«ՔԱՅԼ ԴԷՊԻ ՏՈՒՆ» ԾՐԱԳՐԻ ՄԱՍՆԱԿԻՑՆԵՐԸ ՎԵՐԱԴԱՐՁԱՆ ՆՈՐ ՋՈՒՂԱ

 

Երկուշաբթի՝ 2019 թւականի օգոստոսի 12-ի կէսօրից յետոյ, ՀՀ Սփիւռքի յանձնակատարի գրասենեակի միջոցով կազմակերպւած «Քայլ դէպի տուն» ծրագրին մասնակցած 17 նորջուղայեցի պատանիները գեղեցիկ տպաւորութիւններով ու յուշերով վերադարձան Նոր Ջուղա: «Քայլ դէպի տուն»-ը տեղի ունեցաւ յուլիսի 29-ից օգոստոսի 11-ը, Ծաղկաձորում:

Չորեքշաբթի՝ օգոստոսի 14-ին, խմբի անդամները հանդիպեցին Սպահանի հայոց թեմի առաջնորդ գերշ. Տ. Սիփան եպս. Քէչէճեանին, որտեղ իրենց տպաւորութիւններով ու նորանոր փորձառութիւններով կիսւեցին Սրբազան հօր հետ:

Հանդիպման ընթացքում ծնողներն ու մասնակիցները շնորհակալական խօսք ուղղեցին  Սպահանի հայոց թեմի Թեմական խորհրդին՝ ի մասնաւորի խորհրդի անդամ Սոնիկ Բաղումեանին եւ Առաջնորդարանի Հանրային կապի գրասենեակի պատասխանատու՝ Մանիա Ղուկասեանին՝ մասնակցութեան հետ կապւած հարկ եղածը կազմակերպելու, իսկ ծնողներ՝ Էդրիան Ղազարեանին ու Անիտա Մարգարեանին՝ այս ուղղութեամբ անհրաժեշտ համագործակցութիւնը ցուցաբերելու համար: 

Յատկանշական է, որ «Քայլ դէպի տուն» ծրագրի 14 օրերի ընթացքում պատանիները ունեցել են զանազան դասընթացներ եւ այցելութիւններ, որոնցից կարելի է նշել՝ հայոց լեզւի դասընթացները եւ Մատենադարան, Օշական, Հայաստանի պատմութեան թանգարան, Կոմիտասի թանգարան-ինստիտուտ, Խոր վիրապ, «Թումօ» տեխնոլոգիայի կենտրոն, «Այբ» դպրոց, Գառնի եւ Գեղարդ, Դիլիջանի UWS միջազգային դպրոց, Հաղարծնի վանական համալիր, Մոնթէ Մելքոնեանի ռազմամարզական վարժարան, Յովհաննէս Թումանեանի տուն-թանգարան, ՀԲԸՄ վիրտուալ համալսարան եւ Վազգէն Սարգսեանի ռազմական համալսարան կատարած այցելութիւնները:

Ճամբարի ընթացքում մասնակիցները ծանօթացել են նաեւ մի շարք հայկական երգերի ու պարերի հետ, որոնցից մի քանիսը ներկայացրին վերոնշեալ հանդիպման ընթացքում:

Թղթակից (Նոր Ջուղա)

 

 


Մեկնաբանութիւն գրել


Security code
Թարմացնել

 
Persian   Armenian

Ֆոտօռեպորտաժ

Տեսաֆիլմ