ՀՀ ԱԳՆ. «ԱՐՑԱԽԸ ՈՐԵՒԷ ԿԱՐԳԱՎԻՃԱԿՈՎ ՉԻ ԿԱՐՈՂ ԼԻՆԵԼ ԱԴՐԲԵՋԱՆԻ ԿԱԶՄՈՒՄ»

Աղբիւր՝ www.yerkirmedia.am

Հայաստանի արտաքին գործերի նախարարութիւնը հանդէս է եկել ապրիլեան քառօրեայ պատերազմի վերաբերեալ յայտարարութեամբ: Ինչպէս տեղեկացրին ՀՀ ԱԳՆ լրատւական վարչութիւնից, յայտարարութեան մէջ մասնաւորապէս նշւած է.

«Արցախի դէմ Ադրբեջանի ապրիլեան ագրեսիայից մէկ տարի է անցել: 2016թ. ապրիլեան չորս օրերի ընթացքում Ադրբեջանն Արցախի դէմ իրականացրեց այն նոյն ագրեսիւ գործողութիւններն ու բարբարոսութիւնները, ինչ շուրջ չորս տարի շարունակ 1990-ական թւականների սկզբին, երբ ռազմական ուժով փորձում էր ճնշել Լեռնային Ղարաբաղի ժողովրդի ինքնորոշման եւ սեփական բնօրրանում ապրելու իրաւունքը: Մենք գլուխ ենք խոնարհում բոլոր հերոսների յիշատակի առջեւ, ովքեր զոհւեցին` յետ մղելով Ադրբեջանի յարձակումը Արցախի դէմ եւ իրենց կեանքի գնով կանխեցին Լեռնային Ղարաբաղի ժողովրդի հանդէպ զանգւածային ոճրագործութիւնների իրականացումը:

Մինչ միջազգային հանրութիւնը դատապարտում էր ադրբեջանական զինւած ուժերի կողմից իրականացւած միջազգային մարդասիրական իրաւունքի կոպտագոյն խախտումները, Բաքուն փառաբանում էր կատարւած վայրագութիւնները եւ դրանց հեղինակներին: Ադրբեջանի արկածախնդրութիւնը ծանր հարւած հասցրեց խաղաղութեան գործընթացին: Իրավիճակի կայունացման, նոր լարւածութեան կանխարգելման եւ բանակցային գործընթացի առաջ մղման համար համապատասխան պայմանների ստեղծման նպատակով մայիսի 16-ին Վիեննայում` ԱՄՆ պետքարտուղարի նախաձեռնութեամբ, իսկ յունիսի 20-ին Սանկտ-Պետերբուրգում` ՌԴ նախագահի հրաւէրով, կայացան Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահների հանդիպումները, որոնց արդիւնքում շեշտւեց հակամարտութեան բացառապէս խաղաղ կարգաւորման, հրադադարի 1994-1995թթ. եռակողմ անժամկէտ համաձայնագրերի լիակատար իրականացման անհրաժեշտութիւնը եւ համաձայնութիւն ձեռք բերւեց հրադադարի խախտումների յետաքննութեան մեխանիզմի շուտափոյթ ստեղծման, ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի թիմի ընդլայնման վերաբերեալ:

Այդուհանդերձ, Ադրբեջանը հրաժարւեց իրականացնել ձեռք բերւած համաձայնութիւնները եւ յայտնւեց մեկուսացման մէջ` հակադրւելով միջազգային հանրութեանը: Ադրբեջանի բարձրագոյն ղեկավարութիւնը բացայայտ ստում է, թէ իբր համանախագահ երկրները Լեռնային Ղարաբաղը ճանաչում են որպէս Ադրբեջանի մաս` ձեւացնելով, թէ իբր չի ընկալում այն, ինչն ասում են եռանախագահ երկրների ղեկավարները. Լեռնային Ղարաբաղի բնակչութիւնը պէտք է իրականացնի ինքնորոշման իր իրաւունքը` միջազգային իրաւական պարտադիր ուժ ունեցող ազատ կամարտայայտութեան միջոցով: Նոյն մօտեցումն ունի Հայաստանը. այո, Լեռնային Ղարաբաղի վերջնական կարգավիճակը պէտք է որոշւի Արցախի ժողովրդի կողմից: Բաքւի այդ կեղծիքը ի ցոյց է դնում Ադրբեջանի քաղաքական ուղեգծի բացարձակ ձախողումը: Ձախողւելով բանակցային գործընթացում` Բաքուն փորձեց ռազմական ճանապարհով լուծել հիմնախնդիրը եւ կրկին տապալւեց:

Ապրիլեան պատերազմը եւս մէկ անգամ ցայտուն կերպով ապացուցեց, որ Արցախը երբեւէ եւ որեւէ կարգավիճակով չի կարող լինել Ադրբեջանի կազմում, իսկ Արցախի ժողովրդի ինքնորոշման իրաւունքի իրականացումն անշրջելի է:

Ի պատասխան ուժ կիրառելու Ադրբեջանի շարունակական սպառնալիքներին` միջազգային հանրութիւնը յստակ զգուշացնում է, որ դա չի հանդուրժւի: Հայաստանը` որպէս Արցախի անվտանգութեան երաշխաւոր, ապահովելու է Լեռնային Ղարաբաղի ժողովրդի անվտանգութիւնը: ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների հետ մենք շարունակելու ենք ղարաբաղեան հիմնախնդրի բացառապէս խաղաղ կարգաւորման գործընթացն առաջ մղելուն ուղղւած քայլերը»:


Մեկնաբանութիւն գրել


Security code
Թարմացնել

 
Persian   Armenian

Ֆոտօռեպորտաժ

Տեսաֆիլմ