Ուրբաթ եւ շաբաթ՝ 2019 թւականի սեպտեմբերի 27 եւ 28-ին, Նոր Ջուղայի «Ս. Գէորգ» եկեղեցում, մասնակցութեամբ Սպահանի հայոց թեմի եկեղեցական դասի եւ հոծ թւով հաւատացեալ ժողովրդի, Ս. Գէորգ զօրավարի եւ վերոնշեալ եկեղեցու անւանակոչութեան տօների առթիւ տեղի ունեցան երկօրեայ արարողութիւններ: 

Նախագահութեամբ Սպահանի հայոց թեմի առաջնորդ գերշ. Տ. Սիփան եպս. Քէչէճեանի, ուրբաթ, առաւօտեան ժամը 9:30-ին, եկեղեցու շրջափակում կատարւեց աղօրհնէքի, իսկ երեկոյեան ժամը 6:00-ին, եկեղեցում՝ հսկման արարողութիւնները: 

Նշելի է, որ նոյն օրը կէսօրից յետոյ տեղի ունեցաւ ոչխարների զենումը, որից յետոյ Հարիսայի պատրաստման յանձնախմբի անդամներն անցան իրենց վստահւած աշխատանքին: 

Շաբաթ առաւօտեան, ձեռամբ գերշ. Տ. Սիփան եպս. Քէչէճեանի մատուցւեց Սուրբ եւ Անմահ Պատարագ: Ընթացքում երգեցողութեամբ հանդէս եկաւ Ս. Ամենափրկիչ վանքի «Կոմիտաս» երգչախումբը:

Սրբազան Հայրն օրւան պատշաճ իր քարոզում Անդրադառնալով Սրբի կեանքին, հաւատին ու անկոտրում կամքին՝ ընդգծեց. «Հարկաւոր է անդրադառնանք եւ սթափւենք, թէ ինչ վիճակում ենք գտնւում: Այսօր մենք որպէս քրիտսոնեաներ, Ս. Գէորգի նման, կանգնել ենք երկընտրանքի առջեւ: Կոստանդիանոս կայսրի փոխարէն ունենք մեր աշխարհն ու աշխարհիկ կեանքը, որոնք մեզ ճնշում  եւ ստիպում են, թողնենք մեր հոգեւոր կեանքը եւ ամբողջութեամբ՝ մարմնով, հոգով, սրտով ու հաւատով ենթարկւենք աշխարհին ու աշխարհականին: Մենք պէտք է Ս. Գէորգի նման մեր ոչն ասենք եւ չենթարկւենք այս աշխարհին, քանի որ քրիստոնեայ ենք եւ չենք կարող Աստծոյ կողմից շնորհւած մեր ջինջ հաւատն ու բիւրեղ հոգին աշխարհի ու աշխարհականի գերին դարձնել»: 

Ս. Պատարագի աւարտին տեղի  ունեցաւ ջրօրհնէք՝ Ս. Գէորգ զօրավարի աջով:

Այնուհետեւ Սրբազան Հայրը երգեցիկ խմբի եւ եկեղեցական դասի կազմած թափօրի ուղեկցութեամբ այցելեց եկեղեցու բակ եւ մատաղօրհնէքի արարողութեամբ օրհնեց պատրաստւած հարիսան, որը բաժանւեց ժողովրդին:

Վերջում գերշ. Տ. Սիփան եպս. Քէչէճեանն իր շնորհակալական խօսքն ուղղեց նշւած արարողութիւնների կազմակերպման գործում բոլոր դերակատարներին՝ եկեղեցական դասին, Սպահանի հայոց թեմի Կրօնական խորհրդին, Նոր Ջուղայի Հայոց Առաքելական Եկեղեցեաց վարչութեանը, երգեցիկ խմբին, Կանանց եւ Հարիսայի պատրաստման յանձնախմբերին, նւիրատուներին եւ հաւատացեալ ժողովրդին:

Թղթակից (Նոր Ջուղա)