Աղբիւր՝ www.hetq.am

«Արմենիա Էյրվէյզ» աւիաընկերութիւնը յունիսի 15-ից սկսում է Երեւան-Թեհրան-Երեւան կանոնաւոր չւերթները: Այս մասին ընկերութիւնը յայտնել է իր ֆէյսբուքեան էջում: Ըստ յայտարարութեան՝ թռիչքները կայանալու են իւրաքանչիւր երկուշաբթի, հինգշաբթի եւ շաբաթ, իսկ յունիսի 24-ից՝ ամէն օր: Միակողմանի տոմսի արժէքն սկսւում է 63 հազ. դրամից: 

Այսպիսով՝ «Արմենիա Էյրվէյզն» այս պահին «Աւիակոմպանիա Արմենիայից» յետոյ դառնում է երկրորդ հայկական աւիաընկերութիւնը, որը կանոնաւոր չւերթներ է իրականացնելու:   

Ինչպէս արդեն յայտնել ենք, աւիաօպերատորը Թեհրանի ուղղութեան համար շահագործելու է 112-տեղանոց «BAe 146-300» տիպի ինքնաթիռը (հայկական գրանցումը՝ EK-14601), որը լիզինգով ձեռք է բերել Ռումինիայից: 

Բացի սրանից՝ ընկերութիւնն ունի նաեւ 2 հատ «Airbus A310-300» տիպի ինքնաթիռ, որոնցից միայն մէկն է (հայկական գրանցումը՝ EK-31002) սարքին վիճակում, իսկ միւսը (EK-31001), ինչպէս նշել ենք, տեխնիկական խնդիրներ ունի ու, ամենայն հաւանականութեամբ, չի շահագործւի եւ պահեստամասի դեր կը կատարի միւսի համար: Գրել ենք նաեւ, որ «A310»-ը յարմար է յատկապէս երկարատեւ թռիչքների համար. այդ առումով աւիաօպերատորի թիրախում են եւրոպական, ռուսական, չինական, մերձաւորարեւելեան շուկաները, հեռանկարում՝ ԱՄՆ-ն:

Ինչ վերաբերում է Թեհրանին, ապա «Զւարթնոց» օդանաւակայանի կայքում առայժմ «Արմենիայի» չւերթները չեն երեւում, սակայն փաստ է, որ ընկերութիւնն արդեն սկսել է տոմսերի վաճառքը: Ըստ «Զւարթնոցի» կայքի՝ Երեւանն ու Թեհրանն այս պահին իրար են կապում «Mahan Air» եւ «Iran Aseman Airlines» աւիաընկերութիւնները: Յիշեցնենք, որ «Արմենիայի» սեփականատէր, պարսկահայ Առլեն Դաւուդեան-Զարնաիի «Տաթեւ ՏՏՏ» տուրիստական գործակալութիւնը «Aseman»-ի ներկայացուցիչն է Հայաստանում, իսկ նախկինում աշխատել է նաեւ «Mahan»-ի հետ: Սա կարեւոր է այնքանով, որ օդային նոյն ուղղութիւնը շահագործող իրանական օպերատորները հայկական ընկերութեան հետ նորմալ յարաբերութիւնների մէջ են, ինչը ենթադրում է առողջ մրցակցութիւն: