ԱՌԱՋՆՈՐԴ ՍՐԲԱԶԱՆ ՀՕՐ ՊԱՏԳԱՄԸ 2015-Ի Ս. ԶԱՏԿԻ ՏՕՆԻ ԱՌԹԻՒ

ՅԱՐՈՒԹԵԱՆ ԱԿԱՆԱՏԵՍՆԵՐԸ
 
«Մահը կլանւեց, յաղթանակը շահւեց»։
(Ես 25.8)

Մարգարէների կանխասացութիւնը իրականացաւե՜ց, «Մահը կլանւե՜ց, յաղթանակը շահւե՜ց» (Ես 25.8): Այո՛ մահը նւաճւեց կեանքով եւ ահա՜ Յարութեան աւետիսն է որ հնչում է ամենուրեք:

Իր աւարտին հասաւ քառասնօրեայ պահեցողութեան ինքնապատրաստութեան եւ ինքնասրբագրման ժամանակաշրջանը:

Իր աւարտին հասաւ մեր հայրերի կողմից ճշտւած հաւաքական, հոգեւոր ուղեւորութեան ճանապարհորդութիւնը:

Սեւը, սուգը, խաւարը վերացւեց մեր եկեղեցիներից:

Վարագոյրը բացւեց մեղաւոր մարդու առաջ՝ ըմբոշխնելու իսկական ու վաւերական ճանապարհը, ճշմարտութիւնը եւ կեանքը:

Քանդւեց մարդու եւ Աստծու միջեւ կանգնած պատնէշը, վերացւեց արգելքը եւ արտօնւեց անառակ մարդուն վերդառանալու իր Հօր բնակարանը, ապրելու ուրախութիւնը աստւածատեսութեան եւ արժանի լինելու սրբութեան տաճարի մէջ ընդմիշտ բնակութիւն հաստատելու:

Մի խօսքով իւրաքանչիւր հաւատացեալի առաջ բացւեց յոյսի մի նոր դուռ: Խաւարն անցաւ ու երեւաց ճշմարիտ լոյսը: Ուժեղ երկրաշարժ տեղի ունեցաւ ու գլորւեց գերեզմանի մուտքին դրւած քարը:

Գերեզմանը թափուր մնաց... Լսւեց հրեշտակի ձայնը, որ՝ «Այստեղ չէ, այլ յարութիւն առաւ»:

Չորացան արցունքները բարեպաշտ եւ իւղաբեր կանանց, նրանք յարուցեալ Փրկչին առաջին ականատեսները եղան ու լսեցին պատգամը նրա. «Ասացէ՛ք իմ եղբայրներին, որ գնան Գալիլիա. այնտեղ պիտի տեսնեն ինձ» (Մտ 28.10):

Յարուցեալ Փրկիչն իր խոստումը կատարեց. նախ երեւաց Պետրոս առաքեալին, այնպէս՝ ինչպէս Ղուկասի Աւետարանի մէջ ենք կարդում. «Իսկապէս որ Տէրը յարութիւն առաւ եւ երեւաց Սիմոնին» (Ղկ 24.34): Ապա երեւաց Իր մնացեալ տասնմէկ աշակերտներին՝ Գալիլիոյ մէջ, նոյն Իր յարուցեալ մարմնով: Նրանց մէջ կանգնելով ասաց. «Խաղաղութի՜ւն Ձեզ: Ես եմ, մի՛ վախենաք» (Ղկ 24.36): Նրանց յստակ կերպով մէկ անգամ եւս բացատրեց թէ ինչպէս «Պէտք է չարչարւէր Քրիստոսը եւ երեք օր յետոյ յարութիւն առնէր. Նրա անունով պէտք է քարոզւէր ապաշխարութիւն եւ մեղքերի թողութիւն, բոլոր ժողովուրդներին, Երուսաղէմից սկսած»: Շարունակելով Իր խօսքը Նա ասաց. «Դուք այս բոլորի վկաներն էք...» (Ղկ 24.46-48): Բնականօրէն Յիսուսը քաջալերեց ու զօրացրեց եւ ուղարկեց նրանց Իր սովորեցրած պատւիրաններն ուսուցանելու բոլոր ժողովուրդներին եւ վերջում ասաց. «Ահա Ես ձեզ հետ կը լինեմ միշտ՝ մինչեւ աշխարհի վախճանը» (Մտ 28.20):

Նա երեւաց նաեւ աւելի քան հինգ հարիւր հետեւորդների, երեւաց Յակոբոսին՝ Տեառնեղբօրը, երեւաց Էմմաւուսի ճամբորդներին, եւ ապա ի վերջոյ՝ Պօղոս առաքեալին, որ հալածիչ էր, բայց դարձաւ տարածիչը քրիստոնէութեան (Ա.Կր 15.6-8):

Այո՛, Քրիստոս յարութիւն է առել մեռելներից. սա է ճշմարտութիւնը եւ ամենամեծ ուրախութիւնը, աւետիսների աւետիսը բոլոր ժողովուրդների:

Այսօր քանի՜ դար է անցել յարութեան դէպքից: Ինչո՞ւ դարձեալ ժամադըրւել ենք՝ հանդիպելու միմեանց, յիշելու Յարութիւնը Քրիստոսի. որովհետեւ Նա կենդանի է, եւ բնականօրէն կարելի չէ հեշտօրէն մոռանալ նման մի դէպք՝ զոհողութեամբ, ինքնընծայումով թաթաւուն մեծ յաղթանակի հռչակման՝ համայն մարդկութեան մեղքերի քաւութեան եւ թողութեան համար: Այո՛, Նա խաչւեց ու թաղւեց, սակայն թաղւած չմնաց այլ երրորդ օրը յարութիւն առաւ մեռելներից: Նա վերստին կենդանացաւ ու նոր կեանք բաշխեց բոլոր նրանց, ովքեր հաւատացին նրան:

Պատկերացրէք, որ այս առաւօտ պիտի չհանդիպէինք, պատճառ պիտի չունենայինք միմեանց հետ լինելու նման սրբավայրում, յիշելու Յարութիւնը Քրիստոսի, տօնելու յաղթանակը, վանելու խաւարը, տեսնելու լոյսը ճշմարիտ, եթէ Քրիստոս կենդանի չլինէր:

Քրիստոսի յարութեան ժամանակ մենք անձամբ ականատեսները չեղանք, թէ ինչ պատահեց. սակայն կը հաւատա՞նք յարութեան մեր ամբողջ սրտով: Յարուցեալ Փրկիչը մեզ չերեւաց, մեզ չտեսնւեց ու մենք չհանդիպեցինք իրան, բայց կը հաւատա՞նք Նրա հրաշափառ Յարութեան: Ահաւասիկ ամենակարեւոր մի հարց, ուղղւած այսօր մեզանից իւրաքանչիւրին:

Պատմութեան ընթացքում եղան մարդիկ, որ ասացին «Մեռելների յարութիւն չկայ», «Մեռելները յարութիւն չեն առնում», միաժամանակ չհաւատացին Քրիստոսի Յարութեանը. նշանակում է, որ տակաւին նրանք մնացին մեղքերի մէջ:

Այսօր մենք ի՞նչ ենք անում, պարզապէս թովմասեան շօշափելիութեա՞մբ ենք մօտենում, թէ հիմնւած ենք Յիսուսի խօսքերի ստուգութեան եւ խոստման՝ հաւատի վրայ, հաւատի աչքերով ականատեսներն ենք ճշմարիտ ու վաւերական լոյսի ճառագայթումի, Քրիստոսի՝ մեր Փրկչի հրաշափառ Յարութեան:

Այսօր մենք քանի՜ պատճառներ ունենք հաւատալու Քրիստոսի յարութեանը: Իւղաբեր կանանց վկայութիւնը թափուր գերեզմանի մասին. յարուցեալ Փրկիչի եւրեւումը ոչ միայն անմիջական աշակերտներին, այլ աւելի քան հինգ հարիւր հետեւորդների. սա մի մեծ թիւ է՝ լսելու նման արժանահաւատ, հաւատարիմ եւ վստահելի անձանց ականատեսի վկայութիւնը:

Պօղոս առաքեալը յստակ կերպով յայատարարում է. «Բայց Քրիստոսն իսկապէս յարութիւն է առել մեռելներից» (Ա.Կր 15.20):

Այո՛, նա յարութիւն առաւ մեռելներից եւ իր յարութեամբ մեզ երաշխիքը տւեց մեր իսկ յարութեան, յաւիտենական կեանքի ուրախութեան եւ փրկութեան: Նա սովորեցրեց մեզ, որ յոյս ունենանք մահից յետոյ յարութիւն առնելու: Պօղոս առաքեալի բառերով, Քրիստոսը «Ննջեցեալների առաջին պտուղն էր»: Առաջին մարդով՝ Ադամով, մահը մուտք գործեց աշխարհ, իսկ երկրորդ Ադամով՝ Քրիստոսով, յոյսը տրւեց նոր կեանքի, յարուցեալ կեանքի՝ յաւիտենական կեանքի:

Թափուր գերեզմանն ուրախութեան մնայուն աղբիւրն եղաւ նրանց՝ «Ականատեսների», ովքեր ճանաչեցին Քրիստոսին, որպէս Տէր եւ յարուցեալ Փրկիչ: Ոչ ոք չի կարող ճշմարտութիւնը թաղել, ո՛չ քար գլորելով գերեզմանի վրայ եւ ո՛չ էլ կնքելով: Աստւած յաղթանակելու է եւ մենք կարող ենք այնտեղ լինել, ականատեսները լինել նոր աշխարհի, աւելի լաւ ու ճշմարիտ աշխարհի պատրաստութեան:

Ահաւասիկ մի հրաւէր՝ ուղղւած ինձ եւ քեզ՝ մեզ բոլորին: Ոտքի՛ կանգնենք ու քայլենք միասին Քրիստոսի կողմից պատրաստւած նորոգւած կեանքի միջից:

Հայ ժողովուրդն առաջին ականատես ժողովուրդն եղաւ, որ հաւատաց Քրիստոսի Յարութեանը եւ նրա պատրաստած նոր, ճշմարիտ ու վաւերական կեանքին: Տառապեց, չարչարւեց, փոթորիկների հանդիպեց, նոյնիսկ Ցեղասպանութեան ենթարկւեց, բայց չդադարեց ականատեսը լինելուց, հաւատալուց Քրիստոսի Յարութեանը՝ վաղւայ արշալոյսին, նոր կեանքին, յարութեան հրաշափառ յաղթանակին:

Ահաւասիկ 100 տարի է անցել Հայոց ցեղասպանութիւնից, 100 տարի յետոյ հայութիւնը նոյնն է, չի փոխւել ու չի փոխւելու, շարունակելու է հաւատալ Քրիստոսի Յարութեանը, իր իսկ յարութեանը, յաղթանակի արշալոյսին, արդարութեան յաղթանակին:

Չկորցնե՛նք յոյսը արդարութեան, չկորցնե՛նք յոյսը յաւիտենական կեանքի, ուրախութեան եւ փրկութեան:

Ճիշտ է, որ մեր ժողովրդի ճանապարհը դիւրին ճանապարհ չեղաւ, քարքարոտ ճանապարհ եղաւ, Գողգոթայի ճանապարհի վերածւեց, բայց այսօր քրիստոսանւէր մեր նահատակների պատգամն է արձագանքում իւրաքանչիւրիս եւ բոլորիս սրտերում եւ մտքերում, շարունակել հաւատալ եւ ականատեսները լինել Բանին ճշմարտութեան, Արդարութեան արեգակին, Քրիստոսի հրաշափառ Յարութեանը, ինչպէս նաեւ մեր ժողովրդի՝ հայ ժողովրդի յաւերժ յարութեանը:

Մահը յաղթւած է այլեւս, մահւան սարսափը՝ փարատած: Անմահութեան հաւատն է, որ թեւ-թռիչք է առել: Միայն հաւատա՛ ժողովուրդ հայոց:

 
* * *

Սիրելի՛ Հարազատներ,

Յարութեան լուսապայծառ այս առաւօտեան սրտանց ողջունում եմ բոլորիդ՝ հոգեւորականաց դասին, Պատգամաւորական Ժողովի անդամներին, Կրօնական եւ Թեմական խորհուրդներին, ազգային-եկեղեցական մարմիններին, կրթական, բարեսիրական, կանանց, երիտասարդական, մարզական եւ մշակութային միու-թիւններին, կազմակերպութիւններին, ազգային վարժարանների եւ Կիրակնօրեայ դպրոցների ուսուցչական կազմերին եւ ուսանողութեան, Ծնողական խորհուրդնե-րին, եկեղեցու սպասաւորներին, դպրաց դասերին, ազգային հաստատութիւննե-րին եւ մեր ժողովրդի բոլոր զաւակներին՝ անխտիր:

 
Քրիստոս յարեաւ ի մեռելոց:
Օրհնեալ է Յարութիւնն Քրիստոսի:
 
Սիրոյ ջերմ ողջունիւ՝
ԲԱԲԳԷՆ ԱՐՔԵՊՍ. ՉԱՐԵԱՆ
ԱՌԱՋՆՈՐԴ
ՍՊԱՀԱՆԻ ՀԱՅՈՑ ԹԵՄԻ
Ս. Զատիկ, 2015

 
Persian   Armenian

Ֆոտօռեպորտաժ

Տեսաֆիլմ