:: Հարցազրոյցներ

Ն. Ջ. ՀԱՅ Մ. Մ. «ԱՐԱՐԱՏ» ՄԻՈՒԹԻՒՆԸ՝ ԱՅՆ ԱՊԱՀՈՎ ՄԻՋԱՎԱՅՐԸ, ՈՐՏԵՂ ՀԱՒԱՔՒՈՒՄ ԵՆ ՀԱՄԱՅՆՔԻՍ ՏԱՐԲԵՐ ՏԱՐԻՔԱՅԻՆ ԽԱՒԻ ԱՆԴԱՄՆԵՐԸ

 

 

ՀԱՐՑԱԶՐՈՅՑ Ն. Ջ. ՀԱՅ Մ. Մ. «ԱՐԱՐԱՏ» ՄԻՈՒԹԵԱՆ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ՎԱՐՉՈՒԹԵԱՆ ՆԱԽԱԳԱՀ՝ ՄԱՍԻՍ ՄԻՆԱՍԵԱՆԻ ՀԵՏ

Ն. Ջ. ՀԱՅ Մ. Մ. «ԱՐԱՐԱՏ» ՄԻՈՒԹԻՒՆԸ՝ ԱՅՆ ԱՊԱՀՈՎ ՄԻՋԱՎԱՐԸ, ՈՐՏԵՂ ՀԱՒԱՔՒՈՒՄ ԵՆ ՀԱՄԱՅՆՔԻՍ ՏԱՐԲԵՐ ՏԱՐԻՔԱՅԻՆ ԽԱՒԻ ԱՆԴԱՄՆԵՐԸ

 

 

- Խնդրեմ ամփոփ կերպով ներկայացնել Ն. Ջ. Հայ Մ. Մ. «Արարատ» Միութեան կառոյցը: Քանի անդամ եւ միաւորներ ունի միութիւնը:

- Ն. Ջ. Հայ Մ. Մ. «Արարատ» Միութիւնը ունի շուրջ 1000 անդամ, որոնց զգալի մասը ներգրաււած են միութեանս Երէցների, Մշակութային, Մարզական, Սկաուտական եւ Ուսանողական միաւորների կազմերում: 

Միութեանս Կենտրոնական Վարչութեանն է վստահւած ճշտւած ուղեգծի առաջնորդութեամբ քայլեր ձեռնարկել, սատարել միաւորների գործունէութեանը, քաջալերել միասնականութեան սկզբունքով նախատեսւած աշխատանքների իրագործմանը, կապեր հաստատել համայնքի եւ հայրենիքի՝ միութիւնների, կազմակերպութիւնների, հիմնարկների եւ հարկ եղած պարագաներում պետական ճանաչում ունեցող մարդկանց հետ: Յանուն միութեան բարօրութեան եւ ազգային շահերի, հակւած է ապահովել միութենական առօրեայ կեանքի երանգը:

Երէցների միաւորի մէջ են ներգրաււած վաստակաշատ եւ փորձառու միութենականներ: Միաւորը կազմակերպում է ներքին բնոյթի ծրագրեր իր անդամ-ուհիների համար, վարում է միութեան բիւֆէի ու հիւրասիրութիւնների աշխատանքը, նշում է հայկական աւանդական տօները, նաեւ կազմակերպում է եկամտաբեր ձեռնարկներ: Սոյն միաւորի ընթացքի մէջ գտնւող աշխատանքներից յատկանշելի է դէպի Արցախ նախատեսւած ճանաչողական այցը, որի կազմակերպչական աշխատանքն ընթացքի մէջ է:

Մշակութային միաւորն աշխատում է պարի, ասմունքի, թատրոնի, գրական խմբի եւ էստրադային խմբի ենթաբաժիններով, որոնք բոլորն էլ աշխոյժ գործունէութիւն են ծաւալում թէ միութենական եւ թէ համայնքային կեանքում:  Միաւորի պարախումբը անցեալ ունեցող այն խմբերից է, որի մէջ ընդգրկւած են համայնքիս երիտասարդները, որոնց ուսուցման համար անհրաժեշտ են մասնագէտ պարուսոյցներ: Կենտ. Վարչութիւնը վերջին տարիներում դժւարութիւնների է հանդիպել: Կարեւորելով այն, Վարչութիւնս փորձել է յաղթահարել այս դժւարութիւնը եւ արդիւնքում յաջողել է պայմանաւորւել Հայաստանից մի պարուսոյցի հետ, որն արդէն իսկ ժամանել է Նոր Ջուղա: Վերջնիս գործնական արդիւնքը գոհացուցիչ լինելու դէպքում, նա շարունակելու է իր աշխատանքը: Յատկանշելի է, որ թէպէտ անցնող մէկ տարւայ ընթացքում խումբը պարուսոյց չի ունեցել, բայց ներկայութիւն է ունեցել համայնքային միջոցառումներին՝ շնորհիւ պարախմբի փորձառու անդամների եւ Մշակութային միաւորի վարչութեան ջանքերի: Ասմունքի խումբը, միաւորի այն խմբերից է, որն իր պատասխանատուի եւ անդամների հետեւողական աշխատանքի շնորհիւ, աշխոյժ մասնակցութիւն ունի համայնքում անցկացւող ծրագրերին եւ համագործակցում է տարբեր միութիւնների ու կառոյցների հետ՝ վերջիններիս կողմից կազմակերպւող միջոցառումների իրականացման գործում: Թատերախումբը, առկայ դժւարութիւններով հանդերձ, շարունակում է իր աշխատանքը: Նախատեսւել է առաջացնել պատանեկան խումբ, որն ընթացքի մէջ է: Գրական խմբում, որտեղ միաւորւած են համայնքիս գրականասէր անդամները, հիմնականում զբաղւում են հայ եւ համաշխարհային գրականութեան վերլուծութիւններով եւ քննարկումներով, զարկ տալով իրենց գրական մտածողութեանը: Ցաւօք վերջին ամիսներում նկատւում է աշխուժութեան պակաս սոյն խմբի գործունէութեան մէջ, որի ուղղութեամբ եւս Կենտ. Վարչութիւնը նախաձեռնութիւնների է դիմել: Միութեանս էստրադային խմբի անդամները որակեալ երգեցողութեամբ ներկայանում են բեմերում եւ իրենց մենակատարութեամբ համեմում են ելոյթները: 

Մարզանքը՝ նպաստելով նոր սերնդի առողջ ապրելակերպի ձեւաւորմանը, շարունակ Վարչութեանս ուշադրութեան կենտրոնում է գտնւում: Մարզական միաւորը իր խմբերով մասնակցում է միջակումբային, նահանգային, երկրի մակարդակում անցկացւող եւ համահայկական մրցոյթներին: Միութեանս մարզական խմբերի բովից անցած մարզիկները մեծ յաջողութիւններ են նւաճել թէ նահանգային եւ թէ երկրի մակարդակներում՝ ընդգրկւելով հաւաքականներում եւ լիգայում: Ներկայիս միաւորն ունի ֆուտբոլի երէց, երիտասարդական եւ մանկա-պատանեկան տարիքային խմբեր, բասկետբոլ երէց, երիտասարդական, մանկապատանեկան տարիքային խմբեր՝ տղայոց եւ օրիորդաց, սեղանի թենիս երիտասարդական տարիքային խումբ՝ տղայոց եւ օրիորդաց, ռազմական խմբեր՝ կառատէ, շախմատ, թեթեւ ատլետ, գնդի հրում, գիմնաստիկա, կանանց մարմնամարզութիւն եւ լող՝ օրիորդաց եւ տղայոց: Յատկանշելի է, որ վերջին շրջանում մեծ աշխուժութիւն է նկատւում միութեանս բասկետբոլի ասպարէզում, որին նպաստել է ոչ միայն մարզիկների հետեւողական աշխատանը, այլ նաեւ ազգային իշխանութեան կողմից մարզական արդիական հնարաւորութիւնների ստեղծումը: 

Միութեանս Սկաուտական միաւորն ունի 120 անդամ-ուհիներ, որոնք բաժանւած են կրտսերներ՝ գայլիկ-արծւիկներ, արի-արենուշներ եւ երէցների փաղանգ խմբերում: Միաւորը կազմակերպում է բանակումներ, արշաւներ, երդման արարողութիւններ, Յուլիս 27-ին նւիրւած ֆուտբոլի խաղեր եւ այլն, նաեւ համագործակցում է համայնքային զանազան միջոցառումների պաշտօնական բաժնի իրագործմանը՝ դրօշակի արարողութիւնը կազմակերպելով: Միաւորի Գերագոյն մարմինը շարունակ կապի մէջ է համայնքիս անցեալ ունեցող սկաուտների հետ, օգտւելով նրանց փորձառութիւններից եւ վայելեով նրանց համագործակցութիւնը: 

Ուսանողական միաւորի մէջ են ընդգրկւած շրջանիս ուսանողները մինչեւ 5 տարւայ անցեալով շրջանաւարտները: Սոյն միաւորը իր մէջ ունենալով կրթւած եւ կարող երիտասարդ ուժեր, համարւում է միութեանս հիմնական ներուժերից մէկը: Միաւորը կազմակերպում է գիտական ձեռնարկներ, մրցոյթներ, գիտական ասպարէզի տիտաններին նւիրւած յուշերեկոներ եւ համալսարաններում ընդունւած նորամուտ ուսանողների ու բարձրագոյնին ձգտող ուսանողների գնահատման երեկոյ: 

Վերոնշեալ միաւորներից բացի աշխատում է կարգապահական խումբը, որտեղ ներառւած է համայնքիս երիտասարդ եւ աշխոյժ ներուժը, ովքեր վերահսկում են միութեան կարգ ու կանոնին, իսկ անհրաժեշտութեան դէպքում, օժանդակում են միաւորներին՝ նրանց կողմից կազմակերպւող միջոցառումների կազմակերպման գործում:

Միութեանս “Միքայէլ Վարանդեան” գրադարանը աշխատում է ամենօրեայ կարգով եւ օժտւած է զանազան բնոյթի եւ լեզուների գրքերով:

- Ինչպէս է ընթանում Ձեր կապը Իրանի եւ Հայաստանի պատկան մարմինների հետ: Արդեօք մասնակցութիւն ունէք համահայկական միջոցառումներին:

Ամենօրեայ կապի մէջ ենք Սպահանի Մարմնակրթական կազմակերպութեան եւ Իսլմական Մշակութային Առաջնորդութեան Փոքրամասնութեան բաժնի գրասենեակի հետ: Մարմնակրթական կազմակերպութիւնից շարունակ ստանում ենք շրջաբերականներ՝ մարզիչների դասընթացների, մրցոյթների եւ այլ ծրագրերի անցկացման վերաբերեալ, իսկ անհրաժեշտ պարագաներում աշխատանքային ուղղութիւն ենք ստանում սոյն հիմնարկից:

Բնականոն կապ է պահւում իրանահայ բոլոր մարզա-մշակութային միութիւնների հետ: Միութեանս մշակութային եւ մարզական խմբերը մասնակցում են սոյն միութիւնների կողմից կազմակերպւող միջոցառումներին: 

Անցնող տարիներին Միութեանս մարզական միաւորը մեծաթիւ պատւիրակութեամբ մասնակցել է ՀՄԱԿ-ի կողմից կազմակերպւող համահայկական խաղերին, արձանագրելով մեծ յաջողութիւններ: Փոխադարձաբար, մենք եւս իւրաքանչիւր տարի Նոռուզի արձակուրդներին, Գարնանային խաղերի շրջագծում հիւրընկալել ենք իրանահայ միութիւնների մարզիկներին: Մի քանի շրջան առիթ է ստեղծւել վայելել Հայաստանի, Արցախի եւ Ջաւախքի մարզիկների ներկայութիւնը, սակայն վերջին տարիներին, նիւթական դժւարութիւնների պատճառով դա չի իրագործւել:

Հայրենիքի հետ գործակցութիւնը ընդլայնելու, համայնքիս երիտասարդների եւ Հայաստանի ու Սփիւռքի այլ շրջանների երիտասարդների միջեւ մշակութային ու մարզական կապերը խորացնելու անհրաժեշտութիւնից ելնելով, միութեանս մշակութային ու մարզական խմբերի համար հնարաւորութիւն է ստեղծւել մասնակցելու համահայկական բոլոր միջոցառումներին:

Այս ծիրում, Միութեանս Մշակութային միաւորի անդամները մասնակցել են ՀՀ Սփիւռքի նախարարութեան «Մէկ Ազգ, Մէկ Մշակոյթ» եւ “Իմ Հայաստան” համահայկական փառատօներին: Սերտ կապի մէջ ենք ՀՀ Մշակոյթի նախարարութեան հետ: Անհրաժեշտ պարագաներում, ինչպէս օրինակ Հայաստանից գործիչներ հրաւիրելու խնդրով, օգտւել ենք նախարարութեան ընձեռած հնարաւորութիւններից: Միութեանս մարզական խմբերը 5 շրջան անընդմէջ մասնակցել են Հայաստանում անցկացւող համահայկական մարզական խաղերին: Նկատի առնելով այն հանգամանքը, որ 2015 թւականին Հայաստանում տեղի ունեցող համահայկական խաղերը նւիրւած են Հայոց Ցեղասպանութեան 100-ամեակին, առ այդ նախապատրաստական աշխատանքներ է տարւել, որպէսզի բարձր մակարդակով եւ մեծաթիւ պատւիրակութեամբ մասնակցութիւն ունենալ խաղերին, որի ուղղութեամբ արդէն իսկ հանդիպում է տեղի ունեցել խաղերի կազմկոմիտէի անդամների հետ: Սկաուտական միաւորը եւս մասնակից է դարձել «Հ.Մ.Ը.Մ.»-ի կողմից կազմակերպւող բանակումներին: Սկաուտական միաւորը այս տարի Օգոստոս ամսին, 7 հոգանոց պատւիրակութեամբ մասնակցել է սոյն կազմակերպութեան բանակումին՝ Բիւրականում: 

- Ինչպէս էք հայթայթում բիւջէն:

- Միութեանս բիւջէն հայթայթւում է միաւորների կողմից կազմակերպւած եկամտաբեր ձեռնարկներից, ազգային իշխանութեան կողմից մեզ յատկացւած եւ վարձակալութեան տրւած կալւածների վարձերից: 

Օգտւում ենք նաեւ պետական բիւջէից, որի ստացման գործում մեծ դերակատարութիւն է վերապահւած ԻԻ խորհրդարանում հարաւային իրանահայութեան պատգամաւոր՝ Պրն. Ռոբերտ Բեգլարեանին: Հարկ է նշել, որ յարգելի պատգամաւորը ոչ մի ճիգ ու ջանք չի խնայում պետական համապատասխան հաստատութիւններից եւս բիւջէ ապահովել միութեանս համար, որոնք հիմնականում ծախսւում են համահայկական արտասահմանեան միջոցառումներին մեր մասնակցութեան դիմաց: 

Այս բոլորով հանդերձ, նկատի ունենալով ծախսերի բարձրացումը, բիւջէի լուրջ դժւարութիւններ ունենք, որոնց լուծման կապակցութեամբ փորձում ենք ելքեր գտնել:

- Ինչ ծրագրեր ունէք յառաջիկայի համար:

- Ն. Ջ. Հայ Մ. Մ. «Արարատ» Միութիւնը հանդիսանում է այն ապահով միջավայրը, որտեղ հաւաքւում են համայնքիս տարբեր տարիքային խաւի անդամները: Այդ իսկ նկատառումով մեր հիմնական խնդիրը Միութեանս հնարաւորութիւնների բարելաւումն է: Այս ուղղութեամբ մշակել ենք նախագիծ, որն ազգային իշխանութեան օժանդակութեամբ իրագործւում է փուլ առ փուլ: Յիշատակի արժանի է բասկետբոլի մարզասրահի կառուցումը, որը բացի մարզական մրցոյթներից, ծառայում է Գարնանային խաղերի բացման հանդիսութեան, զանազան պատւիրակութիւնների ընդունելութեան եւ այլ միջոցառումներին, սրահի յարակից տարածքի բարեզարդումը, մանկական բաժնի եւ բիլիարդի սրահի ստեղծումը, իսկ վերջերս հարսանեաց եւ ձեռնարկների սրահի նորոգութիւնը, որոնք մեծ աշխուժութիւն են առաջացրել համայնքում: Յառաջիկայում  բարեփոխւելու են գրասենեակային բաժինները: 

- Միութիւնդ ինչ դժւարութիւնների դէմ յանդիման է կանգնած:

- Մեր հիմնական դժւարութիւնը արտագաղթի հետեւանքով առաջացած մարդուժի պակասն է: Անկախ դրանից որ համայնքիս մեծ մաս երիտասարդներ ներգրաււած են միութեան մէջ, դարձեալ նկատւում է մարդուժի բացը: Միւս դժւարութիւնը բիւջէի հարցն է, որը խոչընդոտ է հանդիսանում ըստ մեր ցանկացածի իրագործել ծրագրերը: Այլեւս եկամտաբեր ձեռնարկները բաւարար չեն մեր նախատեսութիւնները գործադրելու համար, այդու փորձում ենք տնտեսական համապատասխան ծրագրերով հայթայթել բիւջէն:

Վերջին ժամանակաշրջանում, մեր կամքից անկախ յայտնւել ենք մի անցանկալի իրավիճակում, որը ժամանակի անտեղի կորստի եւ բազմազան դժւարութիւնների պատճառ է դարձել: Խնդիրը կայանում է նրանում, որ “Սեւան” ֆուտբոլի խմբի պատասխանատուն խախտելով երկկողմ պայմանաւորւածութիւնը խոչընդոտում է Միութեանս ֆուտբոլի խմբի մարզիկների փորձերը մարզադաշտում: Թէպէտ Վարչութիւնս կարող էր հեշտութեամբ լուծել այս հարցը, սակայն մարզիկների միջեւ համերաշխութիւնը պահպանելու եւ անտեղի քաշքշուկներից խուսափելու նպատակով, դիմել է ազգային իշխանութեան եւ պետական պատկան մարմինների միջամտութեանը: Ցաւօք դեռեւս չի փարատւել դժւարութիւնը, սակայն յոյս ունենք, որ մօտ ապագայում բարւօք լուծում է ստանալու այն:

- Շնորհակալութիւն, որ Ձեր ժամը տրամադրեցիք մեզ եւ Ձեր վերջին խօսքը:

- Յանուն «Արարատ» Միութեան Կենտրոնական Վարչութեան ցանկանում եմ իմ խորին  շնորհակալութիւնը յայտնել Թեմիս Թեմակալ Առաջնորդ Գերշ. Տէր Բաբգէն Եպս. Չարեանին, որն իր հայրական յորդորդներով ու հովանաւորութեամբ նեցուկ է հանդիսացել մեզ, Սպահանի Մարմնակրթական կազմակերպութեանը՝ միութեանս ցուցաբերած համագործակցութեան առթիւ, միութեան տարիների արտօնատէր՝ Պրն. Թաթուլ Օհանեանին, որն իր խորհուրդներով ու ուղղութիւններով ճիշտ հունի մէջ է դրել աշխատանքները, պատգամաւոր Պրն. Ռոբերտ Բեգլարեանին եւ ազգային իշխանութեանը, որոնք թէ բարոյապէս եւ թէ նիւթապէս սատարել են միութեանս՝ լաւագոյնս իրագործելու իր առաքելութիւնը, եւ վերջապէս միութեանս միաւորների վարչութեանը եւ անդամներին, կարգապահական խմբին, ֆուտբոլի յանձնախմբին, լողարանի յանձնախմբին եւ բոլոր պաշտօնեաներին, որոնք բարեխղճօրէն կատարում են իրենց վստահւած պարտականութիւնները: Վերջում շնորհակալութիւն եմ յայտնում Ազգային Առաջնորդարանի կայքի խմբագրական կազմին այս հարցազրոյցը կազմակերպելու համար:

 

Հարցազրոյցը վարեց՝ ՍՀԹ Ազգ. Առաջնորդարանի կայքի

խմբագրական կազմը

 

 
Persian   Armenian

Ֆոտօռեպորտաժ

Տեսաֆիլմ