Աղբիւր՝ www.alikonline.ir

«ԱԼԻՔ» - «ԱԼԻՔ» օրաթերթի 85-ամեակի առիթով Թեհրան ժամանած հայաշխարհի ԶԼՄ-ների ներկայացուցիչները հանդիպել են իրանական մեդիայի ներկայացուցիչների հետ:

Հայկական պատւիրակութիւնը նախ այցելել է «Թասնիմ» լրատւական գործակալութիւն, որտեղ ծանօթացել են գործակալութեան հնարաւորութիւններին եւ հանդիպել են տնօրինութեան եւ լրագրողների հետ:

Հանդիպմանը կողմերը քննարկեցին փոխադարձ հետաքրքրութիւն ներկայացնող թեմաներ: «Թասնիմ» գործակալութիւնից յետոյ, հայկական մեդիայի ներկայացուցիչներն այցելեցին «ՋամէՋամ» օրաթերթի խմբագրութիւն:

Խմբագրութիւնում շրջայցից յետոյ, հայ լրագրողները հանդիպեցին «Ջամ է Ջամ»-ի գործադիր տնօրէն դոկտ. Մորադ Էնադիի, գլխաւոր խմբագիր տկն. Մեսրիի եւ Հանրային կապերի պատասխանատու պրն. Եաղուբիի հետ:

Հանդիպմանը կարեւորեց հայ-իրանական կապերի ամրապնդումն ու ընդլայնումը:

Երէկ, հայկական մեդիաշխարհի ներկայացուցիչների երրորդ կանգառը Իրանում ՀՀ դեսպանութիւնն էր:

ՀՀ արտակարգ եւ լիազօր դեսպան Արտաշէս Թումանեանի եւ դեսպանութեան անձնակազմի հետ հանդիպման ժամանակ, պրն. դեսպանը մանրամասն վերլուծական ներկայացրեց Իրան-Հայաստան յարաբերութիւնների, իրանահայ համայնքի վիճակի, կարողութիւնների եւ հնարաւորութիւնների մասին՝ կարեւորելով համայնքի դերը հայ-իրանական յարաբերութիւնների ամրապնդման գործում: Հիւրերի անունից ողջոյնի խօսքով հանդէս եկան «Կալիֆորնիա կուրիէր» թերթի գլխաւոր խմբագիր Յարութ Սասունեանն ու ՀՅԴ Բիւրոյի մամլոյ դիւանի պատասխանատու Արտաշէս Շահբազեանը:

Կայացած հանդիպումների աւարտից յետոյ հիւրերը այցելեցին Թեհրանի մի շարք տեսարժան վայրեր:

Նշենք, որ հայկական մեդիայի ներկայացուցիչներին ընկերակցում էին Թ. Հ. Թ. Թեմական խորհրդի փոխատենապետ Վարուժ Յովհաննիսեանը, Իսլ. խորհրդարանում Սպահանի եւ հարաւային իրանահայութեան նախկին պատգամաւոր Ռոբերտ Բեգլարեանը, իրանահայ լրագրող Սերգէյ Բարսեղեանն ու Գրիգոր Ղազարեանը: