Հինգշաբթի յուլիսի 11-ի երեկոյեան պաշտօնապէս վերաբացումը կատարւեց Նոր Ջուղայի Հայ Մ. Մ. «Արարատ» միութեան Մշակութային միաւորի «Մ. Նալբանդեան» գրադարանի: 

 Ներկայ էին Սպահանի հայոց թեմի առաջնորդ՝ Տ. Սիփան եպսկ. Քէչէճեանը, քահանայից դասի եւ ազգային մարմինների ներկայացուցիչները, միութենականներ, վերանորոգման աշխատանքներին մասնակից անձինք եւ մեծ թւով այլ ներկաներ: 

 Այս ուրախալի առիթով, ներկաներին ողջունեց միութեան Կենտրոնական վարչութեան անդամ՝ Մանիա Ղուկասեանը եւ ընդհանուր զեկոյց ներկայացրեց գրադարանի վերանորոգման, մանկական գրքերի բաժնի աւելացման, գրքերի վերադասաւորման ու համակարգչային ծրագրում գրանցելու եւ նորովի համարակալելու վերաբերեալ: 

 Ապա թեմակալ առաջնորդի եւ միութեան Կենտրոնական վարչութեան նախագահ՝ Զարեհ Յովսէփեանի ձեռամբ, շնորհակալագրով եւ յուշանւէրով պարգեւատրւեցին միութեան «Մ. Նալբանդեան» գրադարանի վարիչ-պատասխանատու՝ Երանուշ Թահմազեանը, Ս. Ա. վանքի «Ս. Ներսէս Շնորհալի» գրադարանի վարիչ-պատասխանատու՝ Վերգինէ Միրզախանեանը, եւ Հայոց ազգ. կրթահամալիրի «Քանանեան-Կատարինեան» դպրոցների գրադարանի վարիչ-պատասխանատու՝ Կարին Տէր-Մարտիրոսեանը, ովքեր անշահախնդրօրէն համագործակցութիւն էին ցուցաբերել այս աշխատանքում եւ հետագային եւս համագործակցելու են այս գործում: Պարգեւատրւեց նաեւ երիտասարդ միութենական՝ Դւին Յովհաննիսեանը, ով գրադարանի անունով համակարգչային յատուկ ծրագիր էր գրել եւ պատրաստել: 

Աւարտին ներկաները մուտք գործեցին գրադարան, որտեղ գրադարանի վարիչ- պատաս-խանատուն բացատրութիւններ տւեց գրադարանի մասին, իսկ Դւին Յովհաննիսեանը բացատրեց իր մշակած համակարգչային ծրագրի վերաբերեալ:

 Նշելի է, որ միութեան գրադարանը, միակ հայկական գրադարանն է, որի դռները երեկոները բաց են ընթերցասէր հասարակութեան առջեւ եւ ելնելով իր վայրից, դիւրութեամբ հասանելի է տարիքային բոլոր խմբերի համար: 

  Ն. Ջ. Հայ Մ. Մ. «Արարատ» միութեան 

  թղթակից՝ Երանուշ Թահմազեան

Լուսանկարիչ՝ «Ալիք» օրաթերթի Նոր Ջուղայի թղթակից