Աղբիւր՝ www.yerkirmedia.am

Միացեալ Նահանգների Կոնգրէսի Ներկայացուցիչների պալատի աւելի քան 70 անդամ միացել է կոնգրէսականներ Ադամ Շիֆի եւ Գուս Բիլիրակիսի` Հայոց ցեղասպանութեան վերաբերեալ նոր բանաձեւ ներկայացնելու նախաձեռնութեանը: Նրանք կոչ են անում ամերիկեան կառավարութեանը ճանաչել եւ յիշատակել Հայոց ցեղասպանութիւնը, նաեւ շեշտում, որ այս ցեղասպանութեան մասին իրազեկւածութեան բարձրացումը կարեւոր է նմանատիպ յանցագործութիւնները յետագայում կանխելու առումով:

«Ցեղասպանութեան ժխտումը ոչ միայն շարունակում է վնաս հասցնել վերապրածներին, այլեւ աւելի հաւանական է դարձնում դրա կրկնութիւնն այլ ժողովուրդների նկատմամբ»,- ասել է Ադամ Շիֆը:

Գուս Բիլիրակիսն էլ ընդգծել է, որ Հայոց ցեղասպանութեան ճանաչումը Վաշինգտօնի արտաքին քաղաքականութեան նոր ու համարձակ էջ կը դառնայ: Նրա խօսքով` ժամանակն է, որպէսզի ԱՄՆ-ն դէմ հանդէս գայ Թուրքիայի ժխտողական քաղաքականութեանը: