ՆՈՐ ՋՈՒՂԱՅԻ ԱՇԱԿԵՐՏ-ՈՒՀԻՆԵՐԸ ՄԱՍՆԱԿՑԵԼՈՒ ԵՆ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ԿԱՅԱՆԱԼԻՔ ՀԱՄԱՀԱՅԿԱԿԱՆ ՕԼԻՄՊԻԱԴԱՅԻՆ

ՀՀ Կրթութեան եւ գիտութեան նախարարութեան նախաձեռնութեամբ 2019 թւականի օգոստոսի 5-11-ը, Հայաստանում տեղի է ունենալու Համահայկական hայագիտական 9-րդ օլիմպիադան, որին Սպահանի հայոց թեմի Թեմական եւ Կրթական խորհուրդների հովանաւորութեամբ Նոր Ջուղայից մասնակցելու են աշակերտ-ուհիներ՝ Անի Մկրտչեանը, Արսիս Յովհաննիսեանը, Ռենիա Մինասեանը, Արսինէ Հայրապետեանը, Նարինէ Խուդաբախշեանն ու Վահագն Թահմազեանը: 

Ինչպէս նախորդ տարիների, այս տարի եւս մասնակիցների ընտրութիւնը կատարւեց քննութեան միջոցով եւ արդիւնքում Նոր Ջուղայի հայոց ազգ. «Քանանեան-Կատարինեան» երկսեռ միջնակարգ դպրոցի աշակերտութեան միջից ընտրւեցին վեց լաւագոյնները: 

Նշւած աշակերտական պատւիրակութիւնը Հայաստան մեկնեց կիրակի՝ օգոստոսի 4-ի առաւօտեան:

Հարկ է նշել, որ պատւիրակութեանը օգոստոսի 1-ին, Ս. Ամենափրկիչ վանքի Ծաղկեայ դահլիճում ընդունեց Սպահանի հայոց թեմի առաջնորդ գերշ. Տ. Սիփան եպս. Քէչէճեանը, ով աշակերտների հետ ունեցած իր մտերմիկ զրոյցով՝ առաւել ծանօթացաւ անցնող ամիսների ընթացքում կատարւած նախապատրաստական աշխատանքներին: Այս շրջագծում «Քանանեան-Կատարինեան» դպրոցի փոխ-տնօրէն Ռիմա Սիմոնեանը նոյնպէս հանդէս եկաւ մի շարք տեղեկութիւններով:

Հանդիպմանը ներկայ էին նաեւ արժ. Տ. Խաչատուր քհնյ. Զարգարեանը, Կրթական խորհրդի անդամուհի Արինէ Մինասեանը, դպրոցի ուսուցչուհիները եւ մասնակիցների ծնողները:

Աւարտին Սրբազան հայրը պատւիրակութեանը ճանապարհեց աղօթքով:

Նշենք, որ աշակերտների նախապատրաստական դասընթացների կազմակերպման եւ առարկաների դասաւանդման գործում համագործակցել են ուսուցչուհիներ՝ Ռիմա Սիմոնեանը, Անահիտ Թահմազեանը, Սեդա Դիլանչեանը, Քառոլին Դիլանչեանը եւ Կարին Տէր-Մարտիրոսեանը: Պարի ուսուցումը կատարւել է Քրիստինէ Յակոբեանի, իսկ երգինը՝ Մարտին Թէրմադոյի միջոցով: Աշակերտներին Հայաստանում ընկերակցելու են Սեդա եւ Քառոլին Դիլանչեանները:

Թղթակից (Նոր Ջուղա)