ԱՄԵՐԻԿԱՀԱՅԵՐԸ ՄԻԱՑԱՆ ՍԻՐԻԱՅՈՒՄ ԽԱՂԱՂՈՒԹԵԱՆ ՀԱՍՏԱՏՄԱՆ ՀԱՄԵՐԿՐԱՅԻՆ ՆԱԽԱՁԵՌՆՈՒԹԵԱՆԸ

Լոս Անջելեսի հայ համայնքի հարիւրաւոր ներկայացուցիչներ Սեպտեմբերի 9-ին միացան երկրի բազմահազար այն քաղաքացիներին, ովքեր դէմ են արտայայտւում Սիրիայի դէմ Ամերիկայի հնարաւոր յարձակմանը: Հայ Դատի Յանձնախմբի Գլենդելի գրասենեակը հայաշատ քաղաքում կազմակերպել եւ համակարգում էր մոմավառութեան ձեռնարկը՝ մաս դառնալով նոյն երեկոյեան երկրի 250 այլ քաղաքներում անցկացւող միաժամանակեայ նախաձեռնութեանը, որ համատեղ կազմակերպել էին ութ միլիոն անդամ ունեցող  «MoveOn.org», Լոս Անջելեսի Մարթին Լիւթեր Քինգի Կոալիցիա եւ մի շարք այլ քաղաքացիական կազմակերպութիւններ:

«Խաղաղութիւն չի կարող ծնւել բռնութիւնից, նախայարձակումից, հրետակոծութիւններիից ու պատերազմից», նման ուղերձով ներկայացան ձեռնարկի ընթացքում հանդէս եկած բանախօսները: Նրանք կոչ ուղղեցին հայ համայնքին՝ նամակներ յղել Կոնգրեսում իրենց ներկայացուցիչներին եւ յորդորել դէմ արտայայտւելու Սիրիայի վրայ յարձակման նախագահ Օբամայի նախագծին:

«Միացեալ Նահագների ռազմական հարւածները յանգեցնելու են առաւել արիւնահեղութեան եւ ունենալու են անկանխատեսելի հետեւանքներ: Դրանք ապակայունացնելու են իրավիճակը՝ վատթարացնելով հակամարտութիւնը եւ մեզ տանելով դէպի ճահիճ: Այսօր, մարդու իրաւունքների կոպիտ ոտնահարումներ ապրած եւ Ցեղասպանութիւն ապրած հայերի ժառանգները, որ ապաստան էին գտել Սիրիայում, գտնւում են հակամարտութեան թէժ գծում: Եթէ Ա.Մ.Ն.-ի ռազմական միջամտութեամբ հնարաւոր լինէր կասեցնել բռնութիւնը եւ խաղաղութիւն հաստատել, մենք կը դիտարկէինք նման որոշումը, սակայն այսօր արդէն պարզ է, որ դա չէ Ա.Մ.Ն.-ի ներխուժման առաքելութիւնը»,- նշեց Հայ Դատի Յանձնախմբի Գլենդելի մասնաճիւղի ատենապետ Պերճ Կարապետեանը: Նա ընթերցեց Հայ Դատի Յանձնախմբի ատենապետ Քեն Խաչիկեանի Ա.Մ.Ն.-ի Կոնգրեսին ուղղւած նամակը, որտեղ կոչ է արւում գտնել հարցի դիւանագիտական լուծում եւ հակամարտող կողմերին յորդորել դադարեցնելու խաղաղ քաղաքացիների նկատմամբ իւրաքանչիւր յարձակում: Ձեռնարկի բանախօսներից՝ Հայ Դատի Յանձնախմբի ազգային խորհրդի նախագահ Սեդօ Պոյաճեանն էլ նշեց, որ վտանգւած է Սիրիայի հայ համայնքը, եւ այս իմաստով է նաեւ, որ աշխարհասփիւռ հայերը լուրջ մտահոգութիւններ ունեն:

«Այսօր Լոս Անջելեսի համայնքը նոյնքան մտահոգ է, որքան ողջ աշխարհի հայերն ու Հայաստանը, քանզի սիրիահայերը մեր հայրենիքի եւ հայ ժողովրդի մի մասն են: Սա նշանակում է, որ եթէ մեր գաղութներից որեւէ մէկը վնասուի, վնասը նաեւ հայրենիքինն է եւ մնացեալ համայնքներինը: Մենք համոզւած ենք, որ զինեալ միջամտութիւնը, բիրտ ուժի գործադրումը առիթ կը տան նոր եւ յաւելեալ զինեալ միջամտութիւնների, նոր զոհերի: Ըստ այդմ, Ա.Մ.Ն.-ի կառավարութիւնը փոխանակ հրետակոծելու, պէտք է խաղաղ միջոցներ կիրառի՝ տրամադրելով մարդասիրական օգնութիւն»,- իր խօսքում նշեց բանախօսը: Պոյաճեանը նաեւ նշեց, որ Սիրիայի վրայ յարձակումը միջազգային օրէնքի խախտում է, քանզի Մ.Ա.Կ.-ը սահմանում է, որ նման յարձակումների որոշումը պէտք է կայացւի Անվտանգութեան խորհրդում: «Մենք չենք ցանկանում, որ մեր երկիրը դառնայ օրինախախտ եւ նախայարձակ լինի, հակառակը՝ ցանկանում ենք, որ խաղաղութիւն հաստատի, յարգի մարդու իրաւունքները, եւ հոգայ ազգային փոքրամասնութիւնների եւ նրանց շարքում՝ Սիրիայում բնակւող շուրջ 100 հազար հայերի անվտանգութիւնը»,- յայտարարեց Սեդօ Պոյաճեանը:

Սիրիայի դէմ Ա.Մ.Ն.-ի յարձակմանը հայ-ամերիկեան դեմոկրատների միութեան անունից դէմ արտայայտւեց նախագահ Կարօ Աւանէսեանը՝ նշելով, որ ամերիկահայ դեմոկրատները նամակով դիմել են կոնգրեսական Ադամ Շիֆին՝ յորդորելով դէմ հանդէս գալ Ա.Մ.Ն.-ի Սիրիա ներխուժմանը: Սիրիա ներխուժման դէմ ելոյթ ունեցաւ նաեւ Գլենդելի դպրոցական միացեալ վարչութեան Կրթական Խորհրդի փոխնախագահ Նայիրի Նահապետեանը:

Գլենդելի Երիտասարդական կենտրոնում հաւաքւած աւելի քան երկու հարիւր մարդ  մասնակցեց մոմավառութեանը՝ միաժամանակ Սիրիայի վրայ յարձակման դէմ արտայայտւելու կոչով դիմելով կոնգրեսականներին: «Հայ Դատի Յանձնախումբը համոզւած է, որ միայն դիւանագիտական ճանապարհով է հնարաւոր հասնել խաղաղութեան Սիրիայում: Այսօր, միանալով ամերիկեան բազմաթիւ քաղաքացիական նախաձեռնութիւններին՝ հայ համայնքը մոմավառութեամբ յարգում է Սիրիայում զոհւածների յիշատակը, որոնց թւում են նաեւ մեր հայրենակիցների, նաեւ քայլ է անում յետագայում կանխելու մարդկային կորուստները»,- նշեց Հայ Դատի Յանձնախմբի Գլենդելի գրասենեակի ատենապետ Դալար Մալաքեանը: Գլենդելի Ս. Աստւածածին եկեղեցու դիմաց կատարւած մոմավառութիւնն ու ձեռնարկը կենդանի եթերում լուսաբանում էին Քալիֆորնիայի առաջատար լրատւամիջոցները:

Հայ Դատի Յանձնախումբը կոչ է անում ամերիկահայերին ակտիւօրէն մասնակցել Սիրիայի դէմ ռազմական գործողութիւնները կանխելու նախաձեռնութեանը՝ նամակ ուղղելով Ա.Մ.Ն.-ի Կոնգրեսի անդամներ՝ Դայեան Ֆայնշթայնին ու Բարբարա Բոքսերին, Ներկայացուցիչների տան անդամներ՝ Ադամ Շիֆին, Հովարդ Մկքէօնին, Ջուդի Չուին, Քերեն Բասին եւ Խաւիէր Բեքերային Հայ Դատի Յանձնախմբի կայքէջի միջոցով՝ http://www.anca.org/action_alerts/actionalerts.php.:

 

ՆԱՆԷ ԱՒԱԳԵԱՆ

Լրատւութեան աղբիւր
www.asbarez.com


Մեկնաբանութիւն գրել


Security code
Թարմացնել

 
Persian   Armenian

Ֆոտօռեպորտաժ

Տեսաֆիլմ