Հ.Յ.Դ. 129-ԱՄԵԱԿԻ ՀԱՆԴԻՍԱՒՈՐ ՆՇՈՒՄԸ՝ ՇԱՀԻՆՇԱՀՐՈՒՄ

Հինգշաբթի՝ 2019 թւականի հոկտեմբերի 31-ի երեկոյեան, Հայ Դատի յանձնախմբի Շահինշահրի գրասենեակի նախաձեռնութեամբ, Ն. Ջ. Հայ Մ. Մ. «Արարատ» միութեան Շահինշահրի մասնաճիւղի «Արամ Մանուկեան» սրահում կազմակերպւեց տօնակատարութիւն՝ Հայ Յեղափոխական Դաշնակցութեան  հիմնադրման 129-ամեակի առթիւ: 

Ծրագիրն սկսւեց Հ.Յ.Դ. քայլերգով եւ ծնունդին ու գործունէութեանը անդրադարձող տեսանիւթով, ապա բանախօսութեաբ հանդէս եկաւ ազգային գործիչ Սոնիկ Բաղումեանը: Նա սկզբում շնորհաւորելով առիթի, ինչպէս նաեւ հայ ժողովրդի արձանագրած վերջին յաղթանակի՝ Ա.Մ.Ն. Ներկայացուցիչների պալատի միջոցով Հայոց Ցեղասպանութիւնը ճանաչող բանաձեւի հաստատման կապակցութեամբ, շեշտեց, որ Հ.Յ.Դ.  Ամերիկայի Հայ Դատի յանձնախումբը տասնամեակներ շարունակ տարբեր մակարդակներում քարոզչական, քաղաքական-յարաբերական եւ կազմակերպական գործունէութիւն ծաւալելով, յաջողեց նման կարեւոր բանաձեւի հաստատումն ապահովել` վայելելով համայնքի եւ հայկական կազմակերպութիւնների մեծ աջակցութիւնն ու միասնական վերաբերմունքը, ինչը վկայում է այն մասին, որ առանց ուժեղ կազմակերպութեան եւ յարատեւ ու հետեւողական աշխատանքի հնարաւոր չէ յաղթահարել դժւարութիւնները եւ յաջողութիւններ արձանագրել: 

Բանախօսն այնուհետեւ անդրադառնալով օրւայ բուն նիւթին, նշեց. «Վերջին տարիներին, յատկապէս հաշւի առնելով Հայաստանի քաղաքական դաշտում Հայ Յեղափոխական Դաշնակցութեան  գործունէութիւնը, յաճախ աւելի շեշտւել է նրա կուսակցութիւն լինելու հանգամանքը, եւ ըստ դրա էլ փորձ է կատարւել գնահատել նրա դերակատարութիւնը հայրենի իրականութեան մէջ: Ի հարկէ ճիշտ է` Հ.Յ.Դ.-ն կուսակցութիւն է, բայց ոչ միա՛յն: Թերթում ենք Դաշնակցութեան 129 տարիների պատմութեան էջերը եւ անցած ուղին, ու նկատում ենք, որ դրանց մէջ տեղ են գտել հարիւրաւոր դէպքեր, հարիւրաւոր մարդիկ, հայրենի աշխարհի հարիւրաւոր վայրեր` աշխարհագրական ամենալայն տարածումով, գիւղեր, քաղաքներ, տասնեակ երկրներ, ու դրանց թիւն այնքան շատ է, որ դժւարանում ես իմի բերել ամբողջը` առանց թերութիւնների ու վրիպումների: Հարիւրաւոր իրադարձութիւններ շաղախում են ամբողջ Հ.Յ.Դ. պատմութիւնը, նրա գործունէութիւնը. հետեւաբար ինչպէ՞ս կարելի է Դաշնակցութեանը դնել «կուսակցութիւն» շրջանակի եւ եզրոյթի մէջ, եթէ այն նոյնացել է ամենապարզ ֆիդայու` Բալաբեխ Կարապետի, Սպաղանաց Մակարի, Արաբոյի պայքարի մասին նրանց ակնկալիքներին եւ վարքագծին, բայց միաժամանակ նոյնացել է գրչի վարպետների` Սիամանթոյի ու Աւետիս Ահարոնեանի ազատութեան թռիչքներին, նոյնացել Տէրեանի ընկալումներին, եթէ այն դարձել է մեծ մտաւորականների` Միքայէլ Վարանդեանի, Արշակ Ջամալեանի, Յոնան Դաւթեանի գաղափարական համոզումների արտացոլանքը, դարձել է ռազմական ու զօրական մեծ գիտակների ու հրամանատարների` Դրաստամատ Կանայեանի, Նիկոլ Դումանի, Նժդեհի եւ Անդրանիկի մարտական եւ արիութեան դպրոցը, դարձել է քաղաքական ու հասարակական գործի մեծ ղեկավարների պետութիւն կերտող, պետականութիւն հիմնող Արամ Մանուկեանի, Վրացեանի, Ռուբէնի դարբնոցը, յեղափոխական ու գաղափարական շարժումը խթանող, կազմակերպող եւ ղեկավարող Քրիստափորի, Ռոստոմի եւ Զաւարեանի հաւատքի, համոզումների եւ կեանքի իմաստը: Նոյնականացման այս շղթան շարունակւում եւ հասնում է մինչեւ մեր օրերը, հասնում է Հայաստանի Հանրապետութիւն, Արցախի Հանրապետութիւն, Ջաւախք, եւ սփիւռքի տասնեակ համայնքներ, երիտասարդական, քաղաքական, բարեսիրական կառոյցներ եւ յանձնախմբեր: Այսպիսի բազմաշերտ կառոյցին, գաղափարական շարժման, տեսակին ու քաղաքական գործօնին` Հայ Յեղափոխական Դաշնակցութեանը դնելով «կուսակցութիւն» շրջանակի ու բառիմաստի մէջ, փորձելով նրան դատել ու կշռել այդ չափորոշիչով, շատերը կատարում են մեծ սխալ»: Բանախօսն այս իրողութեան նկատառումով նշեց, որ Դաշնակցութեան դերակատարութիւնը ներկայի հայ քաղաքական կեանքում չի կարելի միայն սահմանափակել այս կամ ընտրութիւնների մէջ արձանագրւած արդիւնքներով, ինչը վկայում է Հայ Յեղափոխական Դաշնակցութեան Հայաստանի կառոյցի, որպէս արտախորհրդարանական ընդդիմադիր կուսակցութեան արթուն եւ պատասխանատու գործունէութիւնը: 

Սոնիկ Բաղումեաննն իր խօսքի մի այլ բաժնում Դաշնակցութեան քաղաքական վարքագծի եւ դիրքորոշումների մէջ պատասխանատւութեան ըմբռնումին անդրադառնալով՝ եզրակացրեց, «Պատասխանատւութիւնը մի կողմից համարւում է ժողովրդավարական համակարգի անբաժանելի տարրը, բաղադրիչը, պահանջը, երբ պէտք է պատասխան տալ արածի եւ չարածի համար, ճիշտ ու սխալի համար, միւս կողմից պատասխանատւութիւնը նոյնանում է յանձնառութեան հետ, այս դէպքում  յանձնառութիւն` սեփական հայրենիքի եւ ժողովրդի նկատմամբ, յանձնառութիւն, որը կանխում է որեւէ արկածախնդրութիւն, որեւէ չհաւասարակշռւած արարք, որը կարող է վտանգել մեր երկրի կայունութիւնը եւ անվտանգութիւնը, միաժամանակ թելադրում է մեզ չվարանել, յետ չկանգնել մեր հիմնական նպատակներից, պայքարել յանուն մեր երկրի բարօրութեան, զարգացման եւ ազգային արժէքների եւ չվհատւել հանդէս գալու քննադատութիւններով եւ ամենօրեայ աշխատանքով` կերտելու Ազատ, Անկախ եւ Միացեալ Հայաստանը` ընկերվարական եւ ժողովրդավարական կարգերով»: 

Տօնակատարութեան գեղարւեստական բաժնում հնչեցին յեղափոխական երգեր ազգային-յեղափոխական երգերի մենակատար Արթին Քեշիշեանի միջոցով, Արին Խաչիկեանի եւ Միրօ Խուդաբախշեանի նւագակցութեամբ: 

Յատկանշական է, որ այս առիթով ծրագրի ընթացքում Հ.Յ.Դ. «Ռուբէն» երիտ. միութեան կողմից կազմակերպւել էր գրքի ցուցահանդէս-վաճառք:

Երեկոյին ներկայ էին Սպահանի հայոց թեմի առաջնորդ գերշ. Տ. Սիփան եպս. Քէչէճեանը, արժն. Տ. Սահակ քհնյ. Մինասեանը, շրջանի Հայ Դատի յանձնախմբի եւ ազգային մարմինների ներկայացուցիչները եւ հոծ թւով ժողովուրդ՝ Նոր Ջուղայից ու Շահինշահրից:

Միջոցառումը հանդիսավարեց Էմմա Օրդուբէգեանը: 

Թղթակից (Շահինշահր)

 
 
 
 
 
 

Մեկնաբանութիւն գրել


Security code
Թարմացնել

 
Persian   Armenian

Ֆոտօռեպորտաժ

Տեսաֆիլմ