ԳԱՌՆԻ ՏԱՃԱՐԻ ԿՈՂՔԻՆ ՍՐՃԱՐԱՆ ԿԸ ԿԱՌՈՒՑՒԻ՞

Աղբիւր՝ www.asbarez.com

 

Գառնի պատմամշակութային թանգարան-արգելոցին կից եղանակային սրճարան բանալու հարցը նախորդ օրերին իրարանցումի եւ վէճի պատճառ դարձաւ։ Արդարեւ, իբրեւ յուշարձան նկատի առնւած այդ տարածքում, որ յատուկ պահպանման արժանի է, եւ որտեղ կարելի չէ առեւտրական նպատակով ծրագրեր իրականացնել, Հայաստանի մշակոյթի նախարարութեան Պատմամշակութային արգելոց-թանգարանների եւ պատմական միջավայրի պահպանութեան ծառայութիւնը նախատեսում է յաջորդ տարւայ Մայիսին սրճարան կառուցել: Գառնիի գիւղապետ Աշոտ Վարդանեանը 27 նոյեմբերին մերժեց ընդառաջել այդ կազմակերպութեան ղեկավար Վլադիմիր Պօղոսեանին՝ յայտնելով, որ ինքը թոյլ չի տալու սրճարան կառուցել, մինչեւ չունենայ Մշակոյթի նախարարութեան յստակ եզրակացութիւնը, որ շինութեան տարածքը պեղումների ենթակայ չէ: Ի պատասխան գիւղապետի նամակին՝ Պօղոսեանը յայտնել է, որ տարածքը ուսումնասիրւած է եւ կայ հնագէտի եզրակացութիւնը: Նրա համաձայն՝ «սրճարանն ամէն դէպքում կառուցւելու է եւ դրա համար գիւղապետի թոյլտւութիւնը հարկաւոր չէ»:

Օրեր առաջ գիւղապետ Աշոտ Վարդանեանը 200-300 համագիւղացիների հետ բանւորներին թոյլ չէր տւել սկսել շինարարական աշխատանքները։

3 Մարտին կայացաւ մի հանդիպում Գառնիի գիւղապետ Աշոտ Վարդանեանի եւ Կոտայքի մարզպետ Կովալենկօ Շահգալդեանի եւ փոխվարչապետ Արմէն Գէորգեանի միջեւ. վերջինը յայտարարել է. «Գառնիի արքունական բաղնիքի դիմաց կառուցւող սրճարանի շինարարական թոյլտւութիւն տալիս է միայն ու միայն համայնքի ղեկավարը»:

Բայց սրճարան կառուցելու դէմ բողոքի ալիքը չէ հանդարտւել: Շինարարութեան անթոյլատրելիութիւնը մասնագիտական տեսանկիւնից ներկայացրել են զբօսաշրջային ընկերութիւններն ու զբօսավարները: Մշակոյթի նախարարութիւնը պատճառաբանում է, թէ տաճարին կից սրճարանի կառուցումը կը խթանի զբօսաշրջութեան զարգացմանը եւ յաւելեալ եկամուտ կապահովի թանգարանի համար: Զբօսաշրջային ընկերութիւնների ներկայացուցիչները հաստատում են, որ առանց սրճարանի էլ Հայաստան եկած որեւէ զբօսաշրջիկ այցելում է Գառնի՝ պատմութեան հետ կապ հաստատելու նպատակով: Փոխարէնը նրանք առաջարկում են ներդրումները յատկացնել Քրիստոսից առաջ 3-րդ դարին պատկանող բաղնիքում գտնւող վտանգւած խճանկարը վերականգնելու:

Մասնագէտների համաձայն՝ սրճարանը ոչ միայն անհրաժեշտ չէ այնտեղ, այլեւ՝ «աղճատում ու նսեմացնում է յուշարձանի արժէքը»:

Զբօսաշրջութեան բնագաւառի պատասխանատուները նաեւ դիտելեն տւել, որ այդ շրջանում կան ուրիշ սրճարաններ եւ ճաշարաններ, որտեղ զբօսաշրջիկները կարող են այցելել՝ դիտել տալով, որ նախընտրելի է փայտեայ նստարաններ տեղադրել ընկուզենիների տակ՝ այցելուների համար։