:: Հարցազրոյցներ

ՀԱՐՑԱԶՐՈՅՑ՝ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱԶԳԱՅԻՆ ԳՐԱԴԱՐԱՆԻ ՏՆՕՐԷՆ ՏԻԳՐԱՆ ԶԱՐԳԱՐԵԱՆԻ ՀԵՏ

 

Սպահանի հայոց թեմի Թեմական խորհրդի հրաւէրով մարտ ամսւայ առաջին օրերին Նոր Ջուղա ժամանեց Հայաստանի ազգային գրադարանի տնօրէն Տիգրան Զարգարեանը: Առիթը պատեհ համարելով՝ պրն. Զարգարեանի այցելութեան նպատակներին առաւել ծանօթանալու համար, “Ալիք” օրաթերթի Նոր Ջուղայի թղթակիցը յիշեալի հետ վարել է հետեւեալ հարցազրոյցը:

Հ.-Պրն. Զարգարեան, կը խնդրէի բացատրել ձեր այցելութեան նպատակների մասին:

Պ.-Սա իմ առաջին այցն է Իրան եւ բնականաբար Նոր Ջուղա: Այցելութեանս հիմնական նպատակն է եղել Նոր Ջուղայի գրադարանների՝ ի մասնաւորի Ս. Ամենափրկիչ վանքի “Ս. Ներսէս Շնորհալի” գրադարանի հետ ծանօթանալը, փորձի եւ գիտելիքի փոխանակումը, համատեղ հարցերի եւ գրադարանի գործունէութեան քննարկումը: Գաղտնի չէ, որ  Նոր Ջուղան մեր հնագոյն եւ փառաւոր պատմութիւն ունեցող համայնքներից է: Այս համայնքը մշակութային առումով ահռելի աշխատանք է կատարել թէ՛ Իրանում եւ թէ՛ այլ երկրներում: Նոր Ջուղայի խոջաները, որտեղ էլ գնացել են, տարածել են հայկական մշակոյթը: Այստեղ կուտակւած է եզակի տպագիր ժառանգութիւն, եւ ինձ համար հետաքրքիր էր տեսնել, թէ ինչ վիճակում է գտնւում դա:  

Հ.- Ձեր այցը լաւ սկիզբ է հանդիսանալու “Ս. Ներսէս Շնորհալի” եւ Հայաստանի ազգային գրադարանների միջեւ յետագայ համագործակցութեան: Խնդրեմ ընգծել թէ ի՞նչ սահմաններում են լինելու այս երկու կառոյցների միջեւ համագործակցութիւնները: 

Պ.-Հիմնական համագործակցութիւնը գրքափոխանակութեան շրջանակում է լինելու, քանի որ միշտ էլ դա տեղի է ունեցել երկու գրադարանների միջեւ եւ  շարունակւելու է: Ինչպէս նշեցի, Նոր Ջուղայում ունենք եզակի տպագիր ժառանգութիւն եւ մեզ հետաքրքիր է իմանալ հայ գրքի ինչ գոհարներ կան այստեղ, որոնց մասին դեռ չգիտենք: Այցելութեանս ժամանակաշրջանում ութ հնատիպ գիրք եմ գտել, որոնք Հայաստանում բացակայ են: Մեր համագործակցութեան շրջանակում այդ ութ գրքերը թւայնացւել են եւ թւայնացւած պատճէնը կը պահւի Հայաստանում՝ ազգային գրադարանում, որպէսզի հետազօտողները կարողանան իրենց աշխատանքների համար օգտագործել: Նշեմ նաեւ, որ շուրջ 70 գրքեր ենք գտել 1801-ից 1850 թւականներին պատկանող, որոնք հայ գրքի ցանկում ընդհանրապէս նշւած չեն. դրանք նոյնպէս պէտք է թւայնացւեն եւ ուղարկւեն Հայաստան՝ հայերէն գրքի ցանկերում գրանցւելու համար: Ես վստահ եմ, որ դարձեալ նման հնատիպ գրքեր կը յայտնաբերւեն: Այստեղ գնահատանքի խօսք ունեմ ասելու յատկապէս “Ս. Ներսէս Շնորհալի” գրադարանի գրադարանավարուհի Վերգինէ Միրզախանեանին, ով ամէն օր նոր շերտեր եւ նիւթեր է երեւան հանում:

Հ.-Ճիշտ է այցելութեան ժամանակը շատ կարճ է եղել, բայց երեւի կարողացել էք գնահատել մեր համայնքի գրադարանների՝ ի մասնաւորի “Ս. Ներսէս Շնորհալի” գրադարանի հնարաւորութիւնները: Ի՞նչ կասէք այդ մասին. արդեօք առկայ վիճակը համապատասխանում է ձեր սպասելիքներին: 

Պ.-Այո, համապատասխանում է, քանի որ գրադարանը շատ լաւ վիճակում է գտնւում: Այստեղի գրքերը խնամքով պահպանւած են, փոշեհանւած եւ կարեւոր է յատկապէս, որ հիւանդ եւ վնասւած գրքեր չկան ու ամէն ինչ կարգին իր տեղում դրւած է: Նոյնը կարող եմ ասել պահպանւած արխիւների համար:

Հ.-Հայաստանի ազգային գրադրանում լայն մասշտաբով թւայնացւում են զանազան գրքեր եւ մամուլներ: Ի՞նչ թեմաներով գրքեր են աւելի պահանջւած օգտատէրերի կողմից, եւ  արդեօք օտար լեզուներով գրականութիւն էլ թւայնացնո՞ւմ էք թէ ոչ: 

Պ.-Այս պահին օտար լեզուներով գրքեր դեռ չենք թւայնացնում, քանի որ հեղինակային իրաւունքի հետ կապւած խնդիրներ կան: Յատկապէս օտար հեղինակներն ու հրատարակիչները շատ խիստ են նման հարցերում: Մեր հիմնական ուղղւածութիւնը աշխարհով մէկ սփռւած հայ գիրքն ու մամուլն է: Թւայնացւած գրքերի շարանում ամենաշատը պահանջւած են գիտական հրատարակութիւնները:

Հ.-Գիտենք սովորական մարդկանց մօտ յաճախ են լինում մամուլից հարուստ արխիւներ կամ հայ գրականութիւնից եզակի նմուշներ: Նման անհատներն ինչպէ՞ս են կարող համագործակցել ազգային գրադարանի հետ:

Պ.-Անհատներ կան, ովքեր իրենց գրադարանները նւիրում են մեզ: Ուրախութեամբ ցանկանում եմ նշել, որ իրանահայերն ամենամեծ նւիրատուներից են եւ նոյնիսկ չեն ցանկանում որեւէ տեղ իրենց անունը նշւի: Մենք հաճոյքով ընդունում ենք նման նւիրատւութիւնները, եւ ցանկացողները կարող են իրենց գրքերը նւիրել:   

Հ.-Սա ձեր առաջին այցելութիւնն է Իրան եւ Նոր Ջուղա: Ինչպէ՞ս տեսաք այս համայնքը:

Պ.-Շատ հետաքրքիր համայնք է Նոր Ջուղան եւ ամենակարեւորը, որ այստեղ գոյութիւն ունի հայկական ոգի: Եղել եմ մանկապարտէզ-նախակրթարանում, կրտսեր, միջին եւ աւագ դպրոցներում եւ այնտեղ բոլորը հոյակապ տիրապետում էին հայերէն լեզւին: Այս համայնքը իր աւելի քան 400 տարի անցեալի ընթացքում ստեղծել է իր ղեկավար խորհուրդը, որը շատ յաջող ձեւով կառավարում է եւ այդ պատճառով էլ այստեղ պահպանւել է նման շքեղ մշակութային ժառանգութիւն: Դա համայնքի կուռ լինելու եւ իր պատմութեան ու անցեալի նկատմամբ նւիրւածութիւն ունենալու ապացոյցն է: Ես բարձր տպաւորութիւններով եմ վերադառնում հայրենիք: 

Հ.-Պրն. Զարգարեան, հարցազրոյցի աւարտին կը ցանկանա՞ք որեւէ բան յաւելել, որին չանդրադարձանք:

Պ.-Իմ շնորահակալութիւնն եմ յայտնում Սպահանի հայոց թեմի Թեմական խորհրդին իմ այցելութիւնը կազմակերպելու համար, թեմի առաջնորդ գերշ. Տ. Բաբգէն արք. Չարեանին, ով նոյնպէս աջակցեց, գրադարանավարուհի Վերգինէ Միրզախանեանին՝ իր համագործակցութեան համար եւ ի հարկէ համայնքի բոլոր անդամներին, որոնց հետ շփւելով ուժ եւ էներգիա ստացայ:

 
 
 
«Ալիք» օրաթերթի թղթակից (Նոր Ջուղա)
 
 

 
Persian   Armenian

Ֆոտօռեպորտաժ

Տեսաֆիլմ