" https://www.yerkir.am "

 

Ադրբեջանի իշխանությունները պետք է անհապաղ ազատ արձակեն ՀՀ քաղաքացիներին։ Այս մասին ասվում է Եվրախորհրդարանի բանաձևում, որն այսօր ընդունվեց 523 կողմ, 3 դեմ և 84 ձեռնպահ ձայներով։

Փաստաթղթում նշվում է, որ Ադրբեջանում շարունակում են պահվել 23 հայ պատանդներ (սահմանումը` տեքստի բնօրինակից), այդ թվում` Լեռնային Ղարաբաղի նախկին պաշտոնյաները, ինչպես նաև 2020 թվականի պատերազմից և դրան հաջորդած էթնիկ զտումներից հետո գերեվարված անձինք։

Եվրախորհրդարանը շեշտում է, որ այդ մարդկանց նկատմամբ բեմականացված դատավարություններ են ընթանում, նրանց խիստ դատավճիռներ են սպառնում` ընդհուպ մինչև ցմահ ազատազրկում։ Դատավարության ընթացքում նրանք ենթարկվում են անմարդկային վերաբերմունքի` ներառյալ արգելված հոգեներգործուն նյութերի օգտագործումը։ Պարբերաբար խախտվում են անկախ պաշտպանության, թարգմանիչների, բողոքարկման, հարազատների հետ հանդիպումների և առողջական պատճառներով դատական նիստերը հետաձգելու նրանց իրավունքները։ Բանաձևում ընդգծվում է նաև, որ մեղադրյալներից մեկը` Ռուբեն Վարդանյանը, շարունակում է հացադուլը, ինչի պատճառով նրա վիճակը, ինչպես նաև մյուս ձերբակալվածների վիճակը, կտրուկ վատանում է։

Եվրախորհրդարանը Ադրբեջանի իշխանություններին կոչ է անում ապահովել նրանց իրավունքները, այդ թվում` բժշկական օգնության հասանելիությունը, ինչպես նաև նրանց պահման պայմանների անկախ հետաքննության հնարավորություն ընձեռել: 




" https://yerkir.am/ "

Ս.թ. հուլիսի 11-ին տեղի ունեցավ Դիվանագետների համահայկական խորհրդի կազմակերպած «Հայաստանի արտաքին քաղաքականության վերահաս վտանգները. ինչպես չկորցնել/ձեռք բերել դաշնակիցներ» թեմայով աշխատանքային կլոր սեղան քննարկումը, որին մասնակցեցին դիվանագիտական, փորձագիտական, գիտական, քաղաքագիտական համայնքների բազմաթիվ ներկայացուցիչներ։

Քննարկման ընթացքում տեղի ունեցավ մտքերի ակտիվ փոխանակություն՝ հետևյալ ուղղություններով՝

  • Հայաստանի համար չափազանց վտանգավոր ու ռիսկային տարածաշրջանային զարգացումներ
  • Արտաքին քաղաքականության ձախողումներ
  • Ինչո՞ւ է Հայաստանն անընդհատ կորցնում բնական դաշնակիցներին
  • Ի՞նչ է պետք անել վերականգնելու համար Հայաստանի անվտանգային, դաշնակցային միջավայրը
  • Ինչպե՞ս Արցախի հարցը պահել օրակարգում
  • Ռազմավարական հարաբերությունների վերագործարկման հնարավորությունները Ռուսաստանի, Իրանի, Հնդկաստանի և Չինաստանի հետ
  • Հայկական աշխարհի ներուժի օգտագործման կենսական անհրաժեշտությունը

Մասնակիցների գնահատմամբ գործող իշխանությունը վարում է անհեռատես և վտանգավոր արտաքին քաղաքականություն, որի արդյունքում Հայաստանը հայտնվել է չափազանց խոցելի վիճակում։ Մոտ ժամանակներում այս ընթացքը կարող է երկիրը տանել դեպի լիակատար մեկուսացում՝ առանց որևէ դաշնակցի և անվտանգության մեխանիզմների՝ այն վերածելով ոչ կենսունակ պետության։

Հայաստանը պետք է ակտիվացնի իր աշխատանքը գործող անվտանգային համակարգում՝ փորձելով գտնել առկա տարաձայնությունների և խնդիրների լուծման ճանապարհները, ինչպես նաև ձեռք բերել իրավիճակային դաշնակիցներ։

Հայաստանը պետք է շարունակի Ադրբեջանի հետ խաղաղության շուրջ բանակցությունները՝ դարձնելով այն փոխշահավետ, երկու երկրների միջև և ողջ տարածաշրջանում կայուն ու երկարատև խաղաղության հաստատման նպատակով։ Դրան հասնելու համար էապես կարևոր է բանակցություններում քաղաքական կարգավորումը երաշխավորող միջնորդի ինստիտուտի գործարկումը և Արցախի թեման բանակցային օրակարգ վերադարձնելը։

Զուգահեռ անհրաժեշտ է հնարավոր բոլոր ուղղություններով, այդ թվում միջազգային կառույցների և հիմնական ուժային կենտրոնների հետ, աշխատանքներ տանել արցախահայության միջազգային ճանաչված անքակտելի իրավունքների վերականգնման համար՝ ներառյալ հայրենի հողում երաշխավորված և անվտանգ ապրելու իրավունքը։

Դիվանագետների համահայկական խորհուրդը արձանագրում է ժամանակի սղությունը՝ Հայաստանին սպառնացող արտաքին վերահաս վտանգները կասեցնելու համար։ Միաժամանակ, Խորհուրդն իր խորը համոզմունքն է արտահայտում, որ նպատակաուղղված, ճիշտ, հետևողական, համակարգված, գրագետ և սկզբունքային քայլերի արդյունքում հնարավոր է էապես շտկել իրավիճակն՝ ի վերջո վերադառնալով երկրի անվտանգ, կայուն և տևական զարգացման հուն։

 

Դիվանագետների համահայկական խորհուրդ

" https://yerkir.am/ "

 

Արցախի մշակութային ժառանգության մշտադիտարկում իրականացնող monumentwatch.org կայքը գրում է.

«2023 թվականի սեպտեմբերին Արցախի ամբողջական բռնազավթումից հետո ադրբեջանական կողմը առաջին հերթին ցուցադրաբար ապամոնտաժեց Շուշի քաղաքի մոտ գտնվող հայտնի տանկ-հուշարձանը։ Հիշեցնենք, որ Տանկն  Արցախի ազատագրական պայքարի սիմվոլն էր, հաղթանակի խորհրդանիշը, որտեղ հարգանքի տուրք են մատուցում Շուշիի ազատագրական պայքարում նահատակված հերոսների հիշատակին։ Բայց, 2023 թվականի սեպտեմբերին պարզ դարձավ, որ Ադրբեջանը ապամոնտաժել, ապա  ոչնչացրել է Ստեփանակերտից Շուշի տանող ճանապարհին տեղադրված տանկը, ժառանգության ոչնչացմամբ վտանգելով նաև հաղթանակի հիշողությունը սերունդներին փոխանցելու հնարավորությունը։

Իսկ վերջերս, ադրբեջանցի բլոգեր Քյամրան Ռազմովարը տանկ-հուշարձանի մոտից տեսանյութ է հրապարակել, որտեղ երևում է, որ ադրբեջանական կողմը ոչնչացրել է  նաև հուշարձանի մոտ տեղադրված խաչքարերը, զոհված ազատամարտիկների  անունները հավերժացնող հուշատախտակները: Մասնավորապես, փշրված է 44-օրյա պատերազմում Քարինտակում զոհված Հակոբ Հարությունյանի հիշատակին տեղադրված 2021 թվականին տեղադրված խաչքարը, ինչպես նաև տարածքում կանգնեցված մյուս խաչքարերը:

Ադրբեջանի  համակարգված արշավն այս ուղղությամբ հատկապես ընդգծվում է  մի քանի նշանակալից խաչքարերի ոչնչացմամբ։ Դրանց թվում են  դեռևս 2020 թվականին ոչնչացված Հադրութի շրջանի Առաքել գյուղի խաչքարի,  քաղաքի  ազատամարտիկների հուշահամալիրի խաչքարի, Լաչինի պատմական գերեզմանոցի 14-րդ դարի եզակի խաչքարի, ինչպես նաև 15-16-րդ դարերով թվագրվող մի շարք խաչքարերի ոչնչացումներով։   Բացի այդ,  ոչնչցվել են նաև Շուշիի հայ-հունական հին գերեզմանոցի 12-13-րդ դարերի եզակի  խաչքարերը և այլ շրջաններում գտնվող խաչքարեր։

Մեր արձագանքը

Խաչքարերի թիրախավորումն արգելված է միջազգային օրենքներով  և համարվում է ծանր հանցագործություն ուղղված ողջ մարդկությանը, քանզի «Հայկական խաչքարերի արվեստը. խաչքարերի սիմվոլիզմն ու վարպետությունը» 2010 թվականից ընդգրկված է ՅՈւՆԵՍԿՕ-ի կողմից 2003 թ. ընդունված «Ոչ նյութական մշակութային ժառանգության ցանկում» և համարվում է համամարդկային արժեք։  Սա նշանակում է, որ խաչքարային արվեստն ունի համամարդկային բացառիկ համընդգրկուն արժեք և միջազգային լրացուցիչ պահպանություն։

Խաչքարային մշակույթը լրացուցիչ պաշտպանություն ունի նաև պատերազմի ժամանակ և դրանից հետո։ Ի մասնավորի, համաձայն «Զինված հակամարտությունների ժամանակ մշակութային արժեքների պաշտպանության մասին» Հաագայի 1954 թ. կոնվենցիայի լրացուցիչ՝ 1999 թ. ընդունված երկրորդ արձանագրության սկզբունքների, խաչքարային ողջ մշակույթն ունի ուժեղացված պաշտպանություն, և դրան հասցված ցանկացած վնաս, համաձայն արձանագրության 15-րդ հոդվածի ա կետի, «լուրջ խախտում» է, որը՝ որպես ռազմական հանցագործություն, կարող է հետապնդվել միջազգային դատարաններում։ Ասվածը փաստվում է նշված արձանագրության՝ մշակութային արժեքների ուժեղացված պաշտպանության վերաբերյալ 10-րդ հոդվածով, համաձայն որի՝ մարդկության համար մեծագույն նշանակություն ունեցող մշակութային ժառանգությունը պետք է առնվի ուժեղացված պաշտպանության տակ, իսկ ՅՈւՆԵՍԿՕ-ն, փաստորեն, 2010 թվականից խաչքարային ողջ մշակույթը համարել է հենց այդպիսին։ Համաձայն արձանագրության 12-րդ հոդվածի՝ օկուպացված տարածքներում արձանագրության կողմ պետությունը, դիցուք՝ Ադրբեջանը, պետք է ապահովի ուժեղացված պաշտպանության տակ գտնվող մշակութային արժեքների անձեռնմխելիությունը՝ ձեռնպահ մնալով այդպիսի արժեքները հարձակման կամ հաշվեհարդարի օբյեկտ դարձնելուց»:

" https://yerkir.am/ "

 

2024 թ․ հունիսին Պատմամշակութային ժառանգության գիտահետազոտական կենտրոնի արշավախումբը (հնագետ՝ Ա․ Ջուլֆալակյան, ճարտարապետ՝ Գ․ Գյուլամիրյան), համաձայն առաջադրանքի, ուսումնասիրություններ է կատարել ՀՀ Սյունիքի մարզի Սվարանց, Տանձատափ, Հալիձոր, Հարժիս, Տաթև գյուղերում։

Հորդառատ անձրևներով ուղեկցվող դաշտային աշխատանքների արդյունքում արշավախումբը հայտնաբերել է մի քանի նոր հուշարձաններ, որոնցից է Հալիձոր գյուղի նորահայտ քարայրը, և կազմվել են դրանց պահպանական գոտիների նախագծերը։

 

" https://alikonline.ir/ "

 

«ԱԼԻՔ» – Խստապահանջութիւնը, նախանձախնդրութիւնն ու հաւատարմութիւնն ընկած են Մեծի Տանն Կիլիկիոյ կաթողիկոսութեան նկարագրի ու կեանքի հիմքում։  Այս մասին ըստ կաթողիկոսութեան մամլոյ ծառայութեան՝ Անթիլիասի Մայրավանքում՝ իր ելոյթում, ասել է Արամ Ա Վեհափառ Հայրապետը:

«Խստապահանջութիւնը, նախանձախնդրութիւնն ու հաւատարմութիւնը: Այսպէս բնորոշեց Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա Վեհափառ Հայրապետը Մեծի Տանն Կիլիկիոյ կաթողիկոսութեան Միաբանութեան նկարագիրը, կեանքը ու կոչումը, եպիսկոպոսաց դասուն եւ ապա վանաբնակ միաբանութեան հետ յաջորդաբար իր ունեցած հանդիպումներու ընթացքին:

«Մենք անհատ միաբաններ չենք, այլ Միաբանութիւն ենք՝ հաւաքական մէ՛կ անձնաւորութիւն: Այս գիտակցութեամբ ու նախանձախնդրութեամբ կոչւած ենք մտածելու ու գործելու, ծառայելու ու կազմակերպելու մեր անհատական ու հաւաքական կեանքը, Մայրավանքէն թէ թեմերէն ներս»,- ընդգծեց Վեհափառ Հայրապետը: Շարունակելով իր խօսքը՝ Նորին Սրբութիւնը ըսաւ. «Կապրինք աշխարհի մը մէջ, ուր շրջապատւած ենք տեսակ-տեսակ երեւոյթներով, զարգացումներով, մօտեցումներով, մտածելակերպերով ու կենցաղակերպերով, որոնք երբեմն իրենց ազդեցութիւնը կունենան հայ հոգեւորականի կեանքին, մտածողութեան ու գործին վրայ:

Հարկ է ըլլալ զգօն եւ ամրօրէն կառչած մնալ մեր կոչումին ու անոր պարտադրանքին: Հոգեւորականը իրաւունք չունի սովորական մարդ դառնալու: Ան միջնորդ է Աստուծոյ ու մարդուն միջեւ եւ Քրիստոսի դեսպանն է, ինչպէս կըսէ առաքեալը: Այս ինքնագիտակցութիւնը պէտք է մղիչ ոյժը դառնայ հոգեւորականի կեանքին ու ծառայութեան»,- ասւած է կաթողիկոսութեան մամլոյ ծառայութեան հրապարակած հաղորդագրութեան մէջ:

" https://yerkir.am "

 

Վաղը՝ հունիսի 11-ին, Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոս Արամ Ա-ն կմեկնի Վատիկան, որտեղ կհանդիպի Հռոմին Պապին:  Այս մասին հայտնում են Կաթողիկոսության մամուլի ծառայությունից․

Հաղորդագրության մեջ ասված է.

«Վաղը՝ Երեքշաբթի, 11 Յունիս 2024-ի առաւօտուն, միօրեայ այցելութեամբ Արամ Ա. Վեհափառ Հայրապետը պիտի մեկնի Վատիկան:

Նորին Սրբութիւնը հրաւիրուած է Վատիկանի Արեւելեան Համալսարանին մէջ դասախօսութիւն տալու՝ «Կրօնքին դերը աշխարհաքաղաքականութեան մէջ» նիւթին շուրջ:

Վատիկան կատարելիք իր միօրեայ այցելութեան ընթացքին Վեհափառ Հայրապետը յաջորդաբար հանդիպումներ պիտի ունենայ Նորին Սրբութիւն Ֆրանսիս Պապին, Վատիկանի արտաքին գործոց նախարարին, միջ-եկեղեցական յարաբերութեանց բաժանմունքի նախագահին եւ արեւելեան կաթոլիկ եկեղեցիներու բաժանմունքի նախագահին հետ:

 Սոյն այցելութեան Վեհափառ Հայրապետին կ՚ընկերակցի Կաթողիկոսարանի Միջին Արեւելքի միջ-եկեղեցական եւ քրիստոնեայ-իսլամ յարաբերութեանց բաժանմունքի վարիչ Հոգշ. Տ. Սարգիս Վրդ. Աբրահամեան»:

" https://yerkir.am "

 

Իրանի արտահերթ նախագահական ընտրություններին կմասնակցի 6 թեկնածու: Այս մասին տեղեկություն է տարածել Tasnim-ը։

Այս թեկնածուներն են՝ Ալիռեզա Զաքանին, Սաիդ Ջալիլին, Ամիր Հուսեյն Ղազիզադե Հաշիմին, Մուստաֆա Փուրմոհամմադին, Մոհամմադ Բաղեր Ղալիբաֆը և Մասուդ Պեզեշիկյանը։

Նշենք, որ այսօր Իրանի Սահմանադրության պաշտպանության խորհուրդը ՆԳՆ է ներկայացրել նախագահական ընտրություններին մասնակցող թեկնածուների ցուցակը:

" https://yerkir.am "

 

Սահմանազատումից հետո Ադրբեջանից 30 վայրկյանում հնարավոր կլինի հասնել Կիրանցի դպրոց: ԱրմենիաSputnik-ը ուսումնասիրություն է կատարել և պարզվել է, որ դպրոցի դռան առջև մոտ 1 րոպեում Ադրբեջանից կարող են հասնել:

Կիրանցում սահմանազատման հետևանքով ընդհանուր 30 անձի պատկանող 54 գույք է անցնում ադրբեջանական կողմին, որոնց բոլորի համար առկա են կադաստրի վկայականներ։ 30-ից 20-ը համաձայնել են ընդունել կառավարության առաջարկած փոխհատուցումները, ընդ որում, խոսքը բավականին մեծ գումարների մասին է։ 

Բացի 2 բնակելի տներից Ադրբեջանին են հանձնվում 3 խանութ, 1 ավտոմասերի կետ, 48 հողամաս, նաև մի քանի հա համայնքային հողեր։

" https://alikonline.ir "

 

Արբանեակային պատկերների վերլուծութիւնը ցոյց է տալիս վերջին եօթ ամսւայ ընթացքում եկեղեցու, գերեզմանոցի եւ մի ամբողջ գիւղի աւերումը, իսկ փորձագէտները նախազգուշացնում են Արցախում մշակութային ցեղասպանութեան մասին: Դրա մասին ըստ Yerkir.am-ի՝ գրել է ամերիկեան Hyperallergic հանդէսը։

Փորձագէտների մտավախութիւններն Արցախում հայկական մշակութային ժառանգութեան օբիեկտների արագացւած ոչնչացման վերաբերեալ Ադրբեջանն իրականացրել է վերջին եօթ ամիսների ընթացքում, երբ աւտորիտար ռեժիմը աւելի քան 100 հազար էթնիկ հայերի վտարեց իրենց հայրենի բնօրրանից:

Քանի որ ադրբեջանական օրէնքներն արգելում են ազատ եւ անկախ մամուլի մուտքը տարածաշրջան, փորձագէտները հայկական մշակոյթին առնչւող հարիւրաւոր կարեւոր վայրերի վրայ յարձակումները հետեւելու համար հիմնւում են արբանեակային պատկերների վրայ:

Հայկական ժառանգութեան վրայ յարձակումներն առաջատար գիտնականները որակել են որպէս «մշակութային ցեղասպանութիւն» եւ կարող են գնահատւել Միջազգային Քրէական դատարանի (ICC) նոյեմբերի որոշման խախտում: Միջազգային քրէական դատարանն Ադրբեջանին պարտաւորեցրել է ձեռնարկել «բոլոր անհրաժեշտ միջոցները՝ կանխելու համար վանդալիզմն ու հայերի ժառանգութեան պղծումը»։

Անցեալ ամիս Կալիֆորնիայի «Ճշմարտութեան եւ արդարության կենտրոնը» դիմել էր Միջազգային Քրէական դատարանին՝ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի նկատմամբ հայերի ցեղասպանութեան փաստերը հետաքննել ոչ միայն Արցախում, այլեւ՝ Հայաստանում։

Մայր աթոռը որոշել է պահպանել Արցախի թեմը։ Այդ մասին ասւել է Գերագոյն հոգեւոր խորհրդի քառօրեայ ժողովի ժամանակ, որը նախագահում էր Գարեգին Բ Ամենայն հայոց կաթողիկոսը: Ըստ yerkir.am-ի, տեղեկութիւնը յայտնում է Մայր աթոռի տեղեկատւական համակարգը։

Նշւում է, որ ժողովի ժամանակ քննարկւել են պետութեան առաջ ծառացած յետպատերազմեայ մարտահրաւէրները, Արցախից բռնի տեղահանւածների հիմնախնդիրները, ինչպէս նաեւ Արցախի մշակութային ու հոգեւոր ժառագութեան պահպանման հետ կապւած հարցերը։

Ժողովի առաջին օրը զեկոյցով հանդէս եկան Արցախի նախկին պետնախարար Արտակ Բեգլարեանը եւ Արցախի թեմի առաջնորդ տէր Վրթանէս եպիսկոպոս Աբրահամեանը:

«Արցախի թեմի լուծարումը տեղի չի ունենայ, ինչպէս, ցաւօք սրտի, լուծարւեց Արցախի պետականութիւնը։ Վեհափառ հայրապետն ի ուրախութիւն բոլորիս յայտարարեց, որ Արցախի թեմը չի լուծարւելու, այլ գործառոյթները մի փոքր կը փոխւեն, եւ ինքն իր նպատակների համար կը ծառայի։ Սա կը նշանակի, որ մենք մեր սրտում կունենանք երազանք` նորից վերադառնալու Արցախ»,– ընդգծեց տէր Վրթանէսը։

Սիւնիք է հասել Իրանի Իսլամական Հանրապետութեան կողմից Հայաստան ուղարկւած հումանիտար բեռը՝ նախատեսւած Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանւած անձանց համար։ Այս մասին հաղորդում են ԻԻՀ-ում ՀՀ դեսպանութիւնից։

Մարզկենտրոն Կապանում այն դիմաւորել են  Սիւնիքի մարզպետ Ռոբերտ Ղուկասեանը և ՀՀ-ում Իրանի Իսլամական Հանրապետութեան արտակարգ եւ լիազօր դեսպան Մեհդի Սոբհանին:

Մօտ 60 տոննա հումանիտար օգնութեամբ բեռնատարներում սնունդ է,  հիգիենիկ պարագաներ, տաք ծածկոցներ, ջեռուցիչներ եւ այլն։

 

Այսօր (1 հոկտեմբերի 2023) Ստեփանակերտի Մայր տաճարում վերջին պատարագը կատարեց Հրայր Սարկաւագը․ Արցախի Մայր Տաճարը վերջին անգամ  հայաշունչ աղօթքով օծւեց: Այս մասին հաղորդում է yerkir.am-ը։

 

Չորեքշաբթի, 27 Սեպտեմբեր 2023-ին, Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա. Վեհափառ Հայրապետը առցանց հանդիպում մը ունեցաւ Մեծի Տանն Կիլիկիոյ Կաթողիկոսութեան թեմակալ առաջնորդներուն հետ: Հանդիպումի օրակարգին գլխաւոր հարցը Արցախի մեր ժողովուրդին զօրակցութիւնն էր: Նորին Ս. Օծութիւնը հետեւեալ թելադրութիւնները կատարեց առաջնորդներուն եւ թեմի իշխանութիւններուն.-

Ա) Յառաջիկայ Կիրակի, 1 Հոկտեմբերը նկատել Արցախի զօրակցութեան օր՝ հոգեհանգիստ կատարելով Արցախի նահատակներու հոգիներուն, ինչպէս նաեւ աղօթել հիւանդներու շուտափոյթ ապաքինման եւ ընդհանրապէս տագնապի մէջ գտնուող մեր զաւակներուն բարօրութեան համար:

Բ) Գործնապէս մասնակից դառնալ ի խնդիր Արցախի մեր ժողովուրդին անվտանգութեան եւ իրաւունքներու պաշտպանութեան տեղի ունենալիք ցոյցերուն եւ հրապարակային այլ նախաձեռնութիւններուն:

Գ) Օժանդակել Արցախի մեր զաւակներուն ընկերային-տնտեսական կարիքներուն՝ թէ՛ Արցախի եւ թէ Հայաստանի մէջ:

Արցախի Հանրապետութեան նախագահ Սամուէլ Շահրամանեանը հրամանագիր է ստորագրել 2023 թւականի սեպտեմբերի 19-ից յետոյ ստեղծւած իրավիճակից բխող գործողութիւնների մասին։

Համաձայն հրամանագրի՝ ստեղծւած ռազմաքաղաքական ծանր իրավիճակի կապակցութեամբ՝ ելնելով Արցախի ժողովրդի ֆիզիքական անվտանգութեան եւ կենսական շահերի ապահովման առաջնահերթութիւնից՝ հաշւի առնելով ռուսական խաղաղապահ ուժերի հրամանատարութեան միջնորդութեամբ ձեռք բերւած պայմանաւորւածութիւնը, Ադրբեջանի Հանրապետութեան ներկայացուցիչների հետ պայմանաւորւելով, որ Լեռնային Ղարաբաղի բնակիչների, այդ թւում՝ զէնքերը վայր դրած զինւորականների ազատ, կամաւոր եւ անխոչընդոտ անցումն ապահովւում է Լաչինի միջանցքի երկայնքով մեքենաների վրայ իրենց գոյքով եւ առաջնորդւելով Լեռնային Ղարաբաղի Սահմանադրութեան 93-րդ յօդւածով, որոշւել է.

1 – Մինչեւ 2024 թւականի յունւարի 1-ը լուծարել իրենց գերատեսչական ենթակայութեան բոլոր պետական​​ հիմնարկները եւ կազմակերպութիւնները, եւ Լեռնային Ղարաբաղի (Արցախի) Հանրապետութիւնը դադարում է գոյութիւն ունենալ։

2 – Լեռնային Ղարաբաղի բնակչութիւնը, այդ թւում՝ հանրապետութիւնից դուրս գտնւող բնակչութիւնը, սոյն հրամանագրի ուժի մէջ մտնելուց յետոյ ծանօթանում է Ադրբեջանի Հանրապետութեան կողմից ներկայացւած վերաինտեգրման պայմաններին՝ Լեռնային Ղարաբաղում մնալու (վերադառնալու) հնարաւորութեան մասին անկախ եւ անհատական ​​որոշում կայացնելու նպատակով։

Սոյն հրամանագիրն ուժի մէջ է մտնում հրապարակման պահից անմիջապէս յետոյ։

Պայթիւն է տեղի ունեցել Ստեփանակերտի հարեւանութեամբ՝ Հայկազովի բենզալցակայաններից մէկում։ Այս տեղեկութիւնը հաստատեց Արցախի ԱԺ պատգամաւոր Մետաքսէ Յակոբեանը։ Այս մասին հաղորդում է yerkir.am-ը։

MediaHub-ի տեղեկութիւններով՝ պայթիւնի հետեւանքով կան զոհեր եւ վիրաւորներ։ Լցակայանում պայթել է բենզինով ցիստերնը: Սա այն ցիստերն է, որտեղից մարդկանց պէտք է բենզին տրամադրէին Հայաստան տեղահանւելու համար: Տարածքում տասնեակ մարդիկ կային, որոնք իրենց հերթին էին սպասում։

Շաբաթ՝ սեպտեմբերի 23-ին երեկոյեան, Իսլամական խորհրդարանում Թեհրանի եւ հիւսիսային իրանահայութեան եւ Սպահանի ու հարաւային իրանահայութեան պատգամաւորներ՝ Արա Շահվերդեանը եւ Ռոբերտ Բեգլարեանը հանդիպում են ունեցել Արտաքին գործերի նախարարութեան գծով խորհրդարանի, հիւպատոսական գործերի եւ արտասահմանում իրանցիների հարցով տեղակալ դոկտ. Բիգդելիի հետ։ Այս մասին յայտնում է alikonline-ir-ը։

Իսլամական խորհրդարանում Թեհրանի եւ հիւսիսային իրանահայութեան պատգամաւորի գրասենեակից տեղեկանում ենք, որ հանդիպման թեման, որը կայացել է դոկտ. Բիգդելիի գրասենեակում, եղել է՝ Լեռնային Ղարաբաղում ընթացող իրադարձութիւնները, Ադրբեջանի բանակի յարձակումն ու այնտեղ բնակւող հայերի անվտանգութեանը, կեանքին ու ֆինանսներին սպառնացող լուրջ սպառնալիքները։

Մտքերի փոխանակում է կատարւել Իրանի քաղաքականութեան, ապագայի հաւանական հարցերի ու առկայ մտահոգութիւնների մասին։ Ուստի որոշւել է, որ արտաքին գործերի նախարարութեան կողմից նկատի առնւեն պատգամաւորների եւ իրանահայ համայնքի մտահոգութիւնները, ի լրումն տարածաշրջանում զարգացումների ու տեղաշարժերի համակողմանի մոնիթորինգի ընթացքում:

Ժամը 18:00-ի (Սեպտեմբերի 24) դրութեամբ Լեռնային Ղարաբաղից Հայաստան մուտք է գործել 377 բռնի տեղահանւած քաղաքացի։ Ըստ yerkir.am-ի` յայտնում են ՀՀ կառավարութիւնից:

Նրանցից 216-ի վերաբերեալ հաշւառման տւեալներն ամփոփւած են, իսկ 161-ի կարիքները շարունակում են նոյնականացւել:

216 հաշւառւածներից 118-ը ցանկացել են մեկնել իրենց կողմից որոշւած կեցութեան վայրեր, իսկ 98-ը ներկայումս ապահովւում են կառավարութեան յատկացրած կեցավայրով:

Հայաստանի Հանրապետութեան անկախութեան 32-րդ տարեդարձը կ՚ողջունենք տագնապալից պայմաններու մէջ: Երկար ամիսներու սովէ ու տառապանքէ ետք, այսօր Արցախը կը գտնուի մահուան դէմ յանդիման:

Արդարեւ, Ազրպէյճանի հետզհետէ ծաւալող սպառնալիքներուն ու սադրանքներուն դիմաց, ըրինք զիջումներ, վարեցինք բանակցութիւններ, կատարեցինք յայտարարութիւններ, հրապարակեցինք դատապարտութիւններ, դիմեցինք միջազգային համայնքին, թակեցինք դռները մեր մօտաւոր եւ հեռաւոր բարեկամներուն: Սակայն, ոչի՛նչ փոխուեցաւ: Ո՛չ ոք լսեց մեզ: Ո՛չ ոք գործնապէս բաժնեց մեր մտահոգութիւնները եւ զօրակից եղաւ մեր իրաւունքներուն: Միւս կողմէ, արիւնարբու թշնամին առաւել կատաղութեամբ շարունակեց իր պատերազմը հայ ժողովուրդին դէմ, զէնքով թէ քարոզչութեամբ, հայկական հողերու վրայ թէ աշխարհի տարածքին՝ դառնալով աւելի անգութ ու յարձակողապաշտ:

Թուրքիան ու Իսրայէլը շարունակեցին իրենց ամբողջական զօրակցութիւնը իրենց դաշնակից ու բարեկամ Ազրպէյճանին:

Ազրպէյճանի կողմէ ֆինանսաւորուող թուրք քաղաքագէտներ ու հրեայ խախամներ անվերապահօրէն պաշտպանեցին Ազրպէյճանի ցեղապաշտ քաղաքականութիւնը Արցախի ու Հայաստանի դէմ, նոյնի՛սկ դատապարտելով «ցեղասպանութիւն» բառին գործածութիւնը, 20-րդ դարու առաջին ցեղասպանութեան զոհ դարձած մեր ժողովուրդին կողմէ:

Միջազգային համայնքը, Միացեալ Ազգերու Կազմակերպութենէն սկսեալ մինչեւ Եւրոպական Միութիւն, բաւարարուեցաւ լոկ կոչեր հրապարակելով:

Ցարդ, ո՛չ մէկ գործնական քայլ՝ ամիսներէ ի վեր շրջափակումի ենթարկուած ու սովամահ դարձած Արցախի ժողովուրդին օգտակար դառնալու: Ո՛չ մէկ շօշափելի նախաձեռնութիւն՝ Արցախի ժողովուրդի պատմական ու մարդկային իրաւունքները պաշտպանող: Եւ աւելի՛ն, Ազրպէյճանը ցեղասպանութիւն է, որ կը փորձէ գործադրել Արցախի հարիւր քսան հազար (120,000) անմեղ հայերուն դէմ՝ քաղաքակիրթ աշխարհին դիմաց...:

Փաստօրէն անպաշտպան ենք ու առանձին:

Կարելի չէ՛ այլեւս հանդուրժել մեր ժողովուրդին դէմ կատարուող սադրանքները, սպառնալիքները, ռմբակոծումները ու յարձակումները: Կարելի չէ՛ այլեւս համակերպիլ պարտադրուած իրավիճակներուն: Արցախի ժողովուրդին անվտանգութեան ու իրաւունքներուն պաշտպանութիւնը միջազգային համայնքին պարտաւորութիւնն է եւ նաեւ ու մանաւանդ մեր ազգին համար առաջնահերթութիւն: Եթէ այսօր յաւերժ կորստեան սեմին գտնուող Արցախը չկարենանք փրկել, վաղը կրնայ Հայաստանը նմանօրինակ կացութեան մէջ գտնուիլ: Զգո՜յշ, հազա՛ր անգամ զգոյշ...:

Ըլլանք արթուն ու հեռատես: Պատահական չեն Ազրպէյճանի կողմէ առնուած զինուորական-քաղաքական յաջորդական քայլերը: Անոնք սերտօրէն ուսումնասիրուած ու ծրագրուած են եւ համահունչ՝ շրջանի աշխարհաքաղաքական պայմաններու հոլովոյթին եւ շատ հաւանաբար քաջալերուած շրջանի որոշ ոյժերու կողմէ:

Ո՞ւր ենք մենք: Ի՞նչ կ՚ընենք մենք:

Հայաստանը անորոշութեան եւ անտարբերութեան ամպերով է ծածկուած. իսկ արիւնաքամ դարձած Արցախը ամրօրէն կը մնայ պատնէշի վրայ: Պատի՛ւ իրեն: Արցախը մեր ժողովուրդի իրաւունքներուն ու Հայաստանի ամբողջականութեան, անվտանգութեան եւ անկախութեան պաշտպանութեան առաջին ճակատն է. պէտք է զայն ամէն գնով պահել ամուր:

Արդ, չենք կրնար այլեւս հանդիսատես մնալ ներկայ ահաւոր ու աննախատեսելի վտանգներով լեցուն կացութեան դիմաց՝ սոսկ տագնապելով ու դատապարտելով: Ժողովուրդը կ՚ըսէ՝ բաժակը յորդած է. դանակը ոսկորին է հասած արդէն:

Հետեւաբար, սա պահուն Անթիլիասի Մայրավանքէն կոչ կ՚ուղղենք

 

ՀԱՄԱԶԳԱՅԻՆ ԶՕՐԱՇԱՐԺի

 

Այո՛, համազգային զօրաշարժ. այլ ընտրանք չկայ:

Սիրելի՛ զաւակներ հայ ազգին, այսօր անցեալը ու ներկան քննադատելու ժամանակը չէ. այսօր Արցախի ներկան ու Հայաստանի ապագան փրկելու ժամանակն է: Համախմբուինք համազգային այս սրբազան տեսլականին ու յանձնառութեան շուրջ՝ մեր ազգին ողջ ներուժով: Հո՛ս է մեր զօրութեան կռուանը:

Հետեւաբար,

Առաջին, պէտք է ողջ հայութիւնը ոտքի ելլէ՝ Հայաստանի, Արցախի ու Սփիւռքի մէջ, աշխարհին դիմաց արտայայտելով իր խոր ընդվզումը ու անխախտ միասնականութիւնը, ինչպէս նաեւ իր ամբողջական զօրակցութիւնը Արցախի ժողովուրդի ինքնորոշման իրաւունքին:

Երկրորդ, պէտք է շուտով համազգային մաշտապով հանդիպում մը կազմակերպուի – հրամայական անհրաժեշտութիւն մը, որուն մասին նախապէս անդրադարձած ենք – մասնակցութեամբ մեր ազգին հոգեւոր, քաղաքական, պետական ու կուսակցական ղեկավարներուն, ճշդելու համար նոր ռազմավարութիւն ու մարտավարութիւն, իրատես ու խոհեմ մօտեցումով: Արդարեւ, աշխարհաքաղաքական շահերու բախումի յորձանուտին մէջ, հրամայական է որ Հայաստանը հաւասարակշռուած դիրքորոշումներ որդեգրէ՝ հեռու մնալով միակողմանի մօտեցումներէ:

Սիրելի՛ ժողովուրդ հայոց,

Վստահինք մեր սեփական ոյժին: Մեր ազգին ոյժը իր հաւաքական հաւատքին, վճռակամութեան ու միութեան մէջ է: Ա՛յլ ճամբայ չունինք մեր դիմաց: Եկէ՛ք միասնաբար քալենք այս ճամբէն՝ վերանորոգ հաւատքով զօրացած ու վառ յոյսով շաղախուած:

 

ԱՐԱՄ Ա. ԿԱԹՈՂԻԿՈՍ
ՄԵԾԻ ՏԱՆՆ ԿԻԼԻԿԻՈՅ

 

21 Սեպտեմբեր 2023

Անթիլիաս

* Հինգշաբթի 21 Սեպտեմբեր, 2023-ին, Հայաստանի վերանկախութեան 32-րդ տարեդարձին առիթով, Անթիլիասի Մայրավանքի Ս. Գրիգոր Լուսաւորիչ Մայր Տաճարին մէջ տեղի ունեցաւ Հանրապետական Մաղթանք, զօրակցական աղօթք եւ մաղթանք՝ Արցախի խաղաղութեան համար, նախագահութեամբ Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա. Վեհափառ Հայրապետին։ Ներկայ գրութիւնը Վեհափառ Հայրապետին պատգամն է, զոր տուաւ արարողութեան աւարտին։

Ստեփանակերտի յարակից տարածքներից ադրբեջանական զինուժը, խախտելով հրադադարի մասին պայմանաւորւածութիւնը, կրակում է հրաձգային տարբեր զինատեսակներից: Տեղեկացնում է yerkir.am-ը։

Կրակոցները լսելի են նաև մայրաքաղաքի կենտրոնում։

Անվտանգութեան նկատառումներից ելնելով` յորդորում ենք մնալ ապաստարաններում։ 

Իրավիճակի մասին յաւելեալ կը տեղեկացնենք։

Միջադէպի մասին տեղեկացրել ենք ռուս խաղաղապահների հրամանատարութեանը անյապաղ միջոցներ ձեռնարկելու պահանջով:

Արցախի ՆԳՆ

Սեպտեմբերի 20-ին՝ ժամը 22:50-ի սահմաններում, Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները հրաձգային զէնքերից կրակ են բացել Սոթքի (Գեղարքունիքի մարզ) հատւածում տեղակայւած հայկական դիրքերի ուղղութեամբ: Այս մասին հաղորդում են ՀՀ Պաշտպանութեան նախարարութիւնից։