Աղբիւր՝ www.alikonline.ir

Իսլ. խորհրդարանում Թեհրանի եւ հիւսիսային իրանահայութեան պատգամաւորի եւ Մշակոյթի նախարարութեան կրօնական փոքրամասնութիւնների վարչութեան նորանշանակ պետի միջեւ տեղի է ունեցել հանդիպում համայնքային մի շարք ծրագրերի իրականացման կամ չարտօնման առիթով: Այս մասին պատասխանելով «Ալիք»-ին, տեղեկացրեց իրանահայ պատգամաւորը առանց մանրամասնութիւնների մէջ մտնելու, կամ փակագծեր բացելու:

Հանդիպմանը արծարծւել են մի շարք հարցեր այդ թւում՝ Հ. Մ. «Արարատ» կազմակերպութեան Նոր տարւայ տօնավաճառի չեղարկման խնդիրը, Հ. Մ. Մ. «Րաֆֆի» համալիրի կալւածային դատական հարցը, ինչպէս նաեւ Հ. Մ. Մ. «Նայիրի» միութեան շինարարական աշխատանքների հետ կապւած երեւոյթներ:

Նշելի է, որ դոկտ. Կարէն Խանլարեանի եւ դոկտ. Ֆերէյդունիի հանդիպումը տեղի է ունեցել նախորդ շաբաթ վերջնիս գրասենեակում, ինչի մասին իրանահայ պատգամաւորը տեղեկացրեց, որ հանդիպմանն իր մտահոգութիւններն է փոխանցել այդօրինակ խնդիրների շուրջ գոյացող նիւթական ու բարոյական վնասների ու ծագած անբարենպաստ վիճակի կապակցութեամբ, միաժամանակ յիշեցնելով, որ իրանահայ համայնքին ծանօթ են այն բոլոր խնդիրները, որոնք Մշակոյթի նախարարութեան համապատասխան մարմնի մտահոգութեան առիթ են դառնում, սակայն, պատգամաւորը վստահեցրել է, որ ինչպէս անցեալի փորձն է վկայում՝ նման ծրագրերի դրական կողմերը համեմատելի չեն եւ կարելի էր սպասել, որ նման նախագծերի վերաբերեալ նախարարութիւնն այլ կեցւաք որդեգրելու լինէր:

Պատգամաւորին հանդիպմանն ընկերակցել են Թ. Հ. Թ. Թեմական խորհրդի ներկայացուցիչ՝ Արա Շահվերդեանն եւ ազգային առաջնորդարանի դիւանապետ՝ Զօրիկ Կարապետեանը:

Պատգամաւորը «Ալիք»-ին յայտնեց նաեւ, որ. Մշակոյթի եւ Իսլ. էրշադի նախարարութեանը կից՝ ազգային ու կրօնական փոքրամասնութիւնների վարչութեան պետն ըմբռնումով է մօտեցել արծարծւած խնդիրներին եւ յոյս յայտնել, որ սերտ համագործակցութեան լոյսի ներքոյ հնարաւոր կը լինի լուծել հնարաւոր բոլոր դժւարութիւնները:

Դոկտ. Խանլարեանը յաւելեց, որ դոկտ. Ֆերէյդունիի հետ «Րաֆֆի» համալիրի հողատարածքի հարցը շօշափելու յաջորդ օրը Թեհրանի նահանգապետարանում պրն. Գուդարզիի գլխաւորութեամբ նոյն միութեան պատասխանատուները նիստի են հրաւիրւել, որտեղ Գուդարզին տեղեկացրել է, որ գործը դոկտ. Խանլարեանի հետեւողական աշխատանքների արդիւնքում կարծես մօտենում էր իր հանգուցալուծմանը, ինչը, սակայն զուգադիպելով նախկին նահանգապետի շրջանաւարտ լինելուն դանդաղեց:

Հանդիպմանը դոկտ. Գուդարզին տեղեկացրեց, որ դոկտ. Խանլարեանի հետ միասին հետեւելու են գործին, որպէսզի նոր նահանգապետի՝ Մոհսէն Բանդփէյի միջոցով պրն. Գուդարզիին նորից յանձնարարւի գործը տեսնել օրակարգում: