ԱՌԱՋՆՈՐԴ ՍՐԲԱԶԱՆ ՀՕՐ ՊԱՏԳԱՄԸ 2015-Ի Ս. ԾՆՈՒՆԴԻ ՏՕՆԻ ԱՌԹԻՒ

ԾՆՈՒՆԴԸ՝ ԼՐՈՒՄՆ ԺԱՄԱՆԱԿԻ
 
«Եթէ Ես աշխարհ եկած չլինէի...»
(Յհ 15.22)
 

Յովհաննու Աւետարանի մէջ կարդում ենք վերոյիշեալ բառերը, որոնք մեր Տիրոջ՝ Յիսուս Քրիստոսի շրթներից արտասանւած բառերն են եւ մեզ հրաւիրում են մտածելու թէ՝ ինչ կը լինէր, եթէ Նա չգար աշխարհ: Ի՞նչ կը լինէր, եթէ Նա չծնւէր Բեթղեհեմում: Ի՞նչ կը լինէր, եթէ Նա չպատգամէր ու չփոխանցէր աստւածային ճշմարիտ խօսքերը, եթէ Նա չարտասանէր Աստծու կամքը բացատրող «Երանիները», եթէ Նա չքայլէր ջրի վրայ: Ի՞նչ կը լինէր, եթէ Նա չբժշկէր հիւանդին, կոյրին տեսողութիւն չտար, խուլին՝ լսողութիւն, համրին՝ խօսելու եւ անդամալոյծին՝ քայլելու կարողութիւն: Ի՞նչ կը լինէր, եթէ Նա մեռելին յարութիւն չտար, եթէ Նա չխաչւէր, չթաղւէր ու յարութիւն չառնէր, եթէ Նա Իր աշակերտներին չուղարկէր աշխարհ՝ Իր ճշմարիտ վարդապետութիւնը քարոզելու: Ի՞նչ կը լինէր, որտե՞ղ կը լինէինք մենք եւ ինչպիսի՞ աշխարհ կունենայինք: Արդեօք կը փոխւէ՞ր ամէն ինչ, եթէ Նա աշխարհ չգար:

Հին Կտակարանի մարգարէները խօսում են սպասւած մի Մեսիայի կամ մի Փրկչի ծնունդի մասին. ամենից վառ օրինակներից մէկն է Միքիա մարգարէի բացատրութիւնը. «Եւ դու՝ Բեթղեհե՛մ, Եփրաթայի սակաւամարդ տուն, կը լինես Յուդայի երկրի հազարաւորների մէջ, քեզանից պիտի ելնի Ինձ համար Իսրայէլի մի Իշխան եւ Նրա ծագումը աշխարհի սկզբի օրերից է» (Մք 5.2): Այո՛, եթէ Քրիստոսը չգար՝ Աստծու խոստումը չէր իրականանալու, եթէ Քրիստոսը չգար՝ աշխարհը կը շարունակէր մնալ խաւարի մէջ: Եթէ Քրիստոսը չգար, չէինք իմանալու, որ «Աստւած սէր է»: Եթէ Քրիստոսը չգար՝ ոչ մի տարածութիւն չէր լինելու մեղքի եւ մարդու միջեւ: Եթէ Քրիստոսը չգար՝ չէինք ունենալու «Աւետարան»՝ հաւատալու համար: Եթէ Քրիստոսը չգար, ո՛չ ծնունդ եւ ո՛չ յարութիւն չէր լինելու: Եթէ Քրիստոսը չգար՝ յոյս չէինք ունենալու գերեզմանից այն կողմ: Եւ վերջապէս, եթէ Քրիստոսը չգար՝ կորստեան մատնւած կը մնայինք եւ չէինք ունենալու մի Փրկիչ՝ մեզ մեղքերից ազատագրող:

Արժում է այստեղ լսել հրեշտակի բարի լուրը՝ «Այսօր Դաւթի քաղաքում ծնւեց Փրկիչը, որ օծեալ Տէրն է: Ձեզ համար ապացոյց թող լինի հետեւեալը. այնտեղ դուք կը գտնէք խանձարուրով փաթաթւած եւ մսուրի մէջ դրւած մի Մանկան» (Ղկ 2.11-12): Այո՛, Յիսուսն Ինքն ասաց. «եթէ աշխարհ եկած չլինէի», բայց փառք Աստծու, որ Նա եկաւ... Պօղոս առաքեալը գեղեցօրէն բնութագրել է ասելով. «Բայց հիմա յարմար ժամանակը հասած համարելով՝ Աստւած աշխարհ ուղարկեց Իր Որդուն, որը ծնւեց մի կնոջից եւ ապրեց Օրէնքի տակ» (Գղ 4.4):

Այսօր տօնում ենք Ծնունդը Մեծ Բարերարի. Նա, որ ծնւեց աղքատիկ մի մսուրում, յարդէ անկողնում, խոտէ վերմակի տակ: Աստւած ժամանակը հասած համարելով՝ ուղարկեց Իր Միածին Որդուն եւ Իր խոստումը կատարեց: Երբ աշխարհը խաւարի եւ չարութեան մէջ էր ընկղմւած, մարդը հեռացել էր Աստծուց, աստւածային ճշմարիտ պատկերը խաթարւել էր իր մէջ, չէր ճանաչում սիրոյ Աստծուն, որ իր կեանքի Աղբիւրն էր եւ իր սրտի Կրակը: Մի խօսքով՝ ո՛չ կանուխ էր եւ ո՛չ՝ ուշ. Աստւած պատրաստում էր աշխարհը, Նա երբէք չմոռացաւ մարդուն, չլքեց նրան. ընդհակառակը՝ ճիշտ ժամանակի լրումին ուղարկեց Իր Որդուն, որպէսզի աշխարհը վերածի սիրոյ Աստծու բնակարանի: Այո՛, Յիսուս մանուկն էր Փրկիչը աշխարհի: Դժբախտաբար Նրա ծնունդի ժամանակ աշխարհը տեղ չունէր Նրան. Նա ծնւեց անշուք «ախոռում»: Նա դարձաւ կատարեալ մարդ՝ ամբողջապէս, որպէսզի մարդն աստւածանայ: Նա Իր աստւածային բարձրունքից խոնարհւեց, որպէսզի մարդը բարձրանայ եւ մօտենայ Աստծուն: Ահաւասիկ՝ ծնունդը Հրաշքի. մի Հրաշք, որ երեսուն տարիներ քայլեց, պատգամեց, բժշկեց եւ հրաշագործեց: Նա եղաւ մանուկների ճշմարիտ բարեկամը: Նա եղաւ աշխարհի թշւառների ու վշտակիրների, խեղճերի, հիւանդների օգնականն ու մխիթարիչը: Նա, ի վերջոյ, եղաւ մեղաւորների եւ արհամարհւածների ճշմարիտ կարեկիցը:

Հարց տանք մենք մեզ՝ այսօր որքանո՞վ ուրախ է մարդը, որ Աստծու Որդին՝ մեր բոլորի Փրկիչը, աշխարհ եկաւ: Այսօրւայ աշխարհի մէջ, Ծննդեան այս օրերին նւէրներ ենք փոխանակում իրար եւ ուրախութեամբ ենք բացում այդ նւէրները: Որքանո՞վ մարդն անդրադառնում է, որ Աստւած ամենաթանկ նւէրը տւեց մեզ, ո՛չ թէ մի փայլուն թղթի մէջ եւ գոյնզգոյն ժապաւէններով զարդարւած, այլ՝ պարզ խանձարուրի մէջ փաթաթւած եւ անշուք ախոռի մէջ ծնւած մի Փրկիչ. այդ նւէրը քոնն է, իմն է, մեր բոլորինն է: Այդ նւէրն այնտեղ է՝ մեր սեփականութիւնն է. անձնապէս պէտք է գնանք եւ վերցնենք: Պատրա՞ստ ենք գնալու, այդ ճամբորդութիւնը կատարելու, Ծնւածին տեսնելու, Փրկչին գրկելու եւ փոխադրելու մեր սրտերի եւ հոգիների մէջ, դարձնելու հաւատի եւ սիրոյ մարմնացումը:

Ժամանակն իր լրումին հասել է. այսօրւայ աշխարհը որքա՜ն կարիքն ունի խաղաղութեան եւ արդարութեան Իշխանին եւ սիրող Փրկչին: Աստւած ժամանակը հասած համարելով՝ Իր Միածին Որդու միջոցով եկաւ այս անարդար աշխարհը արդար ու խաղաղ աշխարհի վերածելու, Իր ամենից թանկ կեանքը տւեց, որպէսի մարդը խաւարից դէպի Լոյս, մահւանից դէպի Կեանք առաջնորդւի: Երեսուն տարիներից յետոյ Իր տնօրինական կեանքն իր լրումին հասցրեց եւ Իր առաքելութիւնն աւարտեց ու դարձեալ երկինք բարձրացաւ եւ նստեց Իր Հօր աջ կողմում: Ի՞նչ փոխւեց այս աշխարհում: - Ոչի՛նչ. մարդը մնաց մեղքի նոյն տիղմի մէջ, աշխարհը մնաց անարդար, չարը շարունակեց տիրապետել, կեղծիքն ու սուտը խորացան: Դժբախտաբար մարդը մնաց նոյն անհնազանդ արարածը, անտեսեց աստւածային պատւիրանները, շարունակեց սպանել, գողանալ եւ ուրիշի ունեցւածքը յափշտակել. վկայ պատմութիւնը մեր ժողովրդի: Հայոց ցեղասպանութիւնից 100 տարի յետոյ ոչինչ չի փոխւել. մեր թշնամին տակաւին ուրանում է իր կատարած մեծագոյն սխալը: Աշխարը մնում է լուռ եւ անարդար: Ականատես եւ ականջալուր ենք այսօր, թէ ինչպէս մարդիկ շարունակում են չարին հնազանդւել, չարութեամբ, ատելութեամբ ու վրէժխնդրութեամբ վերաբերւել իրենց նմանի հետ, սպանել ու կոտորել:

Այսօր մարդկութիւնը մէկ անելիք ունի՝ իր հայեացքը դարձնել դէպի Բեթղեհեմ՝ արդարութիւնն ու խաղաղութիւնը վերահաստատելու, իր հայեացքը դարձնել դէպի Գողգոթա՝ լսելու Փրկչի ձայնը՝ «Ես յաղթեցի աշխարհին», իր հայեացքը դարձնել դէպի Ս. Յարութեան տաճար, յարուցեալ Քրիստոսի հետ մաքրւելու եւ վերածնւելու:

Ահա՛ պատգամը հրաշափառ Ս. Ծննդեան:

Ահա՛ երաշխիքը մեր փրկութեան:

Ահա՛ ճանապարհը յաւերժութեան:

* * *

Ս. Ծննդեան տօնի առթիւ, սիրոյ իմ սրտագին ողջոյնս եմ ուղղում ձեզ՝ բոլորիդ, Պատգամաւորական Ժողովի անդամներին, Կրօնական եւ Թեմական խորհուրդներին, հոգեւորականաց դասին, ազգային-եկեղեցական մարմիններին, կրթական, բարեսիրական, կանանց, երիտասարդական, մարզական եւ մշակութային միութիւններին, կազմակերպութիւններին, ազգային վարժարանների եւ Կիրակնօրեայ դպրոցների ուսուցչական կազմերին եւ ուսանողութեան, Ծնողական խորհուրդներին, եկեղեցու սպասաւորներին, դպրաց դասերին, ազգային հաստատութիւններին եւ մեր ժողովրդի բոլոր զաւակներին անխտիր: 

Ձեզ եւ մեզ մեծ աւետիս՝ Քրիստոս ծնւեց եւ յայտնւեց:

Բաբգէն Արքեպիսկոպոս
Առաջնորդ
Սպահանի Հայոց Թեմի
6 յունւար, 2015
Ս. Ամենափրկչեան Վանք
Նոր Ջուղա

 
Persian   Armenian

Ֆոտօռեպորտաժ

Տեսաֆիլմ