Տ. ՍԵՊՈՒՀ ԱՐՔ. ՍԱՐԳՍԵԱՆ. «ԽՍՏԻՒ ԴԱՏԱՊԱՐՏՈՒՄ ԵՆՔ ՆՄԱՆ ԿԱՅՔԵՐՈՒՄ ՏԵՂԱԴՐՒԱԾ ԿԵՂԾ ԼՈՒՐԵՐԸ»

Աղբիւր՝ www.alikonline.ir

Իրանական ԶԼՄ-ներից «Ֆարս»-ը վկայակոչելով անյայտ աղբիւրների խօսքերը, հրապարակել է իսլամ ընդունած հայերի մասին մի յօդւած, որում ընդգծումը պահել է Մոհառամեան սգոյ ծէսերին մասնակցելու բերումով «Բուժւած հայ երիտասարդի» վրայ: Յօդւածագիրն իր գիւտից գլուխը կորցրած նշում է նաեւ, որ Թեհրանի հայաբնակ շրջաններում նկատւել է Աշուրայի սգոյ ծէսերին անմիջական մասնակցութիւն բերող հայերի «փաստը» եւ յաւելել, որ աւելի քան 20 իսլամ ընդունած այլ հայերի, ինչպէս նաեւ յօդւածի պատմութեան հերոս՝ իսլամ ընդունած ընտանիքի ճակատագրի համար մտահոգւած լինելը թոյլ չի տւել, որ նրանց անունները կամ լուսանկարը հրապարակւի: Այստեղ «Ֆարսը» հասկանալիօրէն չարաշահում է մամուլի օրէնքի այն կէտը, որով հիմնաւորւած է աղբիւրի չհրապարակման մասին իրաւունքը:

Չենք պատրաստւում ամէն բան չափել «Ֆարս» գործակալութեան յօդւածագրի արշինով ու խելքով, քանի որ համոզւած ենք, որ սուտը՝ առաջինը ընթացք տալով է տարածւում, իսկ երկրորդ՝ դա ցաւօք աւանդոյթի վերածւած նկրտում է դարձել կարծես, որով, տարին մէկ, Շիաների ծիսական նոյն օրերին, Իրանի թշնամիներին ու ինքնակոչ ընդդիմութեանը սնելու են գալիս նման մօտեցումներով հրապարակումները: Սա ակնյայտ վարկաբեկում է (թէեւ անգիտակցաբար է արւում) Իրանի ազգային շահերը:

Այս առթիւ, սակայն, փորձեցինք հարցը աւելիով պարզաբանել, Թեհրանի հայոց թեմի առաջնորդ Տ. Սեպուհ արք. Սարգսեանի հետ, ով խստօրէն դատապարտելով շինծու լրատւութիւնը ընդգծեց. «Մենք գնահատում ենք մեր իսլամ եղբայրների նախանձախնդրութիւնը իրենց կրօնի նկատմամբ, բայց թոյլ չենք տայ, որ լրատւամիջոցները չարաշահեն մեր ժողովրդի բարեմտութիւնը ինչպիսին «ֆարս նիւզ» կայքէջի անդրադարձն է, որը գրել է թէ 23 հայ երիտասարդներ են իսլամացել: Այս լուրի ճշգրտութիւնը որքան հնարաւոր եղաւ ստուգեցինք, պարզւեց՝ կեղծ լուր է եւ հայ երիտասարդները չեն իսլամացել երբեք ու երբեք, իսկ եթէ պատահի, ինչպէս որ իրենք են ասում, իսլամացել են եւ անուններն են փոխել, պէտք է ընդգծեմ, որ այդ անունները, որոնք նշւած են մեր ժողովրդի կողմից, ցաւօք, այս օրերին չի գործածւում՝ Աբրահամ եւ նման անուններ, հետեւաբար մենք այս կայքէջերին պատասխանատւութեան ենք կանչելու:

Ես վստահ եմ, որ պետական շրջանակները երբեք չեն կիսում այս կայքէջերում գրւած խեղկատակութիւնները: Մեր հասարակութիւնը, եթէ բարեմտօրէն յանկարծ տան պատշգամբից կամ փողոցից հետեւում է այդ արարողութիւններին, դա չի նշանակում, որ նրանք իսլամացել են: Դժբախտաբար սխալ մեկնաբանութիւն է եւ մենք մեր կարելիութեան սահմաններում պատկան մարմինների ուշադրութեանը անպայմանօրէն պիտի յանձնենք այս խնդիրը: Մի բան եւս. այս կայքէջերը դժբախտաբար անսանձելի են, չենք կարողանում սրանց սանձել եւ դժբախտաբար մեր որոշ կայքէջերն էլ կարծես ուրախանում են նման երեւոյթի մասին արտացոլումից եւ անմիջապէս տեղադրում են իրենց կայքերում:

Մենք խստիւ դատապարտում ենք նման կայքերում տեղադրւած այդ կեղծ լուրերը եւ պատասխանատւութեան ենք կանչելու նման լրատւութեան հեղինակներին»:

 

Մեկնաբանութիւն գրել


Security code
Թարմացնել

 
Persian   Armenian

Ֆոտօռեպորտաժ

Տեսաֆիլմ