ՀԱՅԱՍՏԱՆՆ ԻՐՕՔ ԿԱՐՈՂ Է ԴԱՌՆԱԼ ԵՐԿՐԱԳՆԴԻ ԱՄԵՆԱՊԱՅԾԱՌ ԿԷՏԵՐԻՑ ՄԷԿԸ. ՀՀ ՆԱԽԱԳԱՀԻ ՇՆՈՐՀԱՒՈՐԱԿԱՆ ՈՒՂԵՐՁԸ

Աղբիւր՝ www.yerkir.am

Հայաստանի Հանրապետութեան նախագահ Արմէն Սարգսեանը Ամանորի առիթով շնորհաւորական ուղերձ է յղել ՀՀ քաղաքացիներին եւ աշխարհասփիւռ հայութեանը:

Նախագահի ուղերձում, մասնաւորապէս, ասւած է.  

«ՀՀ յարգելի՛ քաղաքացիներ, աշխարհասփիւռ սիրելի՛ հայրենակիցներ, պատմութիւն դարձող 2018 թւականը մեծ փոփոխութիւնների, փորձութիւնների, սպասումների եւ յոյսերի տարի էր: Մենք ականատես եղանք մեր ժողովրդի լաւագոյն յատկանիշներին, միասնականութեանը, համախմբւածութեանը, բարձր բարոյական եւ քաղաքացիական ոգու դրսեւորումներին:

Շուտով ունենալու ենք նոր խորհրդարան եւ նոր կառավարութիւն, նրանց գործունէութեան յաջողութիւնը մեծապէս կախւած է լինելու Հայաստանի քաղաքացուց, քաղաքացու աջակցութիւնից եւ հասարակական, տնտեսական, քաղաքական, մշակութային կեանքին նրա մասնակցութիւնից: Հայաստանն իրօք կարող է դառնալ երկրագնդի ամենապայծառ կէտերից մէկը նորարարական գաղափարների կիրառման, մշակոյթի, տնտեսութեան, գիտութեան եւ այլ ոլորտներում, սակայն այդ ուղին հեշտ չի լինելու, կը լինեն նաեւ դժւարութիւններ` յաճախ պայմանաւորւած մեզնից անկախ գործօններով, այդ թւում` աշխարհաքաղաքական իրողութիւններով, եւ ես բոլորիս մաղթում եմ սթափութիւն, կազմակերպւածութիւն, առողջ դատողութիւն, պատասխանատւութիւն եւ իհարկէ հանդուրժողականութիւն․ սրանք են յաջողութեան հասնելու բանալիները:

Հայաստանի եւ Արցախի անվտանգութիւնը եւ ինքնիշխանութիւնը, Արցախի հիմնահարցի արդարացի լուծումը շարունակելու են գերակայ լինել մեր կեանքում, մենք ապրում ենք այն խորին գիտակցումով, որ անկախ մեր ծննդեան վայրից` ունենք մէկ հայրենիք, այդ հայրենիքը մենք պէտք է ծաղկեցնենք համատեղ ուժերով, Հայաստանի, Արցախի եւ Սփիւռքի միասնական ջանքերով, մենք պէտք է հոգ տանենք ազգային ինքնութեան յենասիւների` մեր մշակոյթի, կրթութեան, հոգեւոր եւ ընտանեկան արժէքների մասին, այս գործում իհարկէ առանցքային դեր է կատարում մեր սուրբ եկեղեցին, պէտք է աւելի հոգատար լինենք մեր պատմական եւ ազգային ժառանգութեան, մեր բնութեան, գիւղի, քաղաքի, եւ ընդհանրապէս մեր ողջ երկրի նկատմամբ:

Սիրելի՛ հայրենակիցներ, այս պահին հոգով եւ մտքով բոլորիդ հետ եմ, բոլորիդ կողքին, սահմանում կանգնած զինւորի եւ սպայի, շտապօգնութեան մեքենայում եւ հիւանդանոցում հերթապահող բժշկի, ծառայութիւն իրականացնող ոստիկանի, հրշէջի, հացթուխի, տաքսու վարորդի, գիւղացու եւ բանւորի, գիտնականի, արւեստագէտի, ձեր բոլորի հետ, յատկապէս մտահոգւած եմ դժուար ապրող ընտանիքների համար` նրանց, որ դեռ տուն չունեն, նրանց, որ ապրում են սահմանամերձ բնակավայրերում, մտահոգ եմ վիրաւորների, հիւանդների համար, մաղթում եմ հոգսերին թեթեւացում, թող գալիք տարում ձեզնից իւրաքանչիւրի առջեւ բացւեն յաջողութեան դռները, թող Հայաստանի իւրաքանչիւր քաղաքացի զգայ փոփոխութիւնների դրական շունչը:

Մեզ բոլորիս պէտք է առաջնորդի հետեւեալ շատ պարզ նշանաբանը` «Կարողացել են ուրիշները, կարող ենք նաեւ մենք, չի կարողացել ոչ ոք աշխարհում, մենք կը լինենք առաջինը»:

Մեր հայրենիքին մաղթում եմ խաղաղութիւն, մեր ընտանիքներին առողջութիւն, յաջողութիւն, բարեկեցութիւն ու երջանկութիւն, մանուկներին` ծիծաղ ու խինդ, տարեցներին` արժանապատիւ հանգիստ, թող գալիք տարում ձեզնից իւրաքանչիւրը` ձեր հարազատները, ընտանիքները, Հայաստանի իւրաքանչիւր քաղաքացի, աշխարհի իւրաքանչիւր հայ կարողանայ երազել եւ իրականացնել իր երազանքը, իրականացնել մեր բոլորի երազանքները: Շնորհաւոր Նոր տարի»:


Մեկնաբանութիւն գրել


Security code
Թարմացնել

 
Persian   Armenian

Ֆոտօռեպորտաժ

Տեսաֆիլմ