ՀԱՅԵՐԻ ԱՆՑԵԱԼԸ ԴԵՌ ՉԻ ԱՒԱՐՏՒԵԼ. New York Times-Ի՝ ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹԵԱՆ ՄԱՍԻՆ ՖԻԼՄԵՐԻ ՎԵՐԱԲԵՐԵԱԼ ՈՒՇԱԳՐԱՒ ԱՆԴՐԱԴԱՐՁԸ

Աղբիւր՝ www.yerkir.am

Ամերիկեան New York Times-ն անդրադարձել է Ջոյ Բեռլինգերի` Հայոց ցեղասպանութեան մասին «Բնաջնջման մտադրութիւն. մահ, ժխտում եւ նկարագրում» վաւերագրական ֆիլմին:

Քէն Եաւորովսկու հեղինակած «Հայերի անցեալը դեռ չի աւարտւել» վերնագրւած յօդւածում մէջբերւում են յայտնի պատմական փաստեր օսմանեան թուրքերի կողմից սպանւած 1.5 մլն հայերի մասին:

«Այն, ինչ պէտք է ճանաչւած փաստ լինէր, շարունակում է սադրիչ թեմա մնալ, քանի որ թուրքական կառավարութիւնը շարունակում է անտեսել կամ հերքել մէկ դար վաղեմութեան դէպքերը` ստիպելով բիզնես ոլորտի ներկայացուցիչներին ու միւս կառավարութիւններին նոյն կերպ վարւել»,- գրել է նա:

Եաւորսկին մանրամասներ է ներկայացրել ֆիլմից, ըստ նրա` Բեռլինգերն օգտագործել է Ցեղասպանութիւնը վերապրածների հին տեսագրութիւններն ու պատմական փաստեր` յանցագործութիւնների ամբողջական պատկերը կազմելու համար:

Եաւորովսկին իր յօդւածում նաեւ բարձրացրել է այն փաստը, որ թուրքական կառավարութիւնը յաճախ ճնշում է գործադրել կինոստուդիաների վրայ` Հայոց ցեղասպանութեան մասին ֆիլմերը «Դարակներում թողնելու» համար:

Հեղինակն իր յօդւածը եզրափակել է Ցեղասպանութեան մասին ֆիլմի վերջում երեւացող գիտնականներից մէկի խօսքով. «Եթէ դուք ուզում էք հասկանալ Հարաւսլաւիայի սպանդը, Ռուանդայի ցեղասպանութիւնը, ինչպէս նաեւ մեր օրերում իրագործւող  զանգւածային դաժանութիւնները, պէտք է իսկապէս ուսումնասիրէք Հայոց ցեղասպանութիւնը: Պատմութիւնն անցեալում չէ»:

Եաւորովսկին իր յօդւածում ներկայացրել է նաեւ ֆիլմում ցուցադրւած` Ցեղասպանութեան մասին կադրեր: Դրանցից մէկում հնագէտները պեղում են զանգւածային գերեզմանոցներն ու հանում Ցեղասպանութեան զոհերի մնացորդները:

 
 

Մեկնաբանութիւն գրել


Security code
Թարմացնել

 
Persian   Armenian

Ֆոտօռեպորտաժ

Տեսաֆիլմ