Աղբիւր՝ www.yerkirmedia.am

Նիդերլանդների Ներկայացուցիչների պալատը գրեթէ միաձայն բանաձեւ է ընդունել` դատապարտելով Թուրքիայի նախագահի կողմից Ապրիլի 24-ի Հայոց ցեղասպանութեան զոհերի պիտակաւորումը` միաժամանակ պարտաւորեցնելով կառավարութեանը այդ դիրքորոշման մասին տեղեկացնել Թուրքիայի իշխանութիւններին: Այդ մասին «Ֆէյսբուքի» իր էջում գրել է ԱԺ փոխնախագահ Ալէն Սիմոնեանը:

«Յատուկ շնորհակալութիւն բանաձեւը նախաձեռնած քաղաքական տարբեր ուժեր ներկայացնող պատգամաւորներին եւ «Աբովեան» միութեան անդամներ Ինգէ Դրոստին եւ Մաթօ Հախվերդեանին` եռանդուն եւ արգասաբեր ջանքերի համար»,- գրել է ԱԺ փոխնախագահը:

Ապրիլի 24-ին Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ էրդողանը նամակ էր յղել Պոլսոյ Հայոց Պատրիարքական ընդհանուր փոխանորդ Արամ Աթեշեանին, որում հերթական անգամ Օսմանեան կայսրութեան կողմից ծրագրւած եւ իրականացւած Հայոց ցեղասպանութեանը զոհ գնացած 1.5 միլիոն հայերին համարել է «Առաջին համաշխարհային պատերազմի զոհեր»: Միջոցառումներից մէկի ժամանակ էլ նա ընդգծել է, որ շատերն այդ ժամանակահատւածում զոհուել են «հայկական հրոսակախմբերի ու զինւած խմբաւորումների» հրահրած անկարգութիւնների հետեւանքով: