2013 Թ. 110 ՀԱԶԱՐ ԻՐԱՆՑԻ ԶԲՕՍԱՇՐՋԻԿ Է ԱՅՑԵԼԵԼ ՀԱՅԱՍՏԱՆ

 

Աղբիւր՝ www.armenian.irib.ir

 

2013թ. 110 հազար իրանցի  զբoսաշրջիկ է այցելել Հայաստան: Այս մասին փետրւարի 21-ին լրագրողներին յայտնել է ՀՀ էկոնոմիկայի նախարարութեան զբօսաշրջութեան բաժնի պետ Մեխակ Ապրեսեանը: Հայաստանից Իրան է մեկնել 5,4 հազար զբօսաշրջիկ:

Նա նշել է, որ 2009 – 2011 թթ. Իրանից հայկական սահմանն անցել է 134 հազար մարդ: 2011-2013 թթ. զբօսաշրջիկների քանակը նւազել էր՝ իրանական ռիալի փոխարժէքի անկման պատճառով:

Նշենք, որ Հայաստանում զբօսաշրջային նպատակներով ժամանողների վիճակագրութիւն չի իրականացւում, սահմանի ցանկացած անցում դիտարկւում է որպէս զբօսաշրջային այց:

Իր հերթին Իրանի մշակութային ժառանգութեան, արհեստների եւ տուրիզմի կազմակերպութեան տուրիզմի բաժնի գլխաւոր տնօրէն Սեյէդ Մոհամադ Նասաբը յայտնել է, որ Հայաստան է ժամանել առաջին անգամ, սակայն այն իր երկրորդ տունն է համարում: «Մենք հարիւրամեակներով մեզ մօտ հիւրընկալել ենք հայկական համայնքը, իսկ ես իմ հերթին Հայաստանում ինձ զգում եմ, ինչպէս տանը», - ասել է Նասաբը: Նա յիշեցրել է, որ երկրների միջեւ զբօսաշրջային բնագաւառում փոխըմբռնման յուշագիր էր կնքւել դեռ 1999թ., սակայն որոշւել էր այն ընդլայնել: Այդ նպատակով փետրւարի 19-21-ին Երեւանում Հայաստանի եւ Իրանի միջեւ տուրիզմի բնագաւառում համագործակցութեան աշխատանքային խմբի երկրորդ նիստն էր տեղի ունեցել: Նասաբը նշել է նաեւ, որ  Իրանում հայ զբօսաշրջիկների սակաւությունը պայմանաւորւած է ցածր տեղեկացւածութեամբ: «Այդ խնդիրը կարելի է լուծել տեղեկատւական համակարգ ստեղծելով», - յաւելել է նա: