ԱՀԱԲԵԿՉՈՒԹԵԱՆ ԶՈՀԵՐԻ ՄԵԾԱՐՄԱՆ ԵՐԵԿՈՅ ՍՊԱՀԱՆԻ ԲԺՇԿԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆՈՒՄ

Ահաբեկչութեան զոհերի յիշատակի եւ մեծարման օրւայ առթիւ, ահաբեկչութեանը զոհ գնացած աւելի քան 17 հազար իրանցիների յիշատակին կազմակերպւած «Համբերատարութեան տիպարներ» խորագիրը կրող համագումարը տեղի ունեցաւ ուրբաթ՝ 18 օգոստոս 2017 թւականին, Սպահանի Բժշկական համալսարանում: 

Յանուն Սպահանի հայոց թեմի ազգային իշխանութեան, միջոցառմանը մասնակցում էին Շահինշահրի հոգեւոր հովիւ՝ Տ. Անանիա ծ. վրդ. Գուճանեանը եւ Թեմական խորհրդի անդամ՝ Նորայր Թումանեանը:

Համագումարին ներկայացւած ելոյթների շարքին, հանդէս եկաւ գերպ. Հայր Սուրբը, ով մեծարելով ահաբեկչութեան զոհերի յիշատակը, նշեց. «Ահաբեկչութիւնը եւ դրանից բխող հետեւանքները, այն հիմնական ու առաւել վտանգաւոր հիմնախնդիրներից են, որոնց բախւում է ժամանակակից աշխարհը: Մեր օրերի իրողութիւնն է այն փաստը, որ ահաբեկչութիւնն էլ աւելի է սպառնում երկրների մեծ մասի անվտանգութիւնը` հանգեցնելով հսկայական քաղաքական, տնտեսական ու բարոյական կորուստների: Նրա զոհ կարող է դառնալ ցանկացած երկիր, իւրաքանչիւր մարդ»: 

Նա ընդգծելով Իրանի Իսլամական հանրապետութեան կողմից ահաբեկչութեան դէմ իրականացւող գործունէութիւնը եւ հաշտարար ու խաղաղասէր դիրքորոշումները, նշեց. «Վերջերս մեր երկրում տեղի ունեցած ահաբեկչութիւնները՝ ատոմական գիտնականների ահաբեկումը եւ խորհրդարանում կատարւած ահաբեկչութիւնը արդիւնք են այն իրականութեան, որ ահաբեկիչները չհանդուրժելով Իրանի Իսլամական հանրապետութեան եւ ժողովրդի, Աստուծոյ եւ մարդկութեան հանդէպ ունեցած սէրն ու յարգանքը, ուզեցին խաթարել մեր անդորրութիւնն ու խաղաղութիւնը, սակայն չյաջողեցին»։ Շարունակութեան մէջ Հայր Սուրբը շեշտեց, որ ահաբեկչական խմբաւորումներն ակունք են ստացել մեծապետական ուժերի եւ երկրների շահերից ու նպատակներից, եւ սնուցւում, զինւում եւ հովանաւորւում են հենց այս ուժերի միջոցով, որոնք ձգտում են պառակտում եւ հակամարտութիւն հրահրել տարբեր կրօնների, մշակոյթների, քաղաքակրթութիւնների եւ ժողովուրդների միջեւ։ 

Հայր Սուրբը յիշատակելով այն փաստը, որ 20-րդ դարասկզբին հայ ժողովուրդն առաջինն է զոհ գնացել մարդկութեան դէմ իրականացւած ոճրին՝ առաջին ցեղասպանութեանը, նշեց, որ. «Ներկայիս նոյնպէս Միջին Արեւելքում սփռւած հայ համայնքները կրկին ահաբեկչական գործողութիւնների եւ խմբաւորումների հարւածի տակ են առնւած եւ կրկին զոհւում են կամ տասնեակ հազարներով տարագրւում են իրենց երկրներից, ինչին ականատես ենք եղել յատկապէս Սիրիայում»։

Գերապատիւ Հայր Սուրբն իր խօսքն եզրակացնելով, ասաց. «Կոչ եմ ուղղում այստեղ ներկաներին եւ Իրանի մեր սիրեցեալ ժողովրդին, լուռ չմնալ ահաբեկչութեան այն մեծ չարիքների դէմ, որոնք կատարւում են այսօր. սիրտ սրտի եւ ձեռք ձեռքի, միակամ բռունցքով պայքարենք աշխարհի անարդարութեանց եւ ահաբեկչութեանց դէմ, փաստելով որ մենք մէկ Աստծու ժողովուրդ ենք եւ մեր Աստւածը սիրոյ, խաղաղութեան, համերաշխութեան եւ արդարութեան Աստւածն է»: 

Միջոցառումը կազմակերպել էր Ահաբեկչութեան զոհերի պաշտպանութեան Սպահանի գրասենեակը:

Յատկանշական է, որ ՄԱԿ-ի Մարդու իրավունքների խորհուրդը 16 յունիս 2011 թւականին ընդունած բանաձեւի համաձայն, 19 օգոստոսը հռչակել է «Ահաբեկչութեան զոհերի յիշատակի եւ մեծարման օր» եւ ՄԱԿ-ին անդամակցող բոլոր երկրներին, Միաւորւած ազգերի համակարգի, միջազգային եւ Քաղաքացիական հասարակութեան բոլոր կազմակերպութիւններին հրաւիրել է պատշաճ միջոցառումներով յիշատակել այս օրը: 


Մեկնաբանութիւն գրել


Security code
Թարմացնել

 
Persian   Armenian

Ֆոտօռեպորտաժ

Տեսաֆիլմ