ՀՀ ՎԱՐՉԱՊԵՏ ԿԱՐԷՆ ԿԱՐԱՊԵՏԵԱՆԻ ԿՈՉԸ ՍՓԻՒՌՔԱՀԱՅՈՒԹԵԱՆԸ

Աղբիւր՝ www.mindiaspora.am

Սիրելի՛ հայեր, սփիւռքի մեր հայրենակիցնե՛ր,

Պատիւ ունեմ կոչով դիմելու ձեզ եւ բոլոր նրանց, ովքեր անտարբեր չեն Հայաստանի նկատմամբ, մասնակից լինել հայրենիքի ապագայի կառուցմանը:

Հայաստանը եւ Սփիւռքը մէկ ամբողջի երկու մասն են` միմեանց հետ կապւած պատմութեան մէկ շղթայով, մէկ ճակատագրով, հայրենիքի ապագայի վերաբերեալ անհանգստութեամբ: Մենք պատասխանատւութիւն ունենք մէկս միւսի նկատմամբ, որը մեզ համոզում է միաւորել ուժերը, բազմապատկել հնարաւորութիւններն ու շտկել մեր կեցւածքը աշխարհի նիստուկացի մէջ: Մենք այլ տարբերակ չունենք, քան լաւ երկիր կառուցելու եւ հզօր ու արդար Հայրենիք ունենալու հրամայականը:

Ժամանակն է, որ շրջւենք ու ասենք ինքներս մեզ` փոխել կարող ենք միայն մեր ուժով ու մեր խելքով:

Մեր անկախութեան ճանապարհին ունեցել ենք յաջողութիւններ, նաեւ սխալներ` օբյեկտիւ ու սուբյեկտիւ գործօններով պայմանաւորւած: Գիտակցել ենք բացթողումները, եւ հերթական սխալները թոյլ տալու իրաւունք այլեւս չունենք:

Մեր երկրի աշխարհաքաղաքական դիրքը եւ այսօրւայ մարտահրաւէրները պարտաւորեցնում են մեզ լինել խելացի եւ խելացի օգտագործել մեր մրցակցային առաւելութիւնները: Մեր հարստութիւնն այսօր որոշւում է ոչ թէ նաւթով ու գազով, այլ Հայաստանի, Սփիւռքի եւ Արցախի խելացի մարդկային ներուժով:

Մենք գնում ենք փոփոխութիւնների եւ այդ հորիզոնին հասնելու համար ունենք մէկ յստակ բանաձեւ` հայրենասէր թիմ, կամք, խելացի կառավարում եւ ծրագրեր, որոնք շարժիչ ուժ կը հանդիսանան միջավայրը որակապէս փոխելու համար:

Մենք հրաւիրում ենք սփիւռքի մեր կառավարիչներին, մշակութային գործիչներին, կրթութեան եւ գիտութեան ոլորտի միջազգային ճանաչում ունեցող հայրենակիցներին մասնակից դառնալ երկրում ընթացող բարեփոխումներին` առաջին հերթին կառավարման նոր մշակոյթ բերելու, սփիւռքի մեր լաւագոյն մասնագէտների գիտելիքներն ու ներուժը համահայկական նպատակներին ծառայեցնելու համար:

Այս առումով սփիւռքը մեզ համար առաւելութիւն է: Չօգտագործել սփիւռքի ներուժը, նշանակում է լինել եսակենտրոն ու ներփակւած: Չտրամադրել սփիւռքում առկայ առաջադէմ միտքը մեր գործընկերներին, երիտասարդներին եւ ուսանողներին, նշանակում է լինել անարդիւնաւէտ այսօրւայ արագ փոփոխւող աշխարհում:

Սփիւռքի մշակոյթը պէտք է նկատելի լինի մեր կեանքում․ իւրաքանչիւր շփում մեր հայրենակիցների հետ, վստահ եմ, նոր լիցք եւ ոգեւորութիւն կը հաղորդի մեզ, որի արժէքաւորումը, գուցէ, հաշւարկելի չէ, բայց արդիւնքը միանշանակ կարող է բերել աշխարհայեացքի փոփոխութեան, արժեհամակարգերի նկատմամբ հանդուրժողականութեան, կառավարման ու աշխատանքի արդիւնաւէտութեան բարձրացման: Սա արդէն կը լինի բոլորիս յաջողութիւնը:

 Սիրելի ՛ հայրենակիցներ,

Վստահ եմ, որ ձեր անմիջական մասնակցութեամբ հնարաւորութիւն կունենանք արագ արդիւնքներ արձանագրել առանցքային ոլորտներում եւ տարածաշրջանում ունենալ տնտեսական, առողջապահական, կրթական առաջատար համակարգեր:

Պահպանելով աւանդական արժէքները` միաժամանակ բաց եւ հանդուրժող լինել զարգացող արտաքին աշխարհի համար: Ձեր միջոցով այլ ազգերի մշակոյթների լաւագոյն հմտութիւնները փոխառնել ու նաեւ աւելի ճանաչելի դարձնել Հայաստանը աշխարհին:

Անկախ նրանից, թէ որ երկրում ենք ապրում, ես ներքին համոզմունք ունեմ, որ բոլորիդ ուշքն ու միտքը Հայաստանում է, եւ բոլորիդ մօտ հպարտութեան ու արժանապատւութեան զգացողութիւնը պայմանաւորւած է նաեւ Հայաստանի բարեկեցութեամբ: Ուրեմն ամէն ինչ անենք, որպէսզի մէկս միւսին ուժեղացնենք, միաւորւենք ու միասին կառուցենք երկրի ապագան, որպէսզի մեր երեխաները վստահ լինեն, որ Հայաստանը ժամանակ անց չի զիջելու առաջադէմ այն երկրներին, ուր հայերը յաճախ գնում են լաւ կեանքի ակնկալիքով:

Վստա՛հ եղէք, ամենալաւ երկիրը հայերի համար Հայաստանն է լինելու:

Մեր երկրի ապագայով մտահոգ, անհանգիստ ու պարզապէս սրտի կանչ ունեցող իւրաքանչիւր հայ մարդ անելիք ունի այս ճանապարհին:

Անկախ ապրելու վայրից, կուսակցական պատկանելութիւնից եւ սոցիալական դիրքից` մենք բոլորս ունենք մէկ գաղափար, որի շուրջ պէտք է միաւորւենք եւ համախմբւենք` ուժեղ, պատմական արժէքներն ու աւանդոյթները պահպանող, բայց եւ ժամանակակից, հպա՛րտ Հայաստան:

Կոչ եմ անում` միասին ստեղծենք այնպիսի հայրենիք, որ աշխարհում հպարտութեամբ մեզ հայ կոչենք:

Սիրով սպասում ենք ձեզ:


Մեկնաբանութիւն գրել


Security code
Թարմացնել

 
Persian   Armenian

Ֆոտօռեպորտաժ

Տեսաֆիլմ