ՀԱՅ ՊԱՏՒԻՐԱԿԸ ԵԽԽՎ-ՈՒՄ ԲԱՐՁՐԱՑՐԵԼ Է ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹԵԱՆ ՃԱՆԱՉՄԱՆ ԱՆՀՐԱԺԵՇՏՈՒԹԵԱՆ ՀԱՐՑԸ

Աղբիւր՝ www.yerkirmedia.am

Եւրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի գարնանային նստաշրջանի նիստում հայկական պատւիրակութեան անդամ, «Իմ քայլը» խմբակցութեան պատգամաւոր Վլադիմիր Վարդանեանն օգտագործել է այդ հարթակը` բարձրացնելով Հայոց ցեղասպանութեան ճանաչման և դատապարտման հետ կապւած համապատասխան գործելակերպ որդեգրելու հարցը: ԱԺ-ում պատւիրակութեան անդամների հրաւիրած ասուլիսում այս մասին խոսեց Վարդանեանը:

«Օրակարգում ընդգրկւած էր ատելութեան խօսքի հետ կապւած բաւականին լուրջ հատւած: Եւ դրա շրջանակում ես իմ ելոյթում անդրադարձ եմ կատարել ատելութեան խօսքին: Ոչ մի ցեղասպանութիւն հնարաւոր չէ իրագործել առանց ատելութեան խօսքի: Ընդ որում՝ հարց բարձրացւեց առ այն, որ թեեւ 100 տարի է անցել Հայոց ցեղասպանութիւնից, այդուհանդերձ մենք Եւրոպայի խորհրդի անդամ երկրներում բախւում ենք հայատեացութեան տարբեր դէպքերին: Եւ այս տեսանկիւնից մենք օգտագործելու ենք այս հարթակը` պահանջելով Հայոց ցեղասպանութեան ճանաչման և դատապարտման հետ կապւած համապատասխան գործելակերպ որդեգրել, և փորձելու ենք մեր ելոյթների ու գործունէութեան միջոցով հնարաւորինս նւազեցնել հետագայում որևէ ցեղասպանութեան իրագործման հնարաւորութիւնը»,- ասաց Վարդանեանը: