Աղբիւր՝ www.yerakouyn.com

 

Միացեալ Թագաւորութեան Լորտերի պալատի անդամ բարոնուհի Քերոլայն Քօքսը Ադրբեջանին կոչ է արել յանուն խաղաղութեան դադրեցնելու յարձակումները եւ ռազմատենչ սպառնալիքները Լեռնային Ղարաբաղի դէմ:

Պարոնուհիին զայրացրել էր Արցախ այցելած լուսանկարիչ-լրագրող Անաստասիա Թէյլր-Լինտին ուղղւած Ադրբեջանի դեսպան Ֆախրադդին Քուրբանովի պատասխանը, որով դեսպանը լրագրողին առաջարկել է ընդլայնել իր մտահորիզոնը` խօսելով նաեւ տեղահանւած ադրբեջանցիներին մասին: «Ինձ խորապէս մտահոգել է Միացեալ Թագաւորութեան մէջ Ադրբեջանի դեսպան Ֆախրադդին Քուրբանովի պատասխանը լուսանկարիչ Անաստասիա Թէյլր-Լինդին, որ յօդւած եւ լուսանկար է հրապարակել Հայաստանի պատմական տարածք Լեռնային Ղարաբաղում կայացած մի հարսանիքի մասին: Լեռնային Ղարաբաղ ես այցելել եմ 80 անգամ, որոնց մեծ մասը` 1991-1994 թւականների դաժան պատերազմի ընթացքում, եւ ականատես եմ եղել հայերի էթնիկ զտումների ադրբեջանական փորձերին, թէ ինչպէս Ադրբեջանը օրական 400 «Գրադ» հրթիռներ էր կրակում մայրաքաղաք Ստեփանակերտի քաղաքացիների վրայ, ինչպէս նաեւ տեսել եմ Մարաղայ գիւղի բնակիչների 1992 թւականի սպանդը: Ես տեսել եմ ծխացող տներ, մարդկանց աղաւաղւած դիակներ, այրւած աճիւնների մնացորդներ եւ շոքի մէջ յայտնւած փրկւածներ: Մօտակայ հիւանդանոցում ծանօթացել եմ գլխաւոր բուժքրոջ հետ, որ կորցրել էր ընտանիքի 14 անդամներին, որոնց շարքում` իր որդուն, որի գլուխը սղոցել էին: Ինչպէս պարոն Քուրբանովը տիկին Թէյլր-Լինդին առաջարկել է ընդլայնել իր մտահորիզոնը` խօսելով նաեւ տեղահանւած ադրբեջանցիների մասին, այնպէս էլ ես նրան առաջարկում եմ զրուցել Մարաղայի փրկւածների հետ: Լեռնային Ղարաբաղի դէմ ուղղւած ադրբեջանական յարձակումը վերածւել է պարբերական տնտեսական եւ ռազմատենչ սպառնալիքների միջոցով հակառակորդին տկարացնելու քաղաքականութեան` ռազմական գործողութիւններով սպառնացող թշնամական քարոզչութեամբ: Դա երկարաձգում է հակամարտութեան արդիւնքով տեղահանւած հայ եւ ադրբեջանցի մարդկանց տառապանքները, որոնցից շատերը գտնւում են բանտերում կամ աղքատութեան մէջ: Եթէ Ադրբեջանի կառավարութիւնը դադրեցնի նոր ռազմական գործողութիւնների սպառնալիքները, սատարի հրադադարի խարխուլ ռեժիմը եւ վստահութեան կառուցման միջոցներ ձեռնարկի, այդ պարագային միայն խաղաղութեան հաստատման հնարաւորութիւններ կը ստեղծւեն, ներառեալ` տեղահանւած մարդկանց վերադարձի համար, խնդիր, որին դեսպանն այդքան ուժգնօրէն է յաւակնում»,- նշել է Բարոնուհի Քօքսը:

The Guardian-ը օրերս հրապարակել էր բրիտանացի լուսանկարիչ-լրագրող Անաստասիա Թէյլր-Լինդի հարցազրոյցը, որտեղ վերջինս պատմել էր Արցախում հայկական մի հարսանիքի մասնակցելու մասին: Դրանից յետոյ Ադրբեջանի դեսպանը յայտարարել էր, թէ Թէյլր-Լինդը պէտք է այցելի Ադրբեջան` տեսնելու տեղահանւած մարդկանց վիճակը` միաժամանակ սպառնալով, որ եթէ լրագրողը «Լեռնային Ղարաբաղի վիզա ունի իր անձնագրում, նրան արգելելու են այցելել Ադրբեջան»: