ամէն առաքինութիւն Նրա մէջ կը գտնենք: Ամէն լաւ բան որի կարիքն ունենք, Յիսուսն ունի Իր մէջ: 

Նա է մեր Փրկիչը, առաջնորդը մեր փրկութեան:

«Եկէք մեր աչքերը ուղղենք Յիսուսին», 

Որովհետեւ Նրա մէջ ուժ կայ, հետեւաբար՝ զօրանա՛նք Նրանով:

Նրա մէջ ճշմարտութիւն կայ, հետեւաբար՝ սովորե՛նք Իրենից եւ նայե՛նք Նրան:

Նրա մէջ շնորհ կայ, հետեւաբար՝ ստանա՛նք Իրենից:

Նրա մէջ անսահման հարստութիւն կայ, հետեւաբար՝ թօթափե՛նք աղքատութիւնը:

Նրա մէջ զօրութիւն կայ, հետեւաբար՝ տկա՛ր լինենք Իր նկատմամբ:

2014 տարին է բացւում մեր առաջ. նոր հորիզոններ, նոր յոյսեր, նոր մարտահրաւէրներ...

Մտաբերենք, որ ամէն օր մի նոր պատերազմի մէջ ենք ներքաշւելու, ամէն օր նոր մրցավազքի մէջ ենք լինելու: Սակայն, եթէ մեր հայեացքը սեւեռենք Յիսուս Քրիստոսին, չենք յուսահատւելու, չենք յոգնելու մեր վազքի մէջ, որովհետեւ այդ վազքը մեզ հասցնելու է դէպի Խաչ՝ վերջնագծին, որից յետոյ նստելու ենք Յիսուս Քրիստոսի կողքին՝ երկնքում, Դրախտում, ու մեր գործն աւարտին է հասնելու եւ շահելու ենք վերջնական յաղթանակը:

«Եկէք մեր աչքերը Յիսուսին ուղղենք» 2013 թւականի մայրամուտի եւ 2014 թւականի արշալոյսին: Եւ վստահ լինենք որ, Նա է մեր հաւատի Առաջնորդը, Նրանով միայն կարող ենք ժառանգել յաւիտենական կեանքը եւ Նրանով միայն կարող ենք բարձրանալ եւ ԿԱՏԱՐԵԼԱԳՈՐԾՒԵԼ...:

Տօնական այս օրերին մեր պարտքն է մտածելու մեր հարազատների ու բարեկամների մասին, մտածելու նաեւ տկարի, հիւանդի, կարօտեալի մասին, օգնելու նրանց եւ աղօթել նրանց համար, որպէսզի Աստւած նրանց քաջառողջ կեանք եւ հոգեկան խաղաղութիւն ու անդորրութիւն պարգեւի:

Նման հանգրւանում, հարկ է որ յիշենք նաեւ մեր ազգի բոլոր ննջեցեալներին եւ աղօթել նրանց հոգիների խաղաղութեան համար. նրանց՝ ովքեր անցեալ տարի մեզ հետ էին ու այսօր չկան: Դրանով մենք առաւել կը զօրանանք:

Մեծի Տանն Կիլիկիոյ հայրապետ Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա Կաթողիկոսը 2014 տարին յայտարարել է «Հայ Տարեցների Տարի»: Արդարեւ մի նոր աշխատանքի տարի է բացւել մեր բոլորի առաջ` յարգելու, պատւելու եւ յատուկ սէր տածելու տարեցներին:

Այս տարի նաեւ ս. Ամենափրկչեան Վանքի ս. Յովսէփ Արեմաթացի եկեղեցու շինութեան 350-ամեակն է: Արժանավայել ձեւով եւ մեծ հանդիսութեամբ ենք տօնելու մեր Վանքի եկեղեցու 350-ամեակը:

Թող Ամանորը հայ ժողովրդի համար բացի մի նոր ճանապարհ, առաւել յոյսով ու հաւատով քայլելու եւ բոլորելու նորանոր նւաճումներով արդիւնաշատ մի տարի:

Ջերմապէս մաղթում ենք, որ Տէրը ձեզ պարգեւի քաջառողջ կեանք ու արեւշատ օրեր:

Շնորհաւոր Նոր Տարի

Բաբգէն Եպս. Չարեան
Առաջնորդ
Սպահանի Հայոց Թեմի

1 յունւար 2014, Նոր Ջուղա


 
Persian   Armenian

Ֆոտօռեպորտաժ

Տեսաֆիլմ