Ս. ԵՒ ԱՆՄԱՀ ՊԱՏԱՐԱԳ՝ ՅԻՍՈՒՍ ՔՐԻՍՏՈՍԻ ՊԱՅԾԱՌԱԿԵՐՊՈՒԹԵԱՆ ՏՕՆԻ ԱՌԹԻՒ՝ ՍՊԱՀԱՆԻ ՀԱՅՈՑ ԹԵՄԻ ԵԿԵՂԵՑԻՆԵՐՈՒՄ

Հայաստանեայց Առաքելական Սուրբ եկեղեցու 3-րդ Տաղաւար տօնի՝ Մեր Տիրոջ՝ Յիսուս Քրիստոսի Պայծառակերպութեան (Վարդավառ) առթիւ, կիրակի՝ 2019 թւականի յուլիսի 28-ի առաւօտեան, Փերիոյ գաւառի Բոլորան գիւղի «Ս. Ղուկաս» եկեղեցում, Սուրբ եւ Անմահ պատարագ մատուցւեց Սպահանի հայոց թեմի առաջնորդ գերշ. Տ. Սիփան եպս. Քէչէճեանի նախագահութեամբ: Օրւայ պատարագիչն էր արժ. Տ. Խաչատուր քհնյ. Զարգարեանը, իսկ արարողութեան իրականացմանը մասնակից էին՝ արժ. Տ. Վարդան քհնյ. Աղաբաբայեանը, դպրաց դասի ներկայացուցիչներն ու Ս. Ամենափրկիչ վանքի «Կոմիտաս» երգչախումբը: Եկեղեցում ներկայ էին հոծ թւով հաւատացեալներ՝ թեմի Կրօնական խորհրդի ներկայացուցիչները, Բոլորան գիւղի հայ համայնքի անդամներն ու տօնի նշման առիթով Նոր Ջուղայից, Շահինշահրից եւ իրանահայ այլ թեմերից Փերիոյ գաւառ ժամանած հայորդիներ: 

Ընթացքում օրւան պատշաճ քարոզը տրւեց թեմակալ առաջնորդ Սրբազան Հօր միջոցով, ով անդրադառնալով տօնի խորհրդին, յատկապէս նշեց, թէ Տիրոջ պայծառակերպութիւնը ճշմարիտ հրաւէր է մեզանից իւրաքանչիւրին եւ եթէ մենք հնազանդւենք Քրիստոսի պատւիրաններին եւ անսանք Աստւածաշնչի խօսքերին, այն ժամանակ եւս պիտի փոխակերպւենք պայծառակերպութեամբ:

Քարոզիչը յորդորեց, որ մի կողմ վանենք ամէն տեսակի կասկածն ու երկմտութիւնը, ընտրեալ առաքեալների նման թողնենք մեղսալից աշխարհն ու հետեւենք ճշմարիտ վարդապետին՝ աստւածային ողորմութեանն արժանանալու համար: Նա շեշտեց նաեւ, որ փոխակերպւելով վերադառնանք նախահօր վայելած երանելի փառքին եւ եդեմական Դրախտում վայելենք աստւածային ներկայութիւնն ու մտերմութիւնը:

Հոգեպարար արարողութիւնից յետոյ գերշ. Տ. Սիփան եպս. Քէչէճեանը մօտենալով եկեղեցու շրջափակում բոլորւած ժողովրդին՝ իր օրհնութիւնը փոխանցեց նրանց: 

Այլակերպութեան տօնի առթիւ Սուրբ եւ Անմահ պատարագ մատուցւեց նաեւ Նոր Ջուղայի «Ս. Յովհաննու» եւ Շահինշահրի «Սրբոց Վարդանանց» եկեղեցիներում, արժն. Տ. Մեսրոպ աւ. քհնյ. Գալստանեանի եւ արժ. Տ. Սահակ քհնյ. Մինասեանի միջոցով:

Թղթակից (Նոր Ջուղա)

Լուսանկարները տրամադրեց Արա սրկ. Բաղումեանը:

 

 

 

 


Մեկնաբանութիւն գրել


Security code
Թարմացնել

 
Persian   Armenian

Ֆոտօռեպորտաժ

Տեսաֆիլմ