ԻՐԱՆՈՒՄ ՀՀ ԴԵՍՊԱՆԸ ՀԱՆԴԻՊԵԼ Է ԵՐԿՐԻ ԱԳՆ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑՉԻ ՀԵՏ

Աղբիւր՝ www.yerkir.am

Յունւարի 21-ին տեղի ունեցաւ Իրանում Հայաստանի դեսպան Արտաշէս Թումանեանի հանդիպումը Իրանի ԱԳՆ Եւրասիայի գլխաւոր վարչութեան պետ Ղոլամռեզա Բաղերի Մողադամի հետ: Այդ մասին տեղեկացնում են ՀՀ ԱԳՆ-ից: 

Զրուցակիցները քննարկեցին երկկողմ օրակարգին առնչւող հարցերի լայն շրջանակ, ուրւագծեցին երկու երկրների միջև քաղաքական և առևտրատնտեսական համագործակցութեան հետագայ զարգացման ուղղութեամբ ձեռնարկւելիք քայլերը: Այս համատեքստում երկուստեք կարևորւեց բարձր մակարդակի փոխայցելութիւնների կազմակերպումը:

ՀՀ դեսպանը և ԻԻՀ ԱԳՆ Եւրասիայի գլխաւոր վարչութեան պետը մտքեր փոխանակեցին տարածաշրջանային և միջազգային մի շարք հրատապ խնդիրների շուրջ: ՀՀ դեսպան Թումանեանը ներկայացրեց ԼՂ հիմնահարցի շուրջ վերջին զարգացումները, ՀՀ մօտեցումները և սկզբունքային դիրքորոշումը: Իրանի ԱԳՆ ներկայացուցիչը, անդրադառնալով ԼՂ հակամարտութեան վերաբերեալ վերջերս մամուլում Իրանի Գլխաւոր շտաբի պետին վերագրւող յայտարարութեանը, վերահաստատեց, որ ԼՂ հիմնախնդրի վերաբերեալ Իրանի պաշտօնական դիրքորոշումը մնում է անփոփոխ. ԻԻՀ-ն շարունակում զօրակցել հակամարտութեան բացառապես խաղաղ կարգաւորմանն ուղղւած բանակցային գործընթացին: