ԻՐԱՆՈՒՄ ՀՀ ԴԵՍՊԱՆ. «ՀՀ-ԻՐԱՆ ՔԱՂԱՔԱԿԱՆ ՅԱՐԱԲԵՐՈՒԹԻՒՆՆԵՐԻ ՄԱԿԱՐԴԱԿԸ ԲԱՐՁՐ Է, ԽՈՉԸՆԴՈՏՆԵՐ ՉԿԱՆ, ԲԱՅՑ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՅԱՐԱԲԵՐՈՒԹԻՒՆՆԵՐԸ ՆՈՅՆ ՏԵՄՊԵՐՈՎ ՉԵՆ ԶԱՐԳԱՆՈՒՄ»

Աղբիւր՝ www.alikonline.ir

Մեր կենսագործունէութեան գրեթէ բոլոր ոլորտներում կան զարգացումներ, Հայաստան-Իրան քաղաքական յարաբերութիւնների մակարդակը բարձր է, խոչընդոտներ չկան, եւ դա վերջին երկու տասնամեակի ընթացքում է ձեւաւորւել, բայց տնտեսական յարաբերութիւնները նոյն տեմպերով չեն զարգանում: Այս մասին «Շանթ» հեռուստաընկերութեան եթերում ասել է Իրանում Հայաստանի արտակարգ եւ լիազօր դեսպան Արտաշէս Թումանեանը: 

«Չնայած դրան՝ վերջին շրջանի կարեւոր քաղաքական իրադարձութիւնները ցոյց են տալիս, որ մեր երկկողմ յարաբերութիւնների օրակարգի կարեւոր հարցերի հատւածը հէնց տնտեսութեանն է վերաբերում»,-տեղեկացրել է Արտաշէս Թումանեանը:

Նրա բնորոշմամբ՝ այն, որ ՀՀ նախագահը ներկայ էր Իրանի նախագահի երդմնակալութեան արարողութեանը, զուտ արարողակարգային բնոյթ չէր կրում: «Հանդիպեցին երկու երկրի նախագահները եւ կարեւորագոյն հարցադրումներ, այդ թւում եւ առաջին հերթին տնտեսական քաղաքականութեան հարցեր դրւեցին սեղանին, լուրջ քննարկման ենթարկւեցին: Յետոյ վարչապետը բաւականին ներկայացուցչական պատւիրակութեամբ եղաւ Իրանում, եղան երկկողմ հանդիպումներ կոլեգաների միջեւ եւ առանձին նախարարների հանդիպումներ: Այն խնդիրները, որոնք այսօր հրատապ են, յամենայնդէպս, Հայաստանի համար, դրանց կարեւոր ուղենիշները որոշւած են»:

Անդրադառնալով ազատ տնտեսական գօտին զարգացնելու թեմային՝ Իրանում Հայաստանի դեսպանն ասել է, որ մենք երկու ազատ տնտեսական գօտի արդէն ունենք, որոնք, նրա կարծիքով, յաջողութեամբ գործում են, երրորդը հանրապետութեան իշխանութիւնների ջանքերով է ստեղծւում: «Մենք արդէն ԵԱՏՄ-ի մէջ էինք, եւ մեր գործընկեր երկրների համաձայնութեան կարիքը կար, ունենք այդ համաձայնութիւնը եւ Իրանի սահմանի մօտ հիմա ստեղծում ենք այդ ազատ տնտեսական գօտին ու շատ շուտով այն կսկսի աշխատել: Այն կարեւորագոյն հարթակ է  ե՛ւ Իրանի, ե՛ւ Հայաստանի, ե՛ւ Ռուսաստանի ներդրողների համագործակցութեան համար»,- ասաց նա։

Արտաշէս Թումանեանի գնահատմամբ՝ տնտեսութեան վիճակն ամենակարեւոր ցուցանիշներից մէկն է ցանկացած երկրի համար, բայց էկոնոմիկան վակուումում չի զարգանում, մշակութային մթնոլորտը, գիտական մտածողութեան վիճակը, գիտութեան վիճակը շատ կարեւոր է: Եւ այդ բնագաւառներում էլ Իրանի հետ համագործակցութիւն ունենք:

«Կրթութեան ոլորտում որոշ բաներ լաւ կը լինէր, որ աւելի լաւ վիճակում լինէին, ժամանակին ուսանողների փոխանակման աւելի բարձր ցուցանիշներ կային, ինչ-ինչ պատճառներով յետընթաց ունենք: Այսօրւայ կրթութեան նախարարութիւնը փորձում է իրադրութիւնը շտկել, մանաւանդ դիպլոմների ճանաչման խնդիր կայ, այս ուղղութեամբ աշխատանքներ կատարւում են: Գիտութեան բնագաւառում եւս համագործակցութիւն կայ, բարձր տեխնոլոգիաների բնագաւառում՝ նոյնպէս: Տնտեսութեան ճիւղեր կան, որոնք գիտատար են, գիտելիքահեն են, այդ ճիւղերում մենք որոշ ոլորտներում հաւասարը հաւասարի, երբեմն աւելին խօսելու հնարաւորութիւն ունենք, մասնաւորապէս՝ ինֆորմացիոն տեխնոլոգիաների ոլորտը»,-մանրամասնել է դեսպանը:

Նրա տեղեկացմամբ՝ Իրանից շատ յաճախ գործարարներ են գործուղւում Հայաստան: Այն բոլոր գործարարները, որ յարաբերւում են  ինֆորմացիոն տեխնոլոգիաների հայկական ընկերութիւնների եւ մասնագէտների հետ, հիացած են վերադառնում: «Մենք այդտեղ տեսնում ենք, որ մեզ համար շահաւէտ մեծ ռեզերւներ ունենք»:


Մեկնաբանութիւն գրել


Security code
Թարմացնել

 
Persian   Armenian

Ֆոտօռեպորտաժ

Տեսաֆիլմ