ԻՐԱՆԻ 51-ՐԴ ՀԱՄԱՀԱՅԿԱԿԱՆ ԽԱՂԵՐԻ ՋԱՀԻ ՕՐՀՆՈՒԹԻՒՆԸ՝ ԹԵՀՐԱՆԻ Ս. ՍԱՐԳԻՍ ԵԿԵՂԵՑՈՒՄ

Աղբիւր՝ www.alikonline.ir

Թւականիս սեպտեմբերի 13-ին «Արարատ» մարզաւանում բացումն է կատարւելու Իրանի 51-րդ Համահայկական խաղերի նախաձեռնութեամբ Հ. Մ. «Արարատ» Կ. Մարզական միութեան: Այս շրջանի խաղերը նւիրւած են Հ. Մ. «Արարատ» Կ.-ի 75-ամեակին եւ Թաւրիզի ու Ուրմիայի մասնաճիւղերի 65-ամեակին: Խաղերի մեկնարկից առաջ չորս ջահեր են վառւել՝ Թաւրիզում, Ուրմիայում, Գեարդաբադում եւ Շիրազում, իսկ 5-րդ ջահը օրհնւեց երէկ Թեհրանում:

Թեհրանի հայոց թեմի առաջնորդ Տ. Սեպուհ արք. Սարգսեանի ձեռամբ, երէկ օգոստոսի 31-ի երեկոյեան Թեհրանի առաջնորդանիստ մայր եկեղեցում օրհնւեց Համահայկական խաղերի ջահը, որը կրում էին բասկետբոլիստներ՝ Էդնա Եսայեանը, Դրօ Տէր-Ղուկասեանը եւ թեթեւ ատլետի մարզուհի՝ Զեփիւռ Ասատրեանը: Ջահը մինչեւ «Արարատ» մարզաւան վազքով փոխադրել է Դրօ Տէր-Ղուկասեանը եւ տեղադրել Ս. Խաչ մատուռում:

Ջահի օրհնութեան արարողութեան ընթացքում Սրբազան Հայրն իր քարոզում կարեւորութեամբ ընդգծեց, որ Համահայկականի ջահի օրհնութեան արարողութիւնը, զուգադիպել է կիրակնամուտի ժամերգութեանը, որը սկսւում է «Լոյս Զւարթ»-ով եւ աւարտւում յատուկ շարականով, որի ընթացքում մենք Աստծուց լոյս ենք հայցում, որպէսզի մեր կեանքը լուսաւորի, ուստի այս զուգադիպութիւնը բարեբեր է:

Սրբազան Հայրը կարեւորութեամբ անդրադարձաւ քրիստոնէութեան մէջ լոյսի նշանակութեանը եւ ընդգծեց. «Երբ, այսօր այս ջահը վառւեց, որը պիտի տարւի «Արարատ» մարզաւանի Ս. Խաչ մատուռ, ես հաւատացած եմ, որ Աստւած իր հայրական գութով եւ սիրով պիտի օրհնի մեզ բոլորիս եւ այս լոյսը պիտի դարձնի առաջնորդը մեզանից իւրաքանչիւրին»: Սրբազան Հայրը գնահատանքով անդրադարձաւ Հ.Մ.Ա.Կ.-ին, որը իւրաքանչիւր տարի կազմակերպում է Համահայկական խաղերը, որի ընթացքում հայորդիները մարզանքի միջոցով կողք-կողքի են բերւում եւ միասնութեան, համերաշխութեան եւ համակեցութեան մթնոլորտ է կենդանանում համայնքի կեանքում: Սրբազան Հայրը յոյս յայտնեց, որ եկեղեցու խորանից վառւած լոյսը, լուսաւորի նաեւ իւրաքանչիւրի ոգին:

Ջահի օրհնութեան արարողութեանը, ներկայ էին՝ Իսլ. խորհրդարանում Թեհրանի եւ հիւսիսային իրանահայութեան պատգամաւոր դոկտ. Կարէն Խանլարեանը, Հ.Մ.Ա.Կ.-ի Կենտրոնական վարչութիւնը, Մարզական միութեան վարչութիւնը, Խաղերի կազմակերպման յանձնախմբի անդամները, կազմակերպութեան մարզիկ-մարզուհիներ, սկաուտականները եւ ներկաները:


Մեկնաբանութիւն գրել


Security code
Թարմացնել

 
Persian   Armenian

Ֆոտօռեպորտաժ

Տեսաֆիլմ