:: Հարցազրոյցներ

ՀԱՐՑԱԶՐՈՅՑ՝ ՍՊԱՀԱՆԻ ՀԱՅՈՑ ԹԵՄԻ ԿԱԹՈՂԻԿՈՍԱԿԱՆ ՓՈԽԱՆՈՐԴ ԳԵՐՊ. Տ. ՍԻՓԱՆ Ծ. ՎՐԴ. ՔԷՉԷՃԵԱՆԻ ՀԵՏ

Մեծի Տանն Կիլիկիոյ Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա. Վեհափառ Հայրապետի տնօրինումով Սպահանի հայոց թեմի կաթողիկոսական փոխանորդ է նշանակւել Գերպ. Տ. Սիփան Ծ. Վրդ. Քէչէճանը: Հայր Սուրբի հետ առաւել ծանօթանալու եւ նրա ապագայ անելիքներին հաղորդ դառնալու նպատակով կատարւել է հետեւեալ հարցազրոյցը, որը ստորեւ ներկայացնում ենք.

Գերպ. Հայր Սուրբ, խնդրեմ մեր ընթերցողների համար ներկայացնել Ձեր կենսագրական գծերը՝ յատկապէս նշելով Ձեր հոգեւոր ծառայութիւնների մասին: 

-Ծնւել եմ 1975 թւականին, Լիբանանի մայրաքաղաք՝ Բէյրութում: 1989-ից կրթութիւնս շարունակել եմ Բիքֆայաում գտնւող Մեծի Տանն Կիլիկիոյ Կաթողիկոսութեան դպրեվանքում եւ աւարտելով այնտեղի ժառանգաւորաց բաժինը՝ 1993 թւականին ձեռնադրւել եմ որպէս սարկաւագ: Ապա հետեւելով դպրեվանքի ընծայարանի դասընթացներին, 1997-ին ձեռնադրւել եմ կուսակրօն քահանայ՝ վերակոչւելով Տ. Սիփան Աբեղայ:

Շուրջ երեք տարի՝ մինչեւ 2000 թւականը, դպրեվանքում գործունէութիւն եմ ծաւալել որպէս տեսչութեան կազմի անդամ, սաների վերահսկիչ եւ միեւնոյն ժամանակ ուսուցիչ: Այնուհետեւ փոխադրւելով Անթիլիաս՝ Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա Վեհափառ Հայրապետի թելադրանքով ստանձնեցի կաթողիկոսարանի Մայր տաճարի լուսարարապետութեան (եկեղեցու պատասխանատու) պաշտօնը: Վարդապետութեան աստիճանն ստացել եմ 2002 թւականին, իսկ երեք տարի յետոյ Վեհափառ Հայրապետի միջոցով ինձ շնորհւեց լանջախաչ կրելու իրաւասութիւն:

2005-ին, դարձեալ վերադարձայ Բիքֆայա՝ վարելով դպրեվանքի փոխ-տեսչութեան պաշտօնը, որից յետոյ՝ 2007 թւականին մեկնեցի Կանադա, ուր մէկ տարի զուգահեռաբար կատարեցի Թորոնտոյի հոգեւոր հովւի օգնականի եւ Սանթ Քաթրինզ քաղաքի հոգեւոր հովւի պարտականութիւնները: 2008-ի դեկտեմբերին մեկնեցի Սիրիա՝ Բերիոյ թեմ եւ սոյն թեմին ենթակայ Ջեզիրէի շրջանում, որի կենտրոնը Գամիշլի քաղաքն է, վարեցի առաջնորդի փոխանորդի պաշտօնը, մինչեւ 2014 թւականը: Ծայրագոյն Վարդապետութեան աստիճանն ստացել եմ 2012 թւականին, երբ դեռ պաշտօնավարում էի Գամիշլիում:

Այնուհետեւ Գամիշլիից վերադարձայ Անթիլիաս եւ դարձեալ զբաղւեցի Մայր Տաճարի լուսարարապետութեամբ, մինչեւ շուրջ մէկ ամիս առաջ, որ Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա. Վեհափառ Հայրապետի տնօրինումով նշանակւեցի որպէս Սպահանի հայոց թեմի կաթողիկոսական փոխանորդ:

Եւ ինչպէ՞ս էին Գամիշլիում Ձեր պաշտօնավարած վեց տարիները՝ նկատի առնելով Սիրիայում տիրող պատերազմական վիճակը:

-Սիրիայում պաշտօնավարութեան առաջին երկու տարիների ընթացքում, ականատեսը եղայ այդ բարգաւաճ երկրի փառքի օրերի, իսկ դժբախտաբար մնացեալ չորս տարիներին՝ ամենադաժան օրերի: Տեսել եմ, թէ ինչպէս գագաթնակէտի վրայ գտնւող Սիրիան, դրախտային վիճակից ընկաւ դժոխային վիճակի մէջ: Սակայն այդ դժոխային տարիները նոյնիսկ աւելացրին իմ կեանքի փորձառութիւնը:

Գերպ. Հայր Սուրբ, խնդրեմ մեր ընթերցողների համար բացատրել ի՞նչ տարբերութիւններ կան կաթողիկոսական փոխանորդ եւ առաջնորդի տեղապահ պաշտօնների միջեւ:

-Ես այստեղ եմ եկել որպէս կաթողիկոսական փոխանորդ՝ վարելով առաջնորդի պաշտօնը: Փորձեմ աւելին բացատրել: Երբ որեւէ պատճառով թեմի առաջնորդի աթոռը թափուր է մնում, տեղի ազգային իշխանութիւնը կարող է երկու տարբերակով ընտրել իր առաջնորդին՝ ընտրելով նոր առաջնորդ կամ առաջնորդի տեղապահ: Առաջնորդի տեղապահը ժամանակաւոր կերպով ստանձնում է առաջնորդի պարտականութիւնները՝ համագործակցելով տեղական ազգային իշխանութեան հետ: Հետագայում առաջնորդի տեղապահը կարող է ընտրւել նաեւ որպէս նոյն թեմի առաջնորդ: Երբ առաջնորդի կամ նրա տեղապահի ընտրութեան ընթացքը երկարում է, պատկան ազգային իշխանութիւնը դիմում է Վեհափառ Հայրապետին եւ նա էլ այդ թեմի համար նշանակում է կաթողիկոսական փոխանորդ, ով ժամանակաւորապէս վարում է առաջնորդի պաշտօնը եւ  համագործակցում է ազգային մարմինների հետ, սակայն  ամբողջութեամբ ենթակայ է կաթողիկոսին: Ես հիմա կատարում եմ թեմի առաջնորդի պարտականութիւնները, սակայն որպէս Կաթողիկոսական փոխանորդ եւ ոչ որպէս առաջնորդ: 

Ճիշտ է, երկար ժամանակ չէ, որ գտնւում էք մեր թեմում, բայց այս կարճ ժամանակահատւածում ինչպէ՞ս էք գնահատել թեմի կացութիւնը: 

-Սկզբում թեմի օրէնսդիր եւ գործադիր մարմինների ատենապետերի միջոցով հաղորդ դարձայ թեմի ազգային կառոյցին. վստահաբար աշխատանքի ընթացքում առաւել կը բարձրանայ իմ տեղեկութիւնների մակարդակը: 

Իմ տպաւորութիւնն այս թեմի նկատմամբ շատ մեծ եւ դրական է: Ես չէի սպասում, որ այս համայնքում գոյութիւն կունենան նման Առաջնորդարան, գործունեայ ազգային մարմիններ, գրասենեակներ ու միութիւններ: Պէտք է խոստովանեմ, որ ես իմ պատկերացրածից շատ աւելին տեսայ այստեղ: 

Որո՞նք են Ձեր ապագայ ծրագրերն այս թեմի հետ կապւած եւ ապագայ աշխատանքների իրականացման ուղղութեամբ ի՞նչ ակնկալիքներ ունէք թեմի ժողովրդից ու ազգային իշխանութիւնից: 

- Մեր ժողովուրդն ինձ համար այն հրաշալի իրականութիւնն է, որն ամէն տեղ ներկայ է յոյսով ու հաւատով եւ միշտ սիրով ու յարգանքով է վերաբերւում ոչ միայն իր առաջնորդների, այլեւ բոլոր եկեղեցականների նկատմամբ: Ես այս թեմի ժողովդրից որեւէ ակնկալիք չունեմ, քանի որ արդէն ականատես եմ եղել, թէ նրանք ինչպիսի հաւատաւոր քրիստոնեաներ են եւ ինչպիսի յարգանք են ցուցաբերում իրենց եկեղեցականների՝ ի մասնաւորի հոգեւոր առաջնորդի նկատմամբ, որի համար շնորհակալ եւ երախտապարտ եմ նրանց: 

Իսկ անդրադառնալով ազգային իշխանութիւնից ու ժողովներից իմ ակնկալիքին, նախ ուզում եմ շեշտել, որ դա չի նշանակում՝ այստեղի ազգային իշխանութիւնն այդպիսին չէ. պարզապէս քանի դեռ լաւ չեմ ծանօթացել բոլոր ժողովներին ու ժողովականներին, արտայայտում եմ իմ ակնկալիքը. վստահ եմ, որ այս թեմում արդէն իմ ցանկութիւնս իրականութիւն է: Ակնկալում եմ, թէ ազգային իշխանութիւնն իր բոլոր մարմիններով ու անդամներով լինի արդար, շրջահայեաց, իրատես, իմաստուն, հեռատես,  դիւանագէտ ու քաղաքագէտ, քանի որ միայն այդպէս է երաշխաւորւելու թեմի ապագան:

Ես առայժմս որեւէ երկարաժամկէտ ծրագիր չունեմ, որովհետեւ լինելով կաթողիկոսական փոխանորդ չգիտեմ ինչքան ժամանակով եմ մնալու այստեղ:  Հնարաւոր է, որ Վեհափառ Հայրապետի տնօրինումով ցանկացած պահի նշանակւեմ մի այլ պաշտօնի, կամ թեմի ազգային իշխանութիւնն ընտրի իր նոր առաջնորդին: Անգամ կարճաժամկէտ ծրագրեր մշակելու դէպքում պէտք է միշտ նկատի ունենամ, որ կարելի է չկարողանալ դրանք իրենց աւարտին հասցնել: Սակայն այդ բոլորը չի նշանակում, որ ես ծրագրեր չեմ ունենալու եւ բնականաբար իմ ծրագրերը մշակելու եմ մօտ ապագայում, ժամանակի ընթացքում այս թեմին ու ժողովրդին առաւել ծանօթանալուց յետոյ:  

Եթէ աւելացնելիք ունէք, խնդրեմ:

-Ցանկանում եմ այս տեսակցութիւնը փակել փառաբանական ու շնորահակալական խօսքերով: Փառք եմ տալիս Աստծուն, որ ինձ օրհնեց եւ մինչեւ այստեղ հասցրեց, որպէսզի առիթ ունենամ տեսնելու Իրանը եւ այս գեղեցիկ համայնքը: Ցանկանում եմ իմ որդիական երախտագիտութիւնը յայտնել Վեհափառ Հայրապետին՝ այս պաշտօնն ինձ վստահելու համար եւ շնորհակալութիւն յայտնել Սպահանի հայոց թեմի ազգային իշխանութեանը, ղեկավարներին, պատասխանատու ժողովականներին, միութիւններին, ինչպէս նաեւ մեր սիրելի ժողովրդին, ովքեր ինձ գրկաբաց ընդունեցին՝ որպէս իրենց հոգեւոր առաջնորդ: 

Գերպ. Հայր Սուրբ, “Ալիք” օրաթերթի Նոր Ջուղայի թղթակիցների անունից Ձեզ բարի ծառայութիւն եմ մաղթում՝ Սպահանի հայոց թեմում եւ շնորհակալ եմ, որ այսքան զբաղւած լինելով հանդերձ, չմերժեցիք մեր խնդրանքը՝ սոյն հարցազրոյցի կապակցութեամբ:  

Հարցազրոյցը վարեց “Ալիք” օրաթերթի Նոր Ջուղայի թղթակիցը: 
 

 
Persian   Armenian

Ֆոտօռեպորտաժ

Տեսաֆիլմ