ԿԱՐԷՆ ԽԱՆԼԱՐԵԱՆ. «ՀԱՅԱՍՏԱՆԸ ՊԷՏՔ Է ԼՈՒՐՋ ՔԱՅԼԵՐ ՁԵՌՆԱՐԿԻ ԻՐԱՆԱՖՈԲԻԱՅԻ ԵՐԵՒՈՅԹՆԵՐԸ ՀԱԿԱԿՇՌԵԼՈՒ ՈՒՂՂՈՒԹԵԱՄԲ»

Աղբիւր՝ www.alikonline.ir

«Առաջին լրատւական»-ի զրուցակիցն է Իրանի խորհրդարանի պատգամաւոր Կարէն Խանլարեանը:

- Պարոն Խանլարեան, օրերս Իրանի նախագահ Հասան Ռոհանին յայտարարել է, որ դեկտեմբերի 28-ից սկսւած ցոյցերի իրական թիրախը եղել է Իրանի պահպանողական հոգեւոր դասը, որը արգելակում է հասարակութեան ազատութիւնները ընդլայնելու եւ Արեւմուտքի հետ յարաբերութիւնը բարելաւելու իր պլանները: Փաստացի նա թիրախաւորում է Իրանի հոգեւոր իշխանութեա՞նը:

- Պէտք է նախագահ Ռոհանիից հարցնել, թէ ինքն ինչ հիմնաւորումներով եւ նկատառումներով է դա ասում: Ես կարող եմ իմ անձնական կարծիքը յայտնել: Ըստ իս՝ եղած դժգոհութիւնների եւ բողոքների ալիքը հիմնականում սոցիալ-տնտեսական խնդիրներն են Իրանում, որոնք հիմնականում ստեղծւել են Իրանի դէմ տարիների ընթացքում տարբեր տեսակի, յաճախ անարդար պատժամիջոցների կիրառումից: Եւ այս վերջին միջուկային բանակցային գործընթացները, որ տեղի ունեցան Իրանի եւ մեծ պետութիւնների միջեւ, եւ համաձայնութիւններ ձեռք բերւեցին, նախատեսւում էր, որ այդ պատժամիջոցները պէտք է մեղմացւէին, բայց հակառակ արւած քայլերի՝ ԱՄՆ-ը շարունակեց իր նախկին ընթացքը եւ ոչ միայն չմեղմացրեց, այլեւ էլ աւելի սաստկացրեց այդ պատժամիջոցները: Բնականաբար, սա ազդում է Իրանի սոցիալ-տնտեսական իրավիճակի վրայ: Վերջին տարիներին ես յաճախ ականատես եմ եղել, որ հէնց խորհրդարանին յարող տարածքներում, հրապարակներում տարբեր սոցիալական խմբեր՝ ուսուցիչներ, բանւորներ եւ այլն, իրենց սոցիալական եւ տնտեսական պահանջներն են վեր հանում, խաղաղ ցոյցերի են դիմում: Եւ այդ օրինական դաշտը միշտ եղել է Իրանում, ինչպէս բոլոր երկրներում: Այս անգամ այդ ալիքներին գումարւեց նաեւ քաղաքական կոմպոնենտ, ինչը, գրեթէ վստահ եմ, դրսի ներդրումների եւ ներսից վարած քաղաքականութեան արդիւնք էր, նկատի ունեմ ե՛ւ ԱՄՆ-ին, ե՛ւ ԱՄՆ դաշնակից տարածաշրջանի պետութիւններին, այդ պրոպագանդիստական, ապատեղեկատւական հոսանքը եկաւ աւելացաւ այս բոլորին, եւ ապակայունացման փորձ տեղի ունեցաւ: Ամէն դէպքում հիմա վիճակը հանդարտ է եւ վերահսկելի:

Հիմա թէ ում դէմ էին ուղղւած բուն բողոքները՝ ես կասէի, որ դրանք արդար բողոքներ են, քանի որ Իրանում տնտեսական վիճակը լաւ չէ, ձախողւած են բոլոր նրանք, ովքեր տնտեսական գործերի մէջ դերակատար են: Իսկ թէ քաղաքական թիրախները որոնք են, խորապէս հաւատացած եմ, որ տարածաշրջանում պետութիւններ կան, որոնք Իրանի՝ տարածաշրջանում վարած քաղաքականութիւնից լուրջ վնասներ են կրել, օրինակ՝ Սաուդական Արաբիան: ԴԱԷՇ-ի հաշւեյարդարը, որի մէջ Իրանն առանցքային դեր ունէր, բաւականին խառնեց տարածաշրջանի որոշ պետութիւնների քաղաքական հաշւարկները, այդ թւում եւ Թուրքիայի: Այս բոլոր պետութիւնները, բնականաբար, փորձում են Իրանի դերակատարութիւնը տարածաշրջանում փոքրացնել, եւ դրա ձեւերից մէկը, հնարաւոր է, ներքին ապակայունացման երեւոյթը լինի:

 

- Սա ի՞նչ ազդեցութիւն է ունենալու Իրանի արտաքին քաղաքականութեան վրայ: Իրանը Սաուդական Արաբիային է մեղադրում: Այս հակասութիւնները նոր դրսեւորումներ կստանա՞ն:

- Սաուդական Արաբիայի նման պետութիւնը չի կարող արդարութեան, սոցիալական հարցերի ջատագով լինել: Ծիծաղելի վիճակ է, որ այս տեսակի շարժումներին ուղղակի կամ անուղղակի հովանաւորում է, քանի որ Սաուդական Արաբիան երեւի թէ ամենաբռնակալ ռեժիմներից է եւ մարդու իրաւունքների ամենամեծ խախտողներից: Չեմ կարծում՝ ներքին ապակայունացման փորձերը կարողանան Իրանին շեղել իր վարած քաղաքականութիւնից տարածաշրջանում: Եւ սոցիալ-տնտեսական հարցերից դժգոհ ժողովուրդը թւում է, թէ սա շատ լաւ է գիտակցում: Այս օրերին կարող եմ ասել, որ այստեղ ընդհանրապէս շարժում գոյութիւն չունի: Եւ ինձ չի թւում, որ Իրանը իր քաղաքականութեան մէջ փոփոխութիւններ է պատրաստւում մտցնել այս պատճառով: Իրանը իր արտաքին քաղաքականութիւնը ճշտելու եւ վարելու համար, բնականաբար, ինչպէս բոլոր միւս պետութիւնները, ելնում է իր ազգային շահերից: Եւ քանի դեռ դրանք չեն փոփոխւել, բնականաբար, վարած քաղաքականութեան մէջ էլ չի կարելի նախատեսել, որ մեծ փոփոխութիւններ կը լինեն: Ես առնւազն նման բան չեմ տեսնում:

 

- Ինչպէ՞ս էք գնահատում Իրանի նախկին նախագահ Ահմադինեժադի ձերբակալութիւնը: Նշւում է, որ նա անկարգութիւններ հրահրելու համար է ձերբակալւել: Նա Արեւմտեան Բուշեհր քաղաք այցելութեան ժամանակ ասել է, որ ներկայիս առաջնորդներից ոմանք ապրում են մարդկանցից հեռու եւ ոչինչ չգիտեն հասարակութեան իրական խնդիրների մասին, որ Իրանը տառապում է «տնտեսութեան բացակայութիւնից»:

- Նախկին նախագահ Ահմադինեժադի քաղաքական յայտարարութիւնների հետ համաձայն չեմ: Իր բռնած ուղղութիւնը այս հարցում ինձ մի փոքր զարմացնում է, որովհետեւ ինքը ութ տարի եղել է այս երկրի գործադիր իշխանութեան ամենաբարձր դէմքը: Թէ ինչպէս է ինքը նման մեղադրանքներ հնչեցնում՝ ինձ համար իսկապէս անընդունելի է, որովհետեւ պետական կադրերի հիմնական մասը նոյնն է, ինչ իր ժամանակ էր: Նախարարների, քաղաքական պորտֆելների փոփոխութիւն է ընդամենը տեղի ունեցել իր ժամանակներից մինչեւ հիմա:

Իսկ թէ ինքը ինչ կապ կարող է ունենալ, ես չեմ կարող ոչինչ ասել, որովհետեւ Ահմադինեժադի կապւածութիւնն այս ցոյցերի հետ պէտք է ճշտւի դատարանի միջոցով: Ամէն դէպքում, իր քաղաքական յայտարարութիւններն ինձ համար ընդունելի չեն:

 

- Պարոն Խանլարեան, քաղաքացիական պատերազմի վտանգը որքանո՞վ է այս պահին չէզոքացել, որքանո՞վ է հաւանական, որ այն նորից կը բռնկւի:

- Չի բացառւում: Չեմ կարող յստակ կանխատեսում անել, բայց քանի դեռ գոյութիւն ունեն այդ ապակայունացման երեւոյթների պատճառները, կարծում եմ՝ կը կրկնւի: Այն, ինչ առնչւում է Իրանի իշխանութիւններին, սոցիալ-տնտեսական պատճառների այն բաժինը, որը ներքին է, դրանց յաղթահարման կամ մեղմացման համար լուրջ քայլեր են ձեռնարկում: Մենք այս օրերին խորհրդարանում բիւջէի վաւերացման, քննարկման օրակարգն ունենք: Ականատես եմ, որ եւ՛ գործադիրը, եւ՛ օրէնսդիրը իսկապէս մտահոգ են եւ փորձում են մեղմացնել: Այն բաժինը, որ գալիս է պատժամիջոցներից, դրանց յաղթահարումը, բնականաբար, շատ արագ չի լինելու: Դրանք կապւած են տարածաշրջանի եւ համաշխարհային քաղաքականութեան խնդիրների հետ: Շատ լուրջ պատճառներ կան տարածաշրջանի որոշ պետութիւնների մօտ Իրանին ընդհանրապէս ոչնչացնելու, Իրանի նկատմամբ ակնյայտ եւ բացայայտ թշնամանք գոյութիւն ունի, եւ, ցաւօք, ամենայետադիմական եւ անմարդկային յատկութիւններով օժտւած պետութիւնները այս հարցում լուրջ գործ են կատարում Իրանին ընդհանրապէս խեղճացնելու կամ ընդհուպ ոչնչացնելու ուղղութեամբ:

 

- Իրանում ստեղծւած վիճակն ի՞նչ ազդեցութիւն կունենայ Իրանի հարեւան Հայաստանի վրայ:

- Կարծում եմ՝ Իրանի արտաքին քաղաքականութեան կուրսում փոփոխութիւն չի լինելու, Հայաստանի հետ մենք բաւականին ռազմավարական փոխյարաբերութիւն ունենք, եւ չեմ կարծում, որ փոփոխութիւններ լինեն: Բայց պէտք է միշտ յիշել՝ ո՞ր Իրանն է, որ կարող է վստահելի գործընկեր լինել Հայաստանի համար: Հետեւաբար Հայաստանն էլ իր հերթին, որպէս ամենամօտ հարեւան Իրանին՝ ոչ միայն քաղաքական առումով, այլեւ պատմականօրէն մօտ երկիր եւ ժողովուրդ, պէտք է կարողանայ լուրջ քայլեր անել իրանաֆոբիայի երեւոյթները հակակշռելու, որովհետեւ Իրանը այն պետութիւնը չէ, որ ներկայացնում են, Իրանը քաղաքակրթական անցեալ ունի: Այդ ուղղութեամբ իսկապէս անելիք կայ: Մեր համայնքի կենսափորձը դրա հետեւանքն է, որ մենք որպէս համայնք, հայութիւն ոչ միայն խնդիրներ չենք ունեցել, այլեւ, ընդհակառակը, ունեցել ենք ներքին զարգացում ունեցող, փթթացող համայնք եւ ոչ միայն գոյութիւնը պահպանող: Այդ իմաստով մեր կենսափորձը Իրանի իսկական դէմքը ցոյց տալու լաւագոյն օրինակն է:


Մեկնաբանութիւն գրել


Security code
Թարմացնել

 
Persian   Armenian

Ֆոտօռեպորտաժ

Տեսաֆիլմ