ԼԻՆԴՍԻ ԳՐԵՀԵՄԸ ԽՈՍՏՈՎԱՆԵԼ Է՝ ՍՊԻՏԱԿ ՏՈՒՆՆ Է ԽՆԴՐԵԼ ՎԵՏՈ ԿԻՐԱՌԵԼ ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹԵԱՆ ԲԱՆԱՁԵՒԻ ՆԿԱՏՄԱՄԲ

Աղբիւր՝ www.yerkir.am

Նոյեմբերի 13-ին Վաշինգտոնում տեղի ունեցած Թրամփ-Էրդողան հանդիպումից յետոյ ԱՄՆ հանրապետական սենատոր Լինդսի Գրեհեմը արգելափակել էր Սենատում Հայոց ցեղասպանութեան վերաբերեալ բանաձևի քւէարկութիւնը, ինչը դժգոհութիւնների մեծ ալիք բարձրացրեց:

Ըստ ամերիկեան Axios.com կայքի լրագրող Ջոնաթան Սուոնի՝ Օվալաձև սենեակում տեղի ունեցած հանդիպման ընթացքում սենատորը կշտամբել էր Էրդողանին, որն իր պլանշետով ցոյց էր տալիս տեսանիւթ, որում քրդական Սիրիայի դեմոկրատական ուժերի առաջնորդը ներկայացւում էր որպէս ահաբեկիչ: Քննադատելով Էրդողանին Սիրիա ներխուժման համար՝ Գրեհեմը յայտարարել էր. «Լաւ, կը ցանկանա՞ք բերեմ քրդերին, որոնք կը պատմեն, թէ դուք ի՞նչ էք արել»:

Գրեհեմն այնուհետև լքել էր Օվալաձև սենեակը, սակայն Սպիտակ տան բարձրաստիճան պաշտօնեաներից մէկը խնդրել էր նրան վերադառնալ Սենատ և արգելափակել Հայոց ցեղասպանութեան ճանաչման բանաձևը, որը չանելու դէպքում հունից կը հանէր Էրդողանին:

Հեռախօսազրոյցի ընթացքում Գրեհեմը նշել էր. «Սպիտակ տան օրենսդրական հարցերով պաշտօնեան ասաց, որ Բոբ Մենենդեսը (խմբ. դեմոկրատ սենատոր, Հայոց ցեղասպանութեան ճանաչման բանաձևի հեղինակ) պատրաստւում է բերել Հայոց ցեղասպանութեան վերաբերեալ բանաձևը, և խնդրեց ինձ՝ առարկել դրա վերաբերեալ: Ես ասացի՝ իհարկէ: Միակ պատճառը, որ ես արեցի դա, այն էր, որ նա (խմբ. Էրդողանը) դեռ քաղաքում էր: Դա ոչ յարմար ժամանակ էր: Ես փորձում եմ փրկել յարաբերութիւնները, եթէ դա հնարաւոր է»:

Հարցին, թէ արդեօ՞ք իրեն անյարմար է զգում Հայոց ցեղասպանութեան ճանաչման բանաձևի վրայ վետո դնելու համար, սենատորն ասել է. «Այո, որովհետև ինձ դուր է գալիս Բոբը (խմբ. Մենենդեսը): Նա դրա վրա աշխատել էր երկար տարիներ, բայց ես մտածեցի, որ քաղաքում գտնւող Թուրքիայի նախագահը, ամենայն հաւանականութեամբ, աւելին է, քան հանրութիւնը կարող էր ընդունել»,– ըստ Yerkir.am-ի՝ նշել է սենատորը և յաւելել, որ չի պատրաստւում յաջորդ քւէարկութեան դէմ առարկել:

«Յաջորդ քւէարկութիւնը» տեղի ունեցաւ անցեալ շաբաթ: Մենենդեսն ու հանրապետական սենատոր Թեդ Քրուզը դարձեալ ներկայացրել էին Հայոց ցեղասպանութեան  բանաձևը, որն այս անգամ արգելափակւեց հանրապետական սենատոր Դէյվիդ Փերդիւի կողմից՝  պատճառաբանութեամբ, որ դրա ժամանակը չէ, բանաձևը կը վտանգի Թուրքիայի և այլ դաշնակիցների հետ զգայուն յարաբերութիւնները տարածաշրջանում:

 

Մեկնաբանութիւն գրել


Security code
Թարմացնել

 
Persian   Armenian

Ֆոտօռեպորտաժ

Տեսաֆիլմ