ԿԱՐԾՈՒՄ ԵՄ՝ ԻՐԱՆԻՆ ԿԸ ՅԱՋՈՂՒԻ ԴՈՒՐՍ ԳԱԼ ՍՏԵՂԾՒԱԾ ԻՐԱՎԻՃԱԿԻՑ. ԿԱՐԷՆ ԽԱՆԼԱՐԵԱՆ

Աղբիւր՝ www.yerkir.am

Իրանահայ պատգամաւոր Կարէն Խանլարեանի խօսքով՝ Միացեալ Նահանգների և Իրանի միջև վերջին շրջանի սրացումները դժւար թէ ռազմական գործողութիւնների վերածւեն: Նա Tert.am-ի հետ զրոյցում նման դիտարկում արեց՝ անդրադառնալով երկու երկրների յարաբերութիւններում նկատւող լարւածութեանը:

«Չեմ կարծում, որ ամերիկացիները նման քայլի գնան: Թրամփի վարչակազմի օրօք ամերիկացիները փորձում են «զոռբայական» տարբերակով հարցերը լուծել, բայց Իրանի վարչակազմը և ժողովուրդը, կարծում եմ, չեն ընկրկելու այդ «զոռբայութեան» առջև»,- ասաց նա:

Նա նկատեց, որ այն, որ ամերիկացիները պարբերաբար բարձրացնում են բանակցելու հարցը, նշանակում է, որ նրանք չեն ցանկանում ռազմական գործողութիւնների անցնել:

Իսկ բանակցութիւնները, ըստ իրանահայ պատգամաւորի, մօտ ապագայում հնարաւոր կը լինեն, Իրանը դրանց դեմ չի լինի, եթե ԱՄՆ-ն հրաժարւի իր առաջ քաշած նախապայմաններից:

«Դրանք ոչ մի բանակցային տրամաբանական գործընթացի նախապայման չեն կարող լինել, ոչ մի տրամաբանութիւն չկայ դրանց մէջ: Բայց չեն էլ հրաժարւում դրանցից, միւս կողմից էլ ակնկալում են, որ պէտք է բանակցութիւններ լինեն: Այնինչ բանակցութիւնները պէտք է լինեն առանց նախապայմանների»,- ասաց նա՝ յաւելելով, որ իրեն յարգող ոչ մի պետութիւն նման նախապայմանների պարագայում բանակցային սեղանի շուրջ չի նստի:

Նա նաև մատնանշեց, որ բանակցութիւններ արդէն Իրանի հետ տարիներ առաջ տարւել են, Իրանի հետ Միջուկային ծրագրի շուրջ համաձայնութիւն է ձեռք բերւել, սակայն Միացեալ Նահանգներն է, որ Թրամփի վարչակազմի օրօք, հրաժարւել է իր պարտականութիւնների կարարումից և դուրս է եկել արդէն կնքւած համաձայնագրից և յայտարարել իր նախապայմանների մասին:

«Ես կարծում եմ, որ ներկայ պայմաններում ոչ մի տրամաբանութիւն չկայ բանակցութիւնների անցնելու, դրանք արդիւնաւէտ չեն լինի»,- ասաց նա:

Կարէն Խանլարեանը նաև համաձայնեց, որ Միջուկային համաձայնագրին միացած մնացած երկրները փորձում են այս գործընթացում աջակցել Իրանին՝ իրավիճակը հանդարտեցնելու: «Տեսնում ենք, որ եւրոպական եռեակը (նկատի ունի՝ Գերմանիային, Ֆրանսիային և Մեծ Բրիտանիային- Tert.am) և Չինաստանն ու Ռուսաստանը փորձում են իրենց հերթին փորձում են ամերիկացիներին հետ բերել բանակցութիւնների շրջագիծ, բայց ամերիկացիները, կարծես, անդրդւելի են: Ցաւով եմ ասում, բայց կարծես, իրենց քաղաքական էլիտայում էլ քաղաքական երկութիւն կայ․ նրանք էլ են փորձում ԱՄՆ գործադիր մարմնին ճնշումներով վերադարձնել այդ շրջագիծ: Չեմ կարող ասել, թէ ինչու՝ իմպերիալիզմի յատուկ դրսևորում է, թէ ինչ է, բայց ամերիկացիները չեն փորձում զիջել և նախապայմանները բռի կերպով դնում են սեղանին»:

Իրանը չի պատրաստւում դուրս գալ Մերձաւոր Արևելքից, ինչպէս ցանկանում է ԱՄՆ-ն, քանի որ, ըստ Կարէն Խանլարեանի, Իրանի ներկայութիւնը Սիրիայում, Իրաքում եղել է տւեալ պետութիւնների հրաւէրով: «Նրանք հրաւիրել են Իրանին, որ իր ներկայութեամբ օժանդակի կայունութեանը, և այդ երկրները դեռ չեն հրաժարւել իրենց այդ հրաւէրից»,- ասաց նա:

Թէ որն է հիմա Միացեալ Նահանգների նպատակը, ըստ պատգամաւորի՝ հիմա ամերիկացիները կարծես թե փորձում են բացառել Իրանում վարչակազմի փոփոխութեան հարցը:

«Ես կարծում եմ, որ Իրանի գխաւոր նպատակը Իրանին՝ միջինարևելեան տարածաշրջանի գործընթացներից չեզոքացնելն է: Եւ այստեղ ԱՄՆ-ի շահակիցը Իսրայելն է: Երկուստեք փորձում են Իրանին հանել այդ հաւասարակշռութիւնից, ինչը, բխում է իրենց շահերից: Պէտք է նաև նկատի առնել Թուրքիային և Սաուդեան Արաբիային այս գործընթացներում: Նրանք էլ են շահակից, որ Իրանը դուրս գայ այս տարածաշրջանից․ նրանք բաւականին նեղութիւն են քաշել և էներգիա են վատնել Միջին Արևելքի վիճակն ապակայունացնելու հարցում՝ իրենց շահերն ապահովելու համար: Իրանն էլ, բնականաբար, իր խնդիրներն ունի, և չեմ կարծում, որ հեշտ կը լինի նրան հետ կանգնեցնել խաղաղութիւն ապահովելու գործընթացից»,- ասաց նա:

Ինչպէ՞ս է դիմագրաւելու Իրանն ամերիկեան պատժամիջոցների արդիւնքում տնտեսական ծանր մարտահրաւէրների դէմ: Կարէն Խանլարեանը նկատեց, որ Իրանն արդէն յայտնւել է տնտեսական խնդիրների առջև, նա նշեց, որ ցաւալին այն է, որ պատժամիջոցները, ինչպէս օրինակ՝ դեղերի նկատմամբ կիրառւողները, նաև խախտում են մարդու իրաւունքները:

«Նրանք անգամ նման քայլի են գնում իրենց պարտադրանքները թելադրելու համար, ինչն անընդունելի է: Նորից պէտք է կրկնեմ՝ իրեն յարգող որևէ պետութիւն մինչև վերջ պէտք է պայքարի նման պահանջների դէմ»,- ասաց նա:

Ըստ Կարէն Խանլարեանի՝ այնուամենայնիւ, պէտք է հաշւի առնել, որ Իրանը հզօր պետութիւն է և ունի տնտեսական, արդիւնաբերական հնարաւորութիւններ: «Իրանին ծնկի բերելը կարելի է բացառել: Այս տարբերակներով դա անելն անհնար է: Իրանը կը մնայ կանգուն: Ես սա ասում եմ՝ վերջին տարիներին Իրանի քաղաքականութեան մէջ լինելու արդիւնքում: Մի ժամանակ ամերիկացիները կարծում էին, որ այդ պատժամիջոցներով իրանական վարչակազմին նեղւածութեան մէջ դնել, բայց իրականութիւնն այն է, որ դրանով ոչ միայն վարչակազմին, այլ նաև Իրանի ամբողջ ժողովրդին են նեղւածութեան մէջ դնում, և դա տրամաբանօրէն հանգեցնելու է ոչ թէ ընկրկման, այլ դիմադրութեան, և այդ դիմադրութիւնը գոյութիւն ունի և փորձում են պահպանել այն: Կարծում եմ՝ Իրանին կը յաջողւի ստեղծւած իրավիճակից դուրս գալ»,- ասաց նա:

Ինչպիսի՞ն են այս իրավիճակում հայ-իրանական յարաբերութիւնները: Կարէն Խանլարեանի տպաւորութեամբ՝ Հայաստանի անկախացումից յետոյ հայ-իրանական յարաբերութիւնները եղել են բաւականին բարձր մակարդակի վրայ, և այս ընթացքում միմեանց օգնելու բազմաթիւ փաստեր են արձանագրւել:

«Երբ Հայաստանն է գտնւել վատ իրավիճակում, Իրանն է օգնել, հակառակ պարագայում ևս, Իրանը օգնել է Հայաստանին: Այդ օժանդակութեան սպասելիքը երկուստեք գոյութիւն ունի, և երկու կողմերի քաղաքականութիւնն էլ բաւարարում է սպասելիքները»,- ասաց նա՝ վստահութիւն յայտնելով, որ երկու երկրներն այլ ճանապարհ չունեն, քան փոխյարաբերութիւնների ռազմավարական մակարդակը բարձրացնելն է:

 

 

Մեկնաբանութիւն գրել


Security code
Թարմացնել

 
Persian   Armenian

Ֆոտօռեպորտաժ

Տեսաֆիլմ