ՀՌՉԱԿԱԳԻՐ` ԱՐՑԱԽԻ ԲԱՐԵԿԱՄՆԵՐԻ «ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹԻՒՆ ՅԱՆՈՒՆ ԱՐԴԱՐՈՒԹԵԱՆ ԵՒ ԽԱՂԱՂՈՒԹԵԱՆ» ՀԱՄԱԺՈՂՈՎԻ

Աղբիւր՝ www.yerkirmedia.am

Հոկտեմբերի 11-ին Ստեփանակերտում կայացած «Համագործակցութիւն յանուն արդարութեան և խաղաղութեան» խորագրով Արցախի բարեկամների համաժողովի մասնակիցներն ընդունել են ամփոփիչ Հռչակագիր։

Ստորև ներկայացնում ենք Հռչակագրի ամբողջական տեքստը՝

ՀՌՉԱԿԱԳԻՐ

Արցախի բարեկամների «Համագործակցութիւն յանուն արդարութեան և խաղաղութեան» համաժողովի

– Առաջնորդւելով Մարդու իրաւունքների համընդհանուր հռչակագրում և մարդու իրաւունքների այլ հիմնարար փաստաթղթերում ամրագրւած ազատութեան, ժողովրդավարութեան և հաւասարութեան սկզբունքներով և գաղափարներով,

– ճանաչելով ժողովուրդների ինքնորոշման իրաւունքը՝ որպէս մարդկութեան կարևոր ձեռքբերումներից մէկը ժողովուրդների իրաւահաւասարութեան ապահովման ճանապարհին, և յամոզւած լինելով, որ դրա արդիւնաւետ կիրառումն առաջնահերթ նշանակութիւն ունի պետութիւնների միջև ինքնիշխան հաւասարութեան սկզբունքի յարգման վրայ հիմնւած բարեկամական յարաբերութիւնների զարգացումը խթանելու համար,

– հաստատելով պետութիւնների յանձնառութիւնը՝ զերծ մնալու ցանկացած բռնի գործողութիւններից, որոնք ժողովուրդներին զրկում են ինքնորոշման, ազատութեան և անկախութեան իրաւունքից,

– նշելով, որ ադրբեջանա-ղարաբաղեան հակամարտութեան կայուն կարգաւորումը հնարաւոր է բացառապէս խաղաղ միջոցներով՝ հիմնւած Արցախի ժողովրդի կողմից իրացւած ինքնորոշման իրաւունքի արդիւնքների ճանաչման վրայ,

– վերահաստատելով  բանակցային գործընթացի բոլոր փուլերին Արցախի Հանրապետութեան լիարժէք մասնակցութեան վերականգնման միջոցով ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների միջնորդական ջանքերի արդիւնաւետութեան բարձրացման կարևորութիւնը,

– հաշւի առնելով, որ անկախութեան համար պայքարում Արցախի ժողովուրդն առաջնորդւել է միջազգային իրաւունքի հանրաճանաչ նորմերով, ժողովրդավարական արժէքներով և համամարդկային կատարելատիպերով, որոնք շարունակում են մնալ Արցախի Հանրապետութեան պետականաշինութեան գործընթացի հիմքը,

– բարձր գնահատելով Արցախի Հանրապետութեան ժողովրդի և իշխանութիւնների հետևողական քայլերը՝ ուղղւած ազատ և ժողովրդավարական հասարակութեան ամրապնդմանն ու զարգացմանը՝ հիմնւած օրէնքի գերակայութեան, մարդու իրաւունքների և հիմնարար ազատութիւնների նկատմամբ յարգանքի վրայ,

– անթոյլատրելի համարելով միջազգային գործընթացներից Արցախի մեկուսացման  ցանկացած ձև և նրա ժողովրդին միջազգային համագործակցութեան առաւելութիւններից զրկելը,

– վերահաստատելով մարդու իրաւունքների համընդհանրութիւնն ու անքակտելիութիւնը՝ անկախ այն երկրի  քաղաքական, իրաւական կամ միջազգային կարգավիճակից, որտեղ ապրում է անհատը,

– ճանաչելով թէ′ երկկողմ և թէ′ բազմակողմ հիմունքներով միջազգային համագործակցութեան առանցքային նշանակութիւնը՝ ժողովուրդների միջև խաղաղ յարաբերութիւնների և բարեկամութեան զարգացման, փոխադարձ մշակութային հարստացման, ինչպէս նաև տնտեսական բարգավաճման խթանման հարցում,

– կարևորելով կրթական, սպորտային, մշակութային և տնտեսական ոլորտներում Արցախի հետ գործնական համագործակցութեան և փորձի փոխանակման համար ինստիտուցիոնալ հիմքի ստեղծումն և ամրապնդումը՝ Մեր աջակցութիւնն ենք յայտնում Արցախի ժողովրդին՝ ազատութեան և ժողովրդավարութեան ճանապարհին, ինչպէս նաև հանրապետութեան անկախութեան միջազգային ճանաչմանն ուղղւած նրա ջանքերին։

Պատրաստակամ ենք այսուհետ ևս զարգացնելու և խորացնելու երկխօսութիւնն Արցախի Հանրապետութեան հետ՝ հասարակական և քաղաքական լայն շրջանակների ներգրաւմամբ։

Կոչ ենք անում միջազգային հանրութեանը ձեռնարկել անհրաժեշտ բոլոր քայլերը` ժողովրդավարութեան առաջմղմանը, ինչպէս նաև տարածաշրջանում խաղաղութեան և կայունութեան ամրապնդմանն ուղղւած միջազգային համագործակցութեան մէջ Արցախի լիարժէք  մասնակցութեան խոչընդոտները վերացնելու ուղղութեամբ։

Յայտարարում ենք Արցախի բարեկամների միջազգային ցանց՝ «Պրո Արցախ», ստեղծելու մասին՝  միջազգային հարթակում Արցախի մասին տեղեկացւածութիւնը բարձրացնելու, նրա ժողովրդի օրինական շահերը պաշտպանելու, միջազգային գործընթացներում Արցախի ներգրաւմանն աջակցելու նպատակով։

11 հոկտեմբերի 2019 թ․

Ստեփանակերտ

Արցախի Հանրապետութիւն