ՄԵՐ ԼԻՆԵԼՈՒԹԵԱՆ ԳՐԱՒԱԿԱՆԸ

Աղբիւր՝ www.yerkir.am

1918 թւականի Մայիսի 28-ին, աշխարհաքաղաքական բարդ իրավիճակում, թրքական ոճրագործ բանակի գործողութիւնները Արեւելեան Հայաստանում արիաբար կասեցնելով եւ ինքնապաշտպանական հերոսական մարտերից յետոյ, իրագործւեց հայ ժողովրդի դարաւոր երազանքը՝ հիմնադրւեց Հայաստանի անկախ Հանրապետութիւնը:

Ներքին ճակատում՝ Հայաստանի անկախ Հանրապետութեան հռչակումը տւեալ ժամանակաշրջանի քաոսային պայմաններում, բացառիկ հնարաւորութիւն էր ցեղասպանութեան ենթարկւած, հայրենազրկւած, արիւնաքամ, հիւծւած եւ տարագիր հայութեան վերջին բեկորների համար պաշտպանւելու հայութեանը վերջնականապէս բնաջնջելու Օսմանեան Թուրքիայի ոճրագործ բանակի գործողութիւններից, տապալել պանթուրքիստական ծրագրերը եւ երաշխաւորել իր լինելութիւնը` սեփական հայրենիքում:

Արտաքին ճակատում եւս առկայ էին բազմաթիւ խոչընդոտող գործօններ. Հայաստանի անկախ Հանրապետութեան հռչակումը չէր համընկնում դաշնակից պետութիւնների՝ Անգլիայի եւ Ֆրանսիայի տարածաշրջանային քաղաքական շահերին: Նրանք անտեսելով Օսմանեան Թուրքիայի իրաւազուրկ ժողովուրդների, ի մասնաւորի տեղի հայութեան պահանջները, հիմնականում առաջնորդւում էին իրենց կայսերապաշտական շահերով եւ աշխատում անյապաղ սահմանել յետ-պատերազմական ժամանակաշրջանի նոր աշխարհակարգն ու ստատուս քւօն՝ հիմք ընդունելով 1916 թ. Մայիսին կնքւած Սայքս-Պիկոյի գաղտնի համաձայնագիրը, որի մէջ բացակայում էին Հայաստանն ու հայկական անունները:

Իրադարձութիւնների վերոնշեալ զարգացումները հաշւի առնելով Հայաստանի անկախ Հանրապետութեան հիմնադրութիւնն անսպասելի, սակայն խիզախ ձեռքբերում էր մեր ժողովրդի համար, որն իրագործւեց հիմնադիր ղեկավարութեան գաղափարապաշտութեան, զոհաբերութեան, յանդգնութեան եւ ժողովրդի հերոսական դիմադրողականութեան շնորհիւ:

Հրաշքին համազօր այս մեծ յաղթանակը մեզ պարգեւեց սեփական ժողովրդին ծառայելու վճռակամ, իրենց կեանքը հայ ժողովրդի ազատութեան եւ անկախութեան բագինին նւիրաբերած գաղափարապաշտ փաղանգի ներկայացուցիչներ՝ Ռոստոմներ, Արամներ, Ռուբէններ, Վրացեաններ, Քաջազնունիներ, Դրօներ, Սիլիկեաններ, Նազարբէգեաններ եւ հազարաւոր այլ նւիրեալներ, որոնց կուռքի նման պաշտում եւ բացարձակ վստահութեամբ էին հաւատում հայ գիւղացին ու ֆիդային, զինւորն ու սպան, աշխատաւորն ու արհեստաւորը, ուսուցիչն ու մտաւորականը, մի խօսքով` ժողովրդի բոլոր խաւերը: Հաւաքական կամքի հզօրութիւնն ապացուցող փայլուն այս օրինակը հանդիսացաւ հայ ժողովրդի ազատագրական պայքարի գաղափարական աւիւնը վերջին 100 տարիների ընթացքում:

Բնականաբար մեր ժողովրդի նորագոյն պատմութեան շրջադարձային այդ ժամանակաշրջանի քաղաքական իրավիճակի վերծանումը պատահականօրէն չներկայացւեց. դա կարեւոր եւ արդիական է ոչ միայն պատմաքաղաքական հարցերի նկատմամբ մեր յիշողութիւնները թարմացնելու առումով, այլ համեմատութեան եզրեր գտնելու համար անցեալի եւ ներկայի միջեւ եւ բացայայտելու պատմական այդ մեծ յաղթանակի պատճառները, դրանցից ուսանելի դասեր քաղելու՝ վերանկախացած Հայաստանի առջեւ ծառացած մարտահրաւէրները յաղթահարելու համար:

Այս օրերին համայն հայութիւնը մեծ խանդավառութեամբ նշում է Հայաստանի Հանրապետութեան հիմնադրութեան 100-ամեակը, վերանկախացած Հայաստանի եւ Արցախի հանրապետութիւնների 27-ամեակի փաստը արձանագրելով: Անկասկած 27-ամեայ վերանկախացած Հայաստանի հերթական իշխանութիւնների ձեռքբերումներն ու բացթողումները լաւագոյնս ապացուցում են այն, թէ որքանով ենք յաջողել դաս քաղել առաջին հանրապետութեան ժամանակաշրջանի պատմական փորձառութիւններից, փորձել չկրկնել սխալներն ու չվտանգել մեր ձեռքբերումները:

27 տարիների ընթացքում մեր զոյգ հանրապետութիւնները քաղաքական ու տնտեսական, ներքին ու արտաքին դժւարութիւններով հանդերձ որոշակի ձեռքբերումներ են արձանագրել պետութեան կայացման եւ ամրապնդման, ազատագրւած Արցախի պաշտպանութեան, քայքայւած տնտեսութեան վերականգնման, Սփիւռք-Հայաստան յարաբերութիւնների, Ցեղասպանութեան միջազգային ճանաչման, Հայ Դատի եւ այլ ոլորտներում:

Այդուհանդերձ նշւած ձեռքբերումները, տնտեսական եւ քաղաքական կայուն զարգացման համար անհրաժեշտ նախադրեալների բացակայութեան, անարդիւնաւէտ կառավարման համակարգի, կոռուպցիայի եւ հայութեան հաւաքական ներուժը օպտիմալ չափով չօգտագործելու պատճառով, աննշան դերակատարութիւն են ունեցել Հայաստանի Հանրապետութեան տնտեսութեան հզօրացման եւ պետականութեան ամրապնդման ուղղութեամբ:

Դրա մասին են վկայում տնտեսութեան ոլորտում արձանագրւած ցածր ցուցանիշները, աղքատութեան բարձր տոկոսը, հասարակութեան բեւեռացումը, տնտեսական միջավայրի մենաշնորհային կացութիւնը եւ այլն, որոնց պատճառով հասարակութեան մօտ առաջացել է անվստահութիւն հերթական իշխանափոխութիւնների նկատմամբ:

Բաւական է յիշատակել այն փաստը, որ 1991-2018 թթ. ընթացքում տեւական դժգոհութիւնների պատճառով իշխանափոխութեան գործընթացը Հայաստանում իրականացւել է զանգւածային ցնցումների եւ ներքաղաքական իրավիճակի լարւած մթնոլորտում:

2018 թ. Համաժողովրդական շարժումը եւս պիտի դիտարկել վերոնշեալ տեսանկիւնից, որը հիմնովին տարբերւում էր նախորդներից՝ երիտասարդութեան զանգւածային ընդգրկւածութեան, խաղաղ բնոյթի եւ պայքարի նոր մեթոդների համար, սակայն միեւնոյն պահանջով, այն է՝ անարդար համակարգի եւ այլեւս ժողովրդին չծառայող իշխանութեան փոփոխութիւն:

Մայիսի 8-ին, իշխանափոխութեամբ հանգուցալուծւած համաժողովրդական շարժման ձեռքբերումները մեր եւ գալիք սերունդների համար կարող են մնայուն արժէք դառնալ եթէ չմարեն համակարգային փոփոխութիւնների կամքը, երկփեղկւած ու բեւեռացւած հասարակութիւնը փոխելու անհրաժեշտութեան գաղափարը եւ արդարութեան վերականգնման վճռականութիւնը:

Առաջին հանրապետութեան հիմնադիրների նւիրումը, արդարութիւնը եւ ժողովրդավարութիւնը ամրագրելու նրանց քաղաքական պահւածքը, վստահութիւն հաղորդեցին ժողովրդին՝ բարձրացնելով նրա տոկունութիւնը անսահման դժւարութիւնները յաղթահարելու ուղղութեամբ, միաժամանակ հաւատ ներշնչելով Հայաստանի անկախ Հանրապետութեան նկատմամբ, յաջորդական սերունդներին փոխանցելով դրա ճակատագրական իմաստը:

Սա է տեւական ցնցումներից մեր հանրապետութիւնը ձերբազատելու հնարաւորութիւնը:

Սա է առաջին հանրապետութեան հիմնադիրներից մեզ փոխանցւած պատմական դասը եւ մեր լինելութեան գրաւականը:

Կեցցէն Հայաստանի անկախ Հանրապետութեան հիմնադիրները:

Շնորհաւոր բոլորիս Հայաստանի Հանրապետութեան 100-ամեակը:


Նոէլ Մինասեան
Նոր Ջուղա


Մեկնաբանութիւն գրել


Security code
Թարմացնել

 
Persian   Armenian

Ֆոտօռեպորտաժ

Տեսաֆիլմ