ՀԱՅԱՍՏԱՆԸ ՊԱՏՐԱՍՏ Է ԱՋԱԿՑԵԼ ԻՐԱՆԻՆ ԱՂԷՏԻ ՀԵՏԵՒԱՆՔՆԵՐԸ ՅԱՂԹԱՀԱՐԵԼՈՒ ՆՊԱՏԱԿՈՎ. ՓԱՇԻՆԵԱՆ

Աղբիւր՝ www.yerkirmedia.am

Վարչապետ Նիկոլ Փաշինեանը ցաւակցական հեռագիր է յղել Իրանի Իսլամական Հանրապետութեան նախագահ Հասան Ռոհանիին` ջրհեղեղի հետեւանքով մի քանի տասնեակ մարդկանց զոհւելու կապակցութեամբ:

Վարչապետի հեռագրում, մասնաւորապէս, ասւած է. «Խորապէս ցնցւած եմ բարեկամ Իրանին պատուհասած ջրհեղեղի հետեւանքով մի քանի տասնեակ մարդկանց զոհւելու լուրից:

Հայ ժողովրդի եւ անձամբ իմ անունից անկեղծ վշտակցութիւն եմ յայտնում Ձեզ եւ Իրանի բարեկամ ժողովրդին եւ փոխանցում սփոփանքի ու քաջալերանքի խօսքեր զոհւածների հարազատներին ու մերձաւորներին:

Հայաստանը պատրաստ է այս ծանր պահին զօրաւիգ լինել Իրանի բարեկամ ժողովրդին եւ ցուցաբերել անհրաժեշտ աջակցութիւն աղէտի հետեւանքները յաղթահարելու նպատակով»: