«ՄԻԱՍԻՆ ՀԱՅԱՍՏԱՆ ԵՆՔ ՎԵՐԱԴԱՐՁՆԵԼՈՒ ԵՐԿՐԻՑ ՀԵՌԱՑԱԾ ՄԵՐ ՀԱՐԱԶԱՏՆԵՐԻՆ»

Աղբիւր՝ www.yerkirmedia.am

Նախագահ Սերժ Սարգսեանի շնորհաւորական ուղերձը Ամանորի եւ Սուրբ Ծննդեան տօների առթիւ

«Հայաստանի Հանրապետութեան յարգարժա′ն քաղաքացիներ,

Սիրելի′ հայրենակիցներ,

2017 թւականին հրաժեշտ տալուց րոպէներ առաջ ուզում եմ շնորհակալութիւն յայտնել ձեզ: Երախտապարտ եմ Հայաստանի զինւորին ու շինականին, մտաւորականին ու գործարարին, բոլոր-բոլորին` անձնուրաց աշխատանքի, հայրենասիրութեան եւ համբերութեան համար: Այն հաւատը, որ մենք բոլորս ունենք մեր ժողովրդի եւ երկրի ապագայի հանդէպ, թող մեզ ուժ տա նաեւ նոր տարում:

Այս պահին ընտանիքներով հաւաքւել ենք տօնական սեղանների շուրջ: Բոլորս մտովի ամփոփում ենք անցնող տարին, գոհութիւն յայտնում Աստծուն: Բարեկամութեան եւ հարազատութեան դրական լիցքերով եկէք դիմաւորենք 2018 թւականը:

2017 թւականը հետեւողական աշխատանքի եւ լուրջ ծրագրերի իրագործման տարի էր: Լայնածաւալ փոփոխութիւնների տեմպը չի նւազել. աւելին` դրանք աւելի մեծ վճռականութեամբ ենք առաջ մղել: Այն դրական արդիւնքները, որ մենք այս տարի ունեցանք, առաջին հերթին ձե′ր ձեռքբերումներն են: Եւ դեռ համատեղ շատ անելիքներ ունենք, որպէսզի ամրապնդենք Հայաստանի պետականութեան եւ հասարակութեան հիմքերը:

Մեր յաւակնութիւնները մեծ են, եւ մենք հետեւողական ենք լինելու դրանք իրականացնելիս: Շարունակելու ենք անշեղօրէն պաշտպանել Արցախի իրաւունքները եւ շահերը: Իշխանութիւնների աշխատանքը պէտք է զգալի եւ շօշափելի լինի Հայաստանի իւրաքանչիւր քաղաքացու համար, պէտք է բոլորիս վստահութեան զգացում հաղորդի: Մենք հրաշալի երկիր ունենք, եւ պէտք է հպարտ լինենք այսպիսի երկրի քաղաքացի լինելու հանգամանքով:

Սիրելի՛ հայրենակիցնէր,

2017 թւականին ընտրեցինք նոր Ազգային ժողով: Քաղաքական մրցապայքարը թէժ էր, սակայն մթնոլորտը կառուցողական էր: Խուսափեցինք թշնամանքից եւ հակադիր ճամբարների բաժան-բաժան լինելուց: Դա աւելի կարեւոր է, քան այն, թէ ով քանի տոկոս հաւաքեց: Սա եւս մէկ առողջ միտում է, որն անցնող տարուց պէտք է տեղափոխենք նոր տարի: Փոխադարձ յարգանքը, հանդուրժողականութիւնը եւ համերաշխութիւնը այսուհետ պէտք է լինեն Հայաստանի քաղաքական կեանքի մշտական ուղեցոյցները:

Գալիք տարի աւարտին կը հասցնենք կառավարման նոր կարգի անցնելու մեր աշխատանքները: Ուշագրաւ զուգադիպութեամբ 2018 թւականին տօնելու ենք Հայաստանի Հանրապետութեան հիմնադրման 100-րդ տարեդարձը: Վստահութեամբ կարող ենք պնդել, որ այս յոբելեանին մօտենում ենք աւելի ամուր եւ կայացած պետական-հասարակական կառոյցներով:

Միասին Հայաստան ենք վերադարձնելու երկրից հեռացած մեր հարազատներին: Նրանք գալու են, քանի որ Հայաստան հայրենիքում աշխատելու եւ իրենց դրսեւորելու աւելի մեծ ասպարէզ են տեսնելու: Մեր աշխատանքի նպատակը մէկն է` բացել նոր հորիզոններ եւ հնարաւորութիւններ, ստեղծել գործունէութեան լայն դաշտ Հայաստանի իւրաքանչիւր քաղաքացու համար:

Սիրելի′ հայրենակիցներ,

2017 թւականին նոր զարկ ենք տւել մեր զինւած ուժերն ամրապնդելու գործին: Իրականացուող փոփոխութիւնների արդիւնքում զաւակին բանակ ուղարկող ծնողները պէտք է վստահ լինեն, որ նա ծառայում է գերազանց կազմակերպւածութիւն եւ բացառիկ կարգուկանոն ունեցող զինւած ուժերում:

Մեր զինւորականներին եկէք մաղթենք բարի ծառայութիւն: Եկէք նրանց երախտագիտութիւն յայտնենք մեր անդորրը պաշտպանելու համար:

Եւս մէկ տարի է գումարւում Հայաստանի հազարամեակների անցեալին եւ մեր երիտասարդ անկախ պետականութեան պատմութեանը: Թող 2018 թւականին շարունակի ամրապնդւել Հայաստան-Արցախ-Սփիւռք եռամիասնութիւնը, անառիկ լինեն մեր սահմանները եւ հիւրընկալ` մեր օջախները:

Եկէք միասին բաժակ բարձրացնենք եւ խաղաղութիւն մաղթենք մեր Հայաստան աշխարհին, ջերմութիւն եւ ամրութիւն հաղորդենք մեր ընտանիքներին: Եւ միշտ յիշենք, որ մեր պետութեան հիմքը ընտանիքն է: Թող միշտ սիրոյ, երջանկութեան, հոգատարութեան եւ փոխըմբռնման մթնոլորտ տիրի մեզնից իւրաքանչիւրի տանը:

Շնորհաւո′ր Ամանոր եւ Սուրբ Ծնունդ»:


Մեկնաբանութիւն գրել


Security code
Թարմացնել

 
Persian   Armenian

Ֆոտօռեպորտաժ

Տեսաֆիլմ