Աղբիւր՝ www.yerkir.am

Յունւարի 7-ը նշանակալից եւ պատմական թւական պիտի դառնայ հալէպահայերի յիշողութեան եւ պատմութեան մէջ. գրում է Հալէպի «Գանձասար» պարբերականը:

Այսօր առաւօտեան Մեծի Տանն Կիլիկիոյ Արամ Ա. Վեհափառ Հայրապետը իրեն ընկերակցող շքախմբով` պետական, ազգային մարմինների ներկայացուցիչների հետ այցելել է նախ Հալէպի Ս. Քառասնից Մանկանց Մայր եկեղեցի եւ ականատեսը եղել ահաբեկչական հրթիռակոծումների պատճառած աւերներին:

Նրան ուղեկցել են Բերիոյ Հայոց Թեմի առաջնորդ Գերշ. Տէր Շահան Սրբ. Արք. Սարգիսեանը, որը վեհափառին իրազեկել է եկեղեցու կառոյցի մասնակի վնասների մասին:

Այցելութեան յաջորդ վայրը եղել է Հալէպի Օմայադ պատմական մզկիթը, որն ունի 1300 տարւայ պատմութիւն: Մզկիթի մուտքի մօտ վեհափառ հօրն ու նրան ուղեկցողներին ընդունեցին իսլամ հոգեւորականները:

Հալէպի հոգեւոր կալւածքների տնօրէնը տեղեկացրել է, թէ ինչպէս են ահաբեկիչները քանդել մզկիթն ու թալանել պատմական գանձերը` դրանց մի մասը փախցնելով Թուրքիա, միւս մասը` Հալէպի հիւսիսային արւարձաններ:

Այնուհետ Արամ Ա. կաթողիկոսն այցելել է Հալէպի պատմական բերդ, տեսել դրա շուրջ եղած աւերներն ու համատարած քանդումները, հարցազրոյց է տւել լրատւամիջոցներին` մէջբերելով Վիկտոր Հիւգոյի խօսքը «Այստեղից թուրքերն են անցել» : Նա յաւելել է, որ ցեղասպան թուրքը ինչպէս 100 տարի առաջ մեր պատմական հայրենիքում, այժմ էլ Սիրիայում է մահ ու աւեր սփռում:

«Հալէպը խորհրդանիշն է սիրոյ եւ խաղաղութեան ու ես վստահ եմ, որ այն պիտի վերականգնւի»,- նշեց Վեհափառ Հայրապետը:

Վեհափառն իր ուղեկիցների հետ եղել է նաեւ Նոր Գիւղ հայաշատ թաղամասում, այցելել ահաբեկիչների կողմից հրկիզւած Սուրբ Գէորգ եկեղեցին:

Այստեղ հայ տղաները նրան պատմել են 2013 թւականին եկեղեցու հրկիզման մանրամասները. Արամ Ա. Վեհափառը շրջել է եկեղեցում եւ աղօթել, ապա ասել. «Գտնւում եմ Սուրբ Գէորգ եկեղեցում` հրկիզւած, քանդւած, կողոպտւած, նոյն Ցեղասպան թուրքի հետքն եմ տեսնում այստեղ: Քիչ առաջ շրջեցի Հալէպի տարբեր թաղամասերում, տեսայ ահաւոր աւեր, սարսափ ու մահ: Որքան ճիշտ է ֆրանսիացի մտաւորական Վիկտոր Հիւգոյի խօսքը, թէ. «Այստեղից թուրքն է  անցել, հետեւաբար ամէն տեղ մահ է, քանդում ու սարսափ»: Մեր ժողովուրդը կարող է վկայել այս մասին: Արեւմտեան Հայաստանով, Կիլիկիայով դարձեալ թուրքն է անցել ու քանդել, աւերել ու մէկուկէս միլիոն հայ ջարդել: Եւ այսօր այս տագնապահար Հալէպի մեր սիրելի ժողովրդի դիմաց, մենք հաւաքական հաւատով, յոյսով ու կամքով պէտք է դիմագրաւենք ու մանաւանդ վերակերտենք Հալէպի հայութեան կեանքը, մեր կառոյցները: Վերաշինենք ոչ միայն ֆիզիկական իմաստով, այլ նաեւ մեր համայնքը վերակազմակերպելով: Ես այս յուսով ու յանձնառութեամբ ողջունում եմ Հալէպի մեր սիրելի ժողովրդին եւ վստահ եմ, որ հայութիւնն ամէն տեղ զօրակից, լծակից ու մասնակից պիտի դառնայ սիրիահայութեան եւ յատկապէս հալէպահայութեան վերականգնման ու վերածաղկման աշխատանքներին»:

Վեհափառն այցելել է նաեւ Սիրիայի Օգնութեան խաչի բժշկական կենտրոն, տեսել դրա վնասները:

Այցելութեան յաջորդ կայանը եղել է Հալէպի Կարէն Եփփէ ազգային ճեմարանը: Ճեմարանի տնօրէն Յակոբ Քիլեճեանն ու խնամակալութիւն ներկայացուցիչները հաստատել են, որ առաջիկայ տարում աշակերտները դարձեալ պէտք է յաճախեն ճեմարան` շէնացնելով 70-ամեայ կրթօջախը:

Արամ Ա.-ի գլխաւորած պատւիրակութիւնը նաեւ մոմ է վառել հայկական թաղամասերի պաշտպանութեան ղեկավար, նահատակւած Րաֆֆի Բչաքճեանի յիշատակին նւիրւած մատուռի մօտ, ապա այցելել Ազգային Սահակեան վարժարան, որտեղ զրուցել է նւիրեալ հայ տղաների հետ ու բարձր գնահատել նրանց ազգանւէր ծառայութիւնը` պատերազմական այս ծանր պայմաններում:

Սուրբ Գրիգոր Լուսաւորիչ եկեղեցում վեհափառը գոհաբանական աղօթք է մատուցել առ Աստւած, ապա հանդիպել Ազգային պատսպարանի պատասխանատուների եւ սաների հետ:

5 տարի շարունակ  Հալէպի բախումնային շրջաններում գտնւող հայկական եկեղեցիների  զանգերը կրկին ղօղանջեցին` աւետելով ՆՍՕՏՏ Արամ Ա. Վեհափառ Հայրապետին այցելութիւնն ու Հալէպի խաղաղութեան վերահաստատումը: