ՇԱՀԻՆՇԱՀՐԻ «ՍՐԲՈՑ ՎԱՐԴԱՆԱՆՑ» ԴՊՐՈՑԻ ՆԱԽԱՁԵՌՆՈՒԹԵԱՄԲ՝ ՆՇՒԵՑ ՎԱՐԴԱՆԱՆՑ ՏՕՆԸ

Հինգշաբթի՝ 2019 թւականի մարտի 7-ի երեկոյեան, Ն․ Ջ․ Հայ Մ․ Մ․ «Արարատ» միութեան Շահինշահրի մասնաճիւղի կենտրոնատեղիի “Արամ Մանուկեան” սրահում, Շահինշահրի հայոց ազգ. «Սրբոց Վարդանանց» տարրական երկսեռ դպրոցի տեսչութեան, ուսուցչական կազմի եւ ծնողական խորհրդի նախաձեռնութեամբ կազմակերպւեց՝ Վարդանանց տօնին նւիրւած բանախօսական-գեղարւեստական ձեռնարկ:

Ծրագրին ներկայ էին՝ Սպահանի հայոց թեմի առաջնորդ գերշ․Տ․Սիփան եպս․Քէչէճեանը, արժ․Տ․Սահակ քհնյ․Մինասեանը, Պատգամաւորական ժողովի դիւանի, Կրթական խորհրդի եւ Շահինշահրի հայ համայնքի վարչութեան ներկայացուցիչները, դպրոցի աշակերտութեան հարազատներն ու ժողովուրդ:

Սկզբում հնչեց ՀՀ հիմնը, ապա ողջոյնի խօսք ասաց երեկոյի հանդիսավար Քարմէն Մատթէոսեանը, որին յաջորդեց բանախօսական ելոյթը՝ ուսուցչուհի Վարդուհի Պօղոսեանի միջոցով: Նա սկզբում անդրադառնալով Վարդանանց պատերազմին եւ հայկական բանակի ամուր հաւատին՝ շեշտեց, որ այդ պատերազմը չի աւարտւել եւ դեռ շարունակւում է մեր օրերում՝ սպիտակ ջարդի տեսքով: Դասախօսն իր խօսքի մի այլ բաժնում նշելով, թէ սփիւռքեան պայմաններում հայկական լեզուն, մշակոյթն ու կրօնը պահելու գործում լուրջ խնդիրներ գոյութիւն ունեն, աւելացրեց, որ  իւրաքանչիւր սփիւռքահայ երկու դեր է ստանձնում՝ մէկը որպէս պատկան երկրի քաղաքացի եւ միւսը՝ հայ ազգի զաւակ ու հարկաւոր է այդ երկուսն էլ պահի բարձունքի վրայ:

Ծրագրի գեղարւեստական բաժնում՝ աշակերտական ելոյթներով ողուեց սրահը. երգուսոյց Նարբէ Տէր-Գրիգորեանի ղեկավարութեամբ եւ Մառիտա Քէշիշեանի պատասխանատւութեամբ հնչեցին երգեր եւ ասմունքներ, իսկ ընթացքում ընթերցւեց աշակերտական խօսքը:

Փակման խօսքը վերապահւած էր գերշ․ Տ․ Սիփան եպս․ Քէչէճեանին, ով բնաբան ունենալով «Հայ եմ ես, հայ եմ ես սարսափեցէք իմ ձեռքից, Հայաստանը ազատող քաջ Վարդանի թոռն եմ ես»-ը, դպրոցի աշակերտութեանը համարեց բանակ, որը զինւորագրւել է հայ մշակոյթի պահպանման գործը կատարելու: Սրբազան Հայրն իր խօսքի աւարտին ընդգծեց․ «Այս աշակերտները կամուրջ են, որը պէտք է Վարդանանց ժառանգութիւնը մեզնից ստանան եւ փոխանցեն եկող սերնդին, իսկ մեզ մնում է այդ ժառանգութեան փոխանցմանը զուգահեռ փոխանցել նաեւ հաւատարմութիւն ու հոգատարութիւն, որպէսզի ժառանգութեամբ փոխանցւող հայրենիքը, հայ լեզուն, կրօնն ու մշակոյթը լինեն կանգուն եւ ապահով ձեռքերում»:

Ծրագիրը հովանաւորւել էր Շահինշահրի հայ համայնքի վարութեան կողմից:

Թղթակից (Շահինշահր)

 

 

 

 

 

 


Մեկնաբանութիւն գրել


Security code
Թարմացնել

 
Persian   Armenian

Ֆոտօռեպորտաժ

Տեսաֆիլմ