ԱՌԱՋՆՈՐԴ ՍՐԲԱԶԱՆ ՀՕՐ ՊԱՏԳԱՄԸ 2015-Ի ԱՄԱՆՈՐԻ ԱՌԹԻՒ

100 ՏԱՐԻ ԱՆՑ
ՎՐԷԺԽՆԴԻՐ ԵՆՔ ԼԻՆԵԼՈՒ...
ՄԻՆՉԵՒ ԱՐԴԱՐՈՒԹԻՒՆԸ ՅԱՂԹԻ
 

31 Դեկտեմբերի գիշերը Ս. Ամենափրկչեան վանքի յաղթահասակ ժամացոյցը 12 զանգի հարւածներ պիտի հնչեցնի, լուր տալու մեզ, որ մեռեալը՝ 2014 տարին ճամբում ենք դէպի գերեզման. նա իջնելու է գերեզման՝ տանելով իր հետ շատերի ցաւերն ու վշտերը եւ ուրիշների ուրախութիւնը: Այո՛, նա մեռնում է՝ ծնունդ տալու համար մի  Նոր Տարւայ՝ նոր յոյսերով, նոր իղձերով եւ նոր ակնկալութիւններով, որին կոչելու ենք 2015 տարի: Մարդկութեան կեանքից պատմութեան գիրկն է անցնում եւս մի տարի:

2015 Նոր Տարին մի ուրիշ տարի է լինելու համայն հայութեան համար. հարիւր տարւայ անցեալի մեր պատմութեան հաշւեյարդարն ենք կատարելու: 2015 Նոր Տարի, որ լինելու է իւրաքանչիւր հայի համար զգօնութեան, արթնութեան, ինքնութեան պահպանման, յիշեցման եւ մանաւանդ պահանջատիրութեան տարի: Լսե՛նք Եսայի մարգարէի ձայնը, որ ասում է. «Մորթւելու տարւեց նա ինչպէս մի ոչխար. եւ ինչպէս անմռունչ գառն է կանգնում իր բուրդը խուզողի առաջ, այնպէս նա չբացեց իր բերանը: Նա նւաստացաւ, եւ չգտնւեց մէկը, որ պաշտրպանէր նրան...» (Ես 53.7-8): Եսայի մարգարէի կողմից այս տողերը գրւել են Յիսուս Քրիստոսի մասին եւ մարգարէն յստակ կերպով բացատրում է, որ Քրիստոսը՝ Աստծու Որդին, որպէս ոչխար տարւում է մորթւելու: Հին Կտակարանի մարգարէներից շատերն եւս ասում են, որ Քրիստոսը գալու է որպէս Թագաւոր «Օծեալ», Մեսիա կամ Փրկիչ: Եսայի մարգարէն իր գրքի 53-րդ գլխում բացատրում է, որ եկողը՝ Քրիստոս, գալու է որպէս «Տառապող ծառայ», ով Իր կեանքը կը զոհաբերի համայն մարդկութեան մեղքերի քաւութեան եւ թողութեան համար: Եբրայեցի ժողովուրդը լսում էր եւ տեղեկանում էր այս բոլորի մասին, սակայն չէր կարող ըմբռնել, որ իրենց կողմից սպասւած թագաւորը, Եսայի մարգարէի նկարագրած նոյն «Տառապող ծառան» է: Նոր Կտակարանում եւս կարդում ենք թէ ինչպէս Քրիստոս Ինքն եւս յստակ կերպով խօսում է այս մասին՝ «Մարդու Որդին Ինքն էլ չեկաւ ծառայութիւն ընդունելու, այլ ծառայելու եւ Իր կեանքը տալու՝ որպէս փրկագին շատերի համար» (Մր 10.45): Ուրիշ տեղ եւս Նա ասում է.. «Մարդու Որդին պիտի շատ չարչարւի եւ անարգւի» (Մր 8.12): Այս խօսքերից կարելի է հասկանալ ու ըմբռնել, որ Եսաի մարգարէն իրօք խօսում է նոյինքն Աստծու Որդու՝ Քրիստոսի մասին:

Եկէ՛ք հարիւր տարի ետ գնանք եւ կը տեսնենք, որ հայ ժողովուրդը նոյն ճակատագրին ենթարկւեցև որպէս ոչխար տարւեց մորթւելու, նւաստացաւ, անարգւեց, մէկ եւ կէս միլիոն հայ կոտորւեց եւ չգտնւեց ոչ մի պետութիւն, որ պաշտպանէր նրան...: Թուրք ջարդարարներն օգտւելով եւրոպական պետութիւնների թոյլտւութիւնից, վարպետօրէն ու ծրագրւած կերպով կատարեցին իրենց «առաքելութիւնը», իսկ նահատակ մեր ժողովուրդը հաւատաց մեծ պետութիւնների «արդարամտութեանը»: Ի՞նչպէս կարելի է մոռանալ, որ հայ ժողովուրդն ականատեսն եղաւ իր Հայրենիքի ու շէն քաղաքների աւերմանը, վկան դարձաւ իր սրբութիւնների, ազգային ու հոգեւոր արժէքների կործանման, եւ պարտադրաբար թողեց իր տունն ու տեղը եւ հաստատւեց օտար երկրներում՝ Հայրենիքի կարօտն իր սրտում: Այո՛, հարիւր տարի անցաւ, բայց ազգովին մենք չմոռացանք ու չե՛նք մոռանալու թէ որպէս ազատատենչ ժողովուրդ ի՜նչ երազներ, գեղեցիկ ծրագրեր ունէինք, որոնք տակնուվրայ եղան եւ պատմութեան գիրկն անցան, չքացան...:

Ինչո՞ւ այս բոլորը պատահեց մեր ժողովրդին, նրա՞ համար միայն որ ազգովին ուզում էինք ազատ ապրել եւ ստեղծագործել. նրա՞ համար միայն, որ Քրիստոսի Աւետարանն էինք ընդունում որպէս հայր, եւ կեանքով իմաստաւորում էինք Նրա քարոզած ճշմարտութիւնները: Ինչպէ՞ս մոռանանք, որ քանդւեցին մեր փառահեղ ու շքեղ տաճարները, մեր մշակութային կոթողները, աւերւեցին մեր կրթօջախները, վանքերը, ամրոցներն ու անառիկ բերդերը, մեր ձեռագիր մատեանները, մի խօսքով՝ մեր սրբութիւն սրբոցները:

Այս բոլորից յետոյ, հայութեան նշանաբանը չեղաւ յուսահատութիւն, յուսալքում եւ մահ, այլ եղաւ հաւատ՝ գործով արտայայտւած եւ առաւել ԿԵԱՆՔ:

Մեր ժողովուրդը, որտեղ որ էլ գտնւեց, քանդւածի տեղ նորը կառուցեց, նոր համայնքներ կազմակերպւեցին, նոր դպրոցներ ու եկեղեցիներ կառուցւեցին, մեր ինքնութեան գոյութիւնն ապահովւեց, մայրենի լեզուն պահպանւեց եւ մշակութային կեանքը ծաղկեց ամենուրեք: Աս բոլորի շնորհիւ հայ կեանքի արմատներն առաւել զօրացան:

Անցնող հարիւր տարիների ընթացքում մենք չմոռացանք մեր նահատակներին, յիշեցինք եւ միաժամանակ յիշեցրինք աշխարհին, որ մենք բռնաբարւած իրաւունքներ ունենք: Պահանջեցինք ու տակաւին հարիւր տարի յետոյ, շարունակում ենք մեր պահանջատիրական պայքարը:

Այսօր, եկէք հարց տանք մենք մեզ. որպէս պետութիւն, եկեղեցի, կազմակերպութիւններ, կառոյցներ, միութիւններ, հաւաքականութիւն, անհատ թէ ընտանիք, որտե՞ղ ենք գտնւում այսօր մենք: Պէտք ունե՞նք վերանորոգւելու, պէտք ունե՞նք առաջնահերթութիւնները ճշտելու, պէտք ունե՞նք մենք մեզ սրբագրելու, պէտք ունե՞նք մեր պահանջները յստակեցնելու եւ ազգային ռազմավարութիւն որդեգրելու: - Բնականաբար՝ այո՛:

Հաիւր տարի յետոյ՝ այսօր, պէ՛տք ունենք աւելի զգօն լինելու, աւե՛լի արթուն լինելու, ըստ այնմ՝ վերանորոգելու մեր յանձնառութիւնը եւ շարունակելու մեր պահանջատիրական պայքարը: Հարիւր տարի անց, ազգովին  վրէժխնդիր ենք լինելու, մինչեւ որ արդարութիւնը մեզ այցելի, ինչպէս Եսայի մարգարէն ասում է. «Նրա գրեզմանի համար՝ չարութեան, իսկ Նրա մահւան համար մեծամեծ հարւածներով պիտի վրէժխնդիր լինեմ, որովհետեւ Նա անօրէնութիւն չգործեց... » (Ես 53.9):

Այո՛, մեր նահատակների անթաղ գերեզմանների համար, ու մեր աշխարհական թէ հոգեւոր նահատակների աներեւակայելի ու անբացատրելի չարչարանքների եւ տառապանքների համար, լոյս աշխարհ չեկած մանուկների եւ մայրերի  ու տարեցների չարչարալից մահւան համար, վրէժխնդիր պիտի լինենք: Որովհետեւ նրանք անմեղ էին, ոչ մի անօրէնութիւն չէին գործել. ինչո՞ւ նման անօրէն «պատիժ»-ի արժանացան:

Հարիւր տարի անց հարց տանք մենք մեզ՝ ասելով. «Յո՞ երթաս ժողովուրդ հայոց»: Հարիւ տարի անց արդեօ՞ք վրէժխնդիր լինել նշանակում է Հայրենիքը պարպել, արտագաղթել, արմատներից  հեռանալ, յոյսերն ու իղձերը քամուն տալ եւ կամովին օտարանալ ու ձուլւել: Հարիւր տարի անց, արդեօ՞ք վրէժխնդիր լինել նշանակում է՝ մարենի լեզուն աղաւաղել եւ օտարամուտ բարքեր ու սովորութիւններ ընդունել: Արդեօ՞ք վրէժխնդիր լինել նշանակում է՝ հոգեւոր ու ազգային արժէքներից պարպւել եւ անտարբերութեան գիրկը նետւել: Երբե՛ք, մենք մեզ թոյլ չտանք, որ մեր իսկ ձեռքով, կամովին նահատակւեն հայրենիքը, եկեղեցին, դպրոցը, մայրենին, հոգեւոր ու ազգային արժէքները:

Այո՛, վրէժխնդիր ենք լինելու այնքան ժամանակ, որ մեր թշնամին՝ ջարդարարը չի խոստովանում իր կատարած սխալը եւ դրա համար չի հատուցում մեր ժողովրդին:

2015 թւականի Նոր Տարւայ արշալոյսին, Հայոց ցեղասպանութեան 100-ամեակին վերանորոգենք մեր ուխտը՝ աւելի՛ զգօն լինելու, աւելի՛ արթուն լինելու, միակա՛մ լինելու եւ վերանորոգ յանձնառութեամբ շարունակալու մեր վրէժխնդրութեան ուղին, մինչեւ որ արդարութիւնն այցելի մեր ժողովրդին, մինչեւ որ արդարութիւնը վերջնականապէս յաղթանակի:

Ահաւասի՛կ, ա՛յս գիտակցութեամբ պէտք է բացւենք Նոր Տարւան, որովհետեւ՝

Ա՛յս է մեր բիւրաւոր նահատակների կտակը:

Ա՛յս է ողջ հայութեան գոյութեան երաշխիքը:

Ա՛յս է յաղթանակի ճանապարհը:

Շնորհաւոր ՆՈՐ ՏԱՐԻ:

 

ԲԱԲԳԷՆ ԱՐՔԵՊԻՍԿՈՊՈՍ

Առաջնորդ

Սպահանի Հայոց Թեմի

Ամանոր, 2015


 
Persian   Armenian

Ֆոտօռեպորտաժ

Տեսաֆիլմ