ՍՊԱՀԱՆԻ ՆԱՀԱՆԳԱՊԵՏԸ ԳՆԱՀԱՏԵՑ ՆՈՐ ՋՈՒՂԱՅԻ ՀԱՅ ԿԱՆԱՆՑ ԳԹՈՒԹԵԱՆ ՄԻՈՒԹԵԱՆ ԿՈՂՄԻՑ ԻՐԱԿԱՆԱՑՒՈՂ ՄԱՐԴԱՍԻՐԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԷՈՒԹԻՒՆԸ

Սպահանի նահանգապետարանի նախաձեռնութեամբ, երեքշաբթի՝ օգոստոսի 13-ի երեկոյեան, Հասարակական կազմակերպութիւնների եւ գործընկերութիւնների օրւայ առթիւ, գիտաժողով տեղի ունեցաւ Սպահանի Բժշկական գիտութիւնների համալսարանի  “Դոկտ. Շարիաթի” շէնքում:

Ծրագրում արտայայտւեց Սպահանի նահանգապետ Աբբաս Ռեզային, ով գնահատելով քաղաքի հայ համայնքին, յատկապէս ընդգծեց համայնքի անդամների եւ զանազան կազմակերպութիւնների առաջատար լինելը կարիքաւորներին օժանդակելու հարցում: Ընթացքում նահանգապետի ձեռամբ գնահատագիր շնորհւեց Նոր Ջուղայի Հայ Կանանց Գթութեան միութեանը, որը որպէս հասարակական կազմակերպութիւն ջանք չի խնայում սիրայօժար մարդասիրական աշխատանքներ իրականացնելու ուղղութեամբ: Գնահատագիրն ստացաւ պատկան միութեան վարչութեան նախագահուհի Արմինէ Սիմոնեանը, ով ծրագրին հրաւիրւել եւ ներկայ էր գտնւել նոյն վարչութեան անդամուհի Մառիթա Յակոբեանի ընկերակցութեամբ:

Յատկանշական է, որ օրեր առաջ միութեան վարչութիւնը նահանգապետարանի Հասարակական եւ մշակութային հարցերի բաժնի տնօրէնի ստորագրութեամբ գնահատագրի էր արժանացել նաեւ ընթացիկ տարւայ ֆարւարդին ամսին Իրանի տարբեր նահանգներում ջրհեղեղից տուժածներին օժանդակութիւն ցուցաբերելու գործում առաջատարներից լինելու համար:

Նիւթը կազմեց “Ալիք” օրաթերթի Նոր Ջուղայի թղթակիցը՝ Ն. Ջ. Հայ Կանանց Գթութեան միութեան վարչութեան տրամադրած տեղեկութիւնների համաձայն
 
Լուսանկարները տրամադրեց նշւած միութեան վարչութիւնը
 

 

 

 


Մեկնաբանութիւն գրել


Security code
Թարմացնել

 
Persian   Armenian

Ֆոտօռեպորտաժ

Տեսաֆիլմ