ՀԱՅՈՑ ԲԱՆԱԿԻ ԵՒ ՀԱՅ ԶԻՆՒՈՐԻ ՕՐԸ

 

Աղբիւր՝ www.tert.am

 

Յունւարի 28-ը Հայոց բանակի եւ հայ զինւորի օրն է. Հայաստանի 3-րդ Հանրապետութեան զինւած ուժերը 22 տարեկան է: Բանակի կազմաւորումը համընկնում է 1992-1994 թւականների հետ, երբ արդէն անկախ Հայաստանի Հանրապետութիւնը ներքաշւեց պարտադրւած ռազմական գործողութիւնների մէջ՝ Լեռնային Ղարաբաղի Հանրապետութեան դէմ Ադրբեջանի Հանրապետութեան ռազմական ոտնձգութիւնների պատճառով եւ միաժամանակ ձեռնամուխ եղաւ նաեւ ազգային բանակի ստեղծմանը:

Արդէն 1994 թւականի յունիսից վերջնականապէս ընթացք ստացան բանակաշինութեան, կայուն զարգացման, զօրքերի մարտունակութեան բարձրացման, կարգապահութեան ամրապնդման, միջին եւ բարձր սպայական անձնակազմի պատրաստման ու վերապատրաստման աշխատանքները:

Արցախեան ազատամարտի մասնակից, գրականագէտ, ՀՀ ԳԱԱ գրականութեան ինստիտուտի փոխտնօրէն Վարդան Դեւրիկեանը Tert.am-ի հետ զրոյցում անդրադարձաւ բանակի ստեղծման ակունքներին՝ նշելով, որ մինչեւ Հայոց բանակի ծնունդը երկրի պաշտպանութեան բեռն ընկած էր ազատամարտիկ կամաւորների ուսերին, ովքեր ոտքի էին ելել ոչ-լաւ օրից։

Դեւրիկեանի համար պարզ է, թէ որն էր այն գաղտնիքը, որ հենց նրանք էլ իրենցից մի քանի անգամ շատ թշնամու նկատմամբ առաւելութեան հասան. նրանք դատապարտւած էին յաղթելու։

«Ամբողջ ժամանակաշրջանի ոգին լաւագոյնս Մոնթէ Մելքոնյանն է արտայայտել, որ եթէ մենք կորցնենք Արցախը, ապա կը թերթենք Հայոց պատմութեան վերջին էջը. այդ գիտակցումն էլ բոլորի մօտ էր, որ, ըստ էութեան, մեր պատմութիւնը կը փակենք։ Ինչպէս որ Չերչիլը Հայոց մեծ եղեռնի մասին էր ասել, որ հայ ժողովուրդը` որպէս ազգ, որպէս քաղաքական գործօն կը դադարի գոյութիւն ունենալ, մենք հասկացանք, որ այս դէպքում արդէն հաստատ կը դադարենք գոյութիւն ունենալ եւ ինչպէս ասում են՝ մենք իրապէս դատապարտւած էինք յաղթելու»,- նշեց նա։

Դեւրիկեանն ընդգծեց, որ նոյնիսկ նման միասնութիւնն ու նման ձեւով պայքարը լաւ օրից չէր։ «Դա դատապարտւածութիւնից էր գալիս, ու եթէ մենք դրան գումարենք նաեւ խորհրդային շրջանը, որ մեր անկախութեան կորստից յետոյ, Հայոց եղեռնից յետոյ այդքան պրկւած զգացումներ կային։ Բացի այդ, չնայած ինչքան էլ խորհրդային ապազգային քարոզչութիւն կար, այդուհանդերձ, հայրենասիրական դաստիարակութիւն կար, գաղափարական կրթութիւն կար, որին գումարւեց մտաւորականութեան ոտքի կանգնելը, եւ այդ ամէնն ապահուեց մարտունակ սերունդ, իսկ մինչեւ բանակի ստեղծումը հնարաւոր եղաւ այդ կամաւորներով ու երկրապահներով պահել այն ծանրութիւնը, մինչեւ որ պետական ազգային բանակը ձեւաւորւեց»,- ասաց նա։

Դեւրիկեանը սեփական փորձից ելնելով անհամեմատելի է համարում Արցախեան ազատամարտի տարիների եւ ներկայիս Հայոց բանակի բարոյահոգեբանական վիճակը, բայց ոչ այն պատճառով, որ այն ժամանակ աւելի լաւն է եղել, քան հիմա, ինչպէս շատերն են հաճախ պնդում, այլ ճիշտ հակառակը։

«Տարբեր զինւորականների հետ եմ խօսում ու նաեւ զօրամասերում լինում, եւ հասկացել եմ, որ Հոկտեմբերեանում 6 ամսւայ զօրավարժութիւնների գնացած իւրաքանչիւր զինւոր շատ ավելին գիտի, շատ աւելի վճռական է, քան մենք ենք եղել այն ժամանակ։ Վերջիվերջոյ, կամաւորականութիւնը ինչքան էլ բարձր լինի, դա լաւ օրից չի եղել եւ հաւաքական առումով ջոկատային պայքարն էլ իր թերութիւններն է ունեցել, իսկ հիմա մենք կանոնաւոր բանակ ունենք, որն անվտանգութեան երաշխաւորն է, եւ չպէտք է կասկածել»,- ասաց նա։

Այն տեսակետները, թէ պատերազմի դէպքում, նախկինի նման մարդիկ չեն գնայ հայրենիքը պաշտպանելու, Վարդան Դեւրիկեանը հերքեց։ «Արմէն Յովհաննիսեանի ողբերգական մահը միաժամանակ եկաւ ցոյց տալու, որ ինչքան ողբերգական է, այնքան յուսադրող է, որ պարզ ժողովրդական միջավայրից դուրս եկած տղան, շարքային զինծառայողը, առանց բարձրագոյն կրթութեան, կարողացավ նման սխրանք գործել եւ կանգնեցնել դիւերսիոն խմբի գործողութիւնները կեանքի գնով։ Դժբախտաբար, թէ բարեբախտաբար, մենք էլի նման օրինակներ ունենք։ Կարծում եմ մեր զինվորները հայրենիքի սահմանների պաշտպանութեան համար կանեն բացարձակ հնարաւորը»,- եզրափակեց նա։

Նշենք, որ Հայկական բանակի օրը ձեւաւորւած աւանդոյթի համաձայն նշւում է Եռաբլուր այցելութեամբ՝ յարգանքի տուրք մատուցելով Ղարաբաղեան պատերազմում զոհւած հայ ազատամարտիկների յիշատակին, որոնց՝ որպէս կամաւորների, ներդրումը հսկայական էր Հայոց բանակի ձեւաւորման գործում:

Տօնական օրերին ընդունւած չէ խօսել խնդիրների մասին: Սակայն, հաշւի առնելով, որ բանակի մարտունակութիւնը պայմանաւորւած է նաեւ իր մէջ ներգրաււած զինւորական եւ քաղաքացիական անձանց սոցիալական պաշտպանւածութեան հետ, այս թեման եւս չշրջանցեցինք:

2014 թւականի բանակի ֆինանսա-տնտեսական բարելաւումները (բանակում «սոցիալական խնդիրների» փոխարէն օգտագործէում է «ֆինանսա-տնտեսական բարելաւում» տերմինը) չի կարելի կոչել յեղափոխական, սակայն ձեռքբերումների առումով լուրջ տարի է լինելու:

Tert.am-ի հետ զրոյցում նման գնահատական հնչեցրեց պաշտպանութեան նախարարի մամուլի քարտուղար Արծրուն Յովհաննիսեանը՝ առանձնացնելով ՊՆ-ում յատուկ յաւելավճարների ներդրումը: «Աշխատավարձերի սանդղակաւորումը, 1-ին, 2-րդ, 3-րդ կարգի մասնագէտների կլասիֆիկացիան, ինչպէս նաեւ աշխատանքների կատարման կարեւորութեան եւ վտանգաւորութեան հետ կապւած յատուկ յաւելավճարներ են լինելու: Սա, որը նոր երեւոյթ է, թոյլ է տալիս պրոֆեսիոնալիզմի մակարդակով նաեւ ստանալ բարձր աշխատավարձ»,- ներկայացրեց Արծրուն Յովհաննիսեանը:

Նշենք, որ Ռազմական ինստիտուտն աւարտած ամենացածր սպայական կոչում ունեցողի՝ լէյտենանտի աշխատավարձն անցնում է 200 հազարի սահմանը, իսկ եթէ ծառայում է առաջին գծում, ապա գումարւում են մի շարք յավելավճարներ, ու դա Հայաստանի պայմաններում բարձր աշխատավարձ է համարւում: 

Ամփոփելով, թէ այսուհանդերձ, ինչպէս է գնահատւում բանակում սոցիալական վիճակը, Արծրուն Յովհաննիսեանն ասաց. «Ոչ վատ: Իհարկէ, կարող էր աւելի լաւ լինել, բայց պետութեան հնարաւորութիւնները այս պահին այսքան են»:

Փորձագիտական ամենատարբեր գնահատականներով՝ սոցիալապէս շատ աւելի վատ պայմաններում են գտնւում պատերազմի վետերանները: 

Յիշեցնենք, որ ԱԺ «Հանրապետական» խմբակցութեան պատգամաւոր, «Աֆղանական պատերազմի վետերանների միութիւն» հասարակական կազմակերպութեան նախագահ Արմէն Մխիթարեանը 2014 թւականի պետական բիւդջէի քննարկումների ժամանակ հարց էր հնչեցրել՝ առաջարկելով, որ ազատամարտիկների կողմից ստացւող 5000-ական դրամ յաւելավճարները դարձւեն 7000 դրամ, ու տարեցտարի աւելանան 1000-ական դրամով: Կառավարութիւնը, սակայն, 7000 դրամ առաջարկի հետ չէր համաձայնել։

Նշենք, որ ըստ Արմէն Մխիթարեանի Ղրղզստանում վետերաններն ստանում են մօտ 150, Ռուսաստանում՝ 80-90, Ուկրաինայում՝ 70 ամերիկեան դոլարին համարժէք դրամի չափով փոխհատուցում, ինչը, Հայաստանի ազատամարտիկներին տրւող փոխհատուցումների հետ համեմատած, մի քանի անգամ աւել է։


Մեկնաբանութիւն գրել


Security code
Թարմացնել

 
Persian   Armenian

Ֆոտօռեպորտաժ

Տեսաֆիլմ