«Թիթեռնիկների պարը» (رقص پروانه ها) եւ «Ծաղիկների շշունջը» (زمزمه گلها) խորագրերով դաշնամուրային կատարումների ձայնասկաւառակների հեղինակն է իրանահայ տաղանդաւոր երաժիշտ, դաշնակահար եւ խմբավար Համիկ Ալեքսանդրեանը: Նրա հեղինակային սկաւառակները լայն ընդառաջում են գտել Իրանի մակարդակում` ի մասնաւորի երգ-երաժշտութեան ասպարէզում մասնագէտ անձանց մօտ: Մայեստրոյի ստեղծագործական ներաշխարհին եւ արւեստի բնագաւառում ծաւալած գործունէութեանն առաւել ծանօթանալու նպատակով, «Ալիք» օրաթերթի Նոր Ջուղայի թղթակիցը յիշեալի հետ վարել է հետեւեալ հարցազրոյցը:

- Խնդրեմ խօսէք ձեր երաժշտական անցեալի մասին:

Ծնւել եմ 1971 թւականին, Նոր Ջուղայում: Հինգ տարեկան էի, երբ ինքնաշխատութեամբ սկսեցի դաշնամուր նւագել: Շուրջ մէկ տարի անց, 6 տարեկանից դաշնամուրի մասնաւոր դասընթացների յաճախեցի` սկզբում տկն. Դիանա Ղազարեանի, ապա պրն. Արիս Նադիրեանի մօտ: 1992 թւականին ընդունւեցի Երեւանի Կոմիտասի անւան կոնսերւատորիայում, որն աւարտեցի 2001-ին մագիստրատուրայի (գերլիսանս) մակարդակով` մասնագիտանալով խմբավարական եւ սիմֆոնիկ-օպերայի դիրիժորութեան ճիւղերում: Ուսանողական տարիներին բախտ ունեցայ աշակերտելու անւանի երաժիշտներ Իվան Վարդանեանին, Իւրի Դաւթեանին, Եաշա Զարգարեանին, Սերգէյ Դանիէլեանին, Սերգէյ Աղաջանեանին եւ Ստեփան Շաքարեանին: Համալսարանական կրթութեանը զուգահեռ մասնաւոր կերպով առաւել մասնագիտացայ յատկապէս վոկալի, դաշնամուրի եւ կոմպոզիցիայի ասպարէզներում: Ուսումը կատարելագործելու նպատակով 2006 թւականին մեկնեցի Ֆրանսիա, որտեղ մասնակցեցի Փարիզի «Էքոլ նորմալ սուպերիեր» երաժշտական բարձրագոյն դպրոցի Սիմֆոնիկ դիրիժորութեան ֆակուլտետի դասընթացներին` պրոֆ. Դոմինիք Ռուիթզի դասախօսութեամբ: 

- Ինչո՞ւ ընտրեցիք հենց դաշնամուրը:

Դաշնամուրի նկատմամբ իմ սէրն ու տաղանդը յայտնաբերւեցին, երբ ծնողներս ինձ համար գնեցին մելոդիկա նւագարան: Հետագայում ինձ նւիրեցին նաեւ երգեհոն: Այդ գործիքներով նւագելիս ես ինձ լաւ էի զգում եւ շարունակ ազատ ժամերս զբաղւում էի դրանցով: Երաժշտական այլ գործիքներով այնքան էլ չեմ հետաքրքրւել: 

- Գիտենք, որ ուսանողական ժամանակաշրջանից ղեկավարել էք Ս. Ամենափրկիչ վանքի «Տաթեւ» երգչախումբը: Խօսէք խմբի հիմնադրման նպատակների եւ գործունէութեան մասին: 

1999 թւականին, Սպահանի հայոց թեմի ժամանակի առաջնորդ հոգելոյս Տ. Կորիւն արք. Պապեանի եւ Կրօնական խորհրդի հովանաւորութեամբ հիմնադրւեց Ս. Ամենափրկիչ վանքի «Տաթեւ» երգչախումբը, որի ղեկավարութիւնը հիմնադրման օրից մինչեւ այսօր ես եմ կատարել: Սոյն խմբի առաջացման նպատակներից են եղել` համայնքում երիտասարդական երգչախումբ ունենալ եւ երիտասարդներին հայկական ու հոգեւոր երաժշտութեանն առաւել հաղորդ դարձնել: Տարիների ընթացքում «Տաթեւ»-ի հետ բազմաթիւ համերգներ եմ ունեցել ոչ միայն Նոր Ջուղայում, այլեւ Թեհրանում ու Շիրազում` հայ եւ պարսիկ հանդիսատեսի համար: Երգչախումբն ամենամեայ կարգով ունեցել է իր տարեկան համերգները եւ մի շարք կարեւորագոյն առիթներին նւիրւած ձեռնարկներ: «Տաթեւ» երգչախմբի յիշարժան ելոյթներից են եղել Նիկոլ Գալանդարեանին, Թաթուլ Ալթունեանին, Հայ մօր տարւան եւ Հայոց Ցեղասպանութեան 100-ամեակին նւիրւած համերգները:

2006 թւականին «Տաթեւ» երգչախմբի երգեցողութեամբ ձայնագրել եմ մի սկաւառակ` անւանի երաժիշտ Նիկոլ Գալանդրեանի ստեղծագործութիւններից: 

- «Թիթեռնիկների պարը» դաշնամուրային ստեղծագործութիւններից բաղկացած ձայնասկաւառակ է, որը միեւնոյն ժամանակ հանդիսանում է որպէս ձեր առաջին հեղինակային գործը: Բացատրէք թէ այն քանի՞ տարւայ աշխատանքի արդիւնք է եւ ինչպիսի՞ երաժշտական համարներ են տեղ գտել սոյն ձայնասկաւառակում: 

Ձայնասկաւառակում տեղ են գտել 11 երաժշտութիւններ, ինչպիսիք են` «Թիթեռնիկների պարը», «Մայրիկ», «Երազ», «Ծովի զեփիւռ», «Շառաչուն ալիքներ», «Կեանքի անցում», «Նոր Ջուղա» եւ …, որոնց ստեղծել եմ ուսանողական տարիներից մինչեւ այսօր: Որդիական երախտագիտութիւնից ելնելով սկաւառակը նւիրել եմ իմ ծնողներին` իրենց խրախուսանքների, կրած նեղութիւնների եւ անսահման սիրոյ համար: Ձայնասկաւառակի բոլոր համարները իւրօրինակ են եւ արտացոլում են իմ յոյզերն ու զգացումները. օրինակ «Թիթեռնիկների պարը» համարը նւիրել եմ դստերս Տաթեւիկին, ով 2012 թւականին իր ծնունդով մեծ ոգեւորութիւն առաջացրեց ինձ մօտ սոյն համարի ստեղծման համար: «Նոր Ջուղա»-ի կապակցութեամբ նոյնպէս ոգեւորութիւնը մեծ է եղել, քանի որ միշտ ցանկացել եմ մի գեղեցիկ երաժշտութիւն ձօնել իմ ծննդավայրին, «Մայրիկ»-ը նւիրել եմ բոլոր մայրերին եւ յատկապէս իմ մօրը, «Յուշեր» համարն իմ առաջին հեղինակային երաժշտութիւնն է` ստեղծւած ուսանողական տարիներին` Հայաստանում, իսկ «Ծովի զեփիւռ»-ը, որն ամբողջութեամբ ներշնչում է ծովային թարմութիւն, նւիրել եմ կնոջս` Արսինէին: 

- Ո՞ր բեմերից են հնչել «Թիթեռնիկների պարը» հաւաքածոյի երաժշտական համարները:

Սկաւառակի առաջին շնորհանդէսը տեղի է ունեցել «Ֆարհանգ դիջիթալ» ձայնասկաւառակի կենտրոն-վաճառանոցում, ուր ելոյթ եմ ունեցել մի քանի համարների կատարմամբ, իսկ Նոր Ջուղայի Հայ Մ. Մ. «Արարատ» միութեանը կայացած շնորհանդէսում հանդիսատեսի համար նւագել եմ ամբողջ համարները: Հետագայում սոյն երաժշտութիւնները կատարել եմ նաեւ պարսիկ հանդիսատեսի ներկայութեամբ, «Ֆառշչիեան» դահլիճում: 

- Մենք ականատեսն ենք եղել, թէ Նոր Ջուղայի «Արարատ» միութեան սրահում կայացած «Թիթեռնիկների պարը» մենահամերգ-շնորհանդէսին, ինչպէս հայ հանդիսատեսը բուռն ծափողջոյններով արձագանքեց ձեր գեղեցիկ ու անզուգական կատարումներին, ինչպէ՞ս է եղել պարսիկ հայրենակիցների եւ յատկապէս երաժիշտների տեսակէտն այս ստեղձագործութեան մասին: 

Բաւականին դրական տեսակէտներ են հնչել թէ հայ եւ թէ պարսիկ հայրենակիցների կողմից: Բուռն արձագանքեց «Արարատ» եւ «Ֆառշչիեան» սրահներում ներկայ հանդիսատեսը` կատարումներս ունկնդրելուց յետոյ: Ինչպէս գիտէք «Թիթեռնիկների պարը» ներկայիս միայն ձայնասկաւառակ է եւ մի շարք մասնագէտ երաժիշտներ այս սկաւառակի համարները լսելուց յետոյ ցանակցել են ստեղծագործութիւնների նոտաների գիրքը իրենց տրամադրել: 

- Մի քիչ բացատրէք ձեր հրատարակած «Կապոյտ երկինք» երաժշտութեան գրքի եւ ձեր երկրորդ հեղինակային աշխատանքի` «Ծաղիկների շշունջը» ձայնասկաւառակի մասին: 

«Կապոյտ երկինք» (آسمان آبی) գրքում եւ ձայնասկաւառակում տեղ են գտել մի շարք դաշնամուրային վերամշակումներ Իրանի անւանի փոփ երգիչների կարեւորագոյն եւ հանրայայտ երգերի երաժշտութիւններից: Ցանկացողները կարող են գրքում ծանօթանալ վերամշակւած երաժշտութիւնների նոտաներին եւ նւագել դրանք: 88 էջից բաղկացած այս գիրքը` իր պատկան ձայնասկաւառակով, հրապարակւել է 2013 թւականին, որը վաճառւում է Իրանի մակարդակով:

Շուրջ մէկ ամիս առաջ հրապարակել եմ իմ երկրորդ հեղինակային աշխատանքը, որը կրում է «Ծաղիկների շշունջը» (زمزمه گلها) խորագիրը: Սոյն ձայնասկաւառակը նւիրել եմ թանկագին կնոջս: «Արարատ» միութեան եւ «Ֆառշչիեան» սրահներում կայացած «Թիթեռնիկների պարը» համերգներին նւագել եմ նաեւ այս հաւաքածուից մի քանի համարներ, ինչպիսիք են` «Հայրենիք»-ը, «Զայանդեռուդ»-ը եւ «Մանկական եռանդ»-ը: «Մանկական եռանդ»-ը նւիրել եմ որդուս` Արամէին, քանի որ համարի ստեղծման համար նրա կենսուրախութիւնն ու աշխուժութիւնն է եղել իմ ներշնչման աղբիւրը: Սկաւառակն ունի 14 դաշնամուրային երաժշտութիւններ: 

Աշխատում եմ երկու սկաւառակներիս համար հրատարակել մի ամբողջական գիրք, որտեղ ներառւած կը լինեն բոլոր համարների նոտաները: 

- Երգ-երաժշտութիւնը միշտ էլ պահանջւած ասպարէզ է եղել: Մեծաթիւ պատանիներ ու երիտասարդներ ցանկութիւն ունեն այս ասպարէզում յաջողութիւններ արձանագրել: Դուք որպէս խմբավար, դաշնակահար, երգ-երաժշտութեան ուսուցիչ եւ ի վերջոյ երաժիշտ ի՞նչ խորհուրդ կը տայիք այդ խաւին:

Ճիշտ է սկզբում պէտք է երգ-երաժշտութեան նկատմամբ սէր ունենալ, սակայն յաջողութիւն արձանագրելու եւ յառաջադիմելու համար դա միայն բաւարար չէ եւ պէտք է հաստատ ունենալ այս բնագաւառում բարձրագոյն կրթութիւն եւ հետեւողականութիւն: 

- Եթէ աւելացնելիք ունէք, խնդրեմ:

Հայկական երաժշտութիւնն այլ ազգերին ճիշտ մատուցելը, հայ երաժշտի պարտականութիւններից է եւ բնականաբար նման մասնագիտական աստիճանի հասնելու համար երաժիշտը պէտք է լայն ուսումնասիրութիւններ կատարի այդ ոլորտում: Որպէս ազգային պարտականութիւն` իմ վեհ նպատակներից է եղել հայկական երաժշտութիւնը ամբողջ աշխարհին ներկայացնելը:

 
«Ալիք» օրաթերթի թղթակից (Նոր Ջուղա)
 
{gallery}hartsazrouyts/2016_03_05_hamik{/gallery}