ԼՂՀ-Ի ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ՆԱԽԱԳԱՀԸ ՄԱՍՆԱԿՑՈՒՄ Է ԵՒՐՈՊԱԿԱՆ ԱԶԱՏ ԴԱՇԻՆՔԻ ՎԵՀԱԺՈՂՈՎԻՆ

 

Աղբիւր՝ www.alikonline.ir

 

ԼՂՀ ԱԺ-ի Մամլոյ ծառայութիւն - Փետրւարի 14-ին ԼՂՀ-ի Ազգային ժողովի նախագահ, Արցախի Ժողովրդավարական կուսակցութեան ղեկավար Աշոտ Ղուլեանը մասնակցել է Եւրոպական ազատ դաշինքի (ԵԱԴ) 12-րդ վեհաժողովին: Արցախի խորհրդարանի նախագահը Իսպանիայի Սանտիագօ Դէ Կոմպոստելա քաղաք է այցելել փետր. 13-ին՝ ԵԱԴ-ի քաղաքական ղեկավարութեան հրաւէրով:

Լիագումար նիստի քննարկումների ժամանակ, որը նւիրւած էր մարդու հիմնարար իրաւունքների եւ ազատութիւնների պաշտպանութեանը, ԼՂՀ ԱԺ-ի նախագահը ներկայացրել է Արցախի ժողովրդի կողմից ինքնորոշման իրաւունքի իրականացման ուղին՝ ընդգծելով, որ 1991 թ. դեկտեմբերի 10-ի անկախութեան հանրաքւէն կազմակերպւել եւ ընթացել է գործող օրէնսդրութեան եւ միջազգային իրաւունքի նորմերին համապատասխան, որը կարելի է առաջին յաջողւած դէպքը համարել Եւրոպայի տարածքում:

Նախատեսւում են Ա. Ղուլեանի հանդիպումները՝ Եւրոպայի ազատ դաշինքի նախագահութեան (բիւրոյի) անդամների հետ, ինչպէս նաեւ ԵԱԴ-ի կազմի մէջ մտնող մի շարք եւրոպական կուսակցութիւնների ղեկավարների հետ:

Եւրոպական ազատ դաշինքը եւրոպական քաղաքական կազմակերպութիւն է, որը միաւորում է քաղաքական ինքնիշխանութեան կամ իրենց երկրի ու տարածաշրջանի ինքնակառավարմանը ձգտող տարբեր եւրոպական կուսակցութիւնների: Դաշինքը ինքնորոշման իրաւունքի ջատագովներից է եւ պաշտպանում է իրենց ապագան տնօրինելու ժողովուրդների իրաւունքը: Ինքնորոշման իրաւունքն առանցքային տեղ ունի ԵԱԴ-ի ծրագրում եւ գաղափարախօսութեան մէջ:

Եւրոպական ազատ դաշինքի կազմում են շուրջ 40 ազգային, տարածաշրջանային եւ ինքնավար կուսակցութիւններ՝ Եւրոմիութեան աւելի քան 17 երկրներից, որոնք ներկայացնում են պետականութիւն չունեցող ժողովուրդներին, Եւրոպայի աւանդական փոքրամասնութիւններն ու տարածաշրջանները: Այդ երկրների շարքում են՝ Աւստրիան, Բելգիան, Անգլիան, Գերմանիան, Յունաստանը, Իսպանիան, Ֆրանսիան եւ այլն: ԵԱԴ-ն ներկայացւած է Եւրոխորհրդարանում՝ 7 անդամով, որոնք Եւրոխորհրդարանի թւով չորրորդ քաղաքական միաւորի՝ Կանաչների խմբակցութեան մաս են կազմում:


Մեկնաբանութիւն գրել


Security code
Թարմացնել

 
Persian   Armenian

Ֆոտօռեպորտաժ

Տեսաֆիլմ