ՀՐԱԺԵՇՏԻ ՊԱՏԱՐԱԳ՝ ՆՈՐ ՋՈՒՂԱՅԻ “Ս. ՅՈՎՀԱՆՆՈՒ ԿԱՐԱՊԵՏ” ԵԿԵՂԵՑՈՒՄ

Կիրակի՝ 2018 թւականի դեկտեմբերի 23-ի առաւօտեան, Նոր Ջուղայի “Ս. Յովհաննու Կարապետ” եկեղեցում, նախագահութեամբ Սպահանի հայոց թեմի առաջնորդ գերշ. Տ. Սիփան եպս. Քէչէճեանի եւ ձեռամբ արժ. Տ. Վազգէն քհնյ. Քէօշկէրեանի մատուցւեց կիրակնօրեայ Ս. եւ Անմահ Պատարագ, որը նշանաւորւեց նաեւ մի այլ առիթով՝ հանդիսանալով եկեղեցու ծխատէր քահանայ հօր հրաժեշտի Պատարագը:  

Արժ. Տ. Վազգէն քհնյ. Քէօշկէրեանը թեմում շուրջ 16 տարի բծախնդիր, անձնւէր եւ անվերապահ ծառայութիւն մատուցելուց յետոյ, այսուհետ իր գործունէութիւնն է շարունակելու Սիրիայի հայոց թեմում:

Ս. Պատարագին ներկայ էին թեմի եկեղեցական դասը, ազգային մարմինների ներկայացուցիչները եւ հոծ թւով ժողովուրդ:

Պատարագիչ քահանայ հայրն օրւան պատշաճ իր քարոզում, բնաբան ունենալով Փարիսեցու եւ մաքսաւորի առակից Քրիստոսի հետեւեալ խօսքը՝ “Ով որ իր անձը բարձրացնում է կը խոնրահւի, իսկ ով որ իր անձը խոնարհեցնում է, կը բարձրանայ”, անդրադարձաւ առակին ու շեշտեց, որ մարդ արարածն իր ամբողջ կեանքում եւ ի մասնաւորի Արարչի դիմաց  պէտք է խոնարհ լինի ու գիտակցի, որ իր բոլոր յաջողութիւնները տրւել են Բարձրեալի կողմից, իսկ հակառակ պարագային կը դառնայ ամբարտաւան: Քարոզիչ հայրն իր խօսքի աւարտին մեծ ձեռքբերում համարելով  անցնող 16 տարիների ընթացքում Սպահանի հայոց թեմում ծառայելը եւ ժողովրդի սէրն ու յարգանքը վայելելը, շնորհակալական խօսքով հանդէս եկաւ ուղղւած՝ թեմի իրարայաջորդ առաջնորդներին, եկեղեցական դասին, ազգային մարմիններին ու ժողովրդին:

Արարողութեան աւարտին ողջերթի յուզիչ տեսակցութիւն իրականացաւ եկեղեցու շրջափակում, որտեղ  շնորհակալական եւ բարի երթի խօսքերով արտայայտւեցին՝ “Ս. Յովհաննու Կարապետ” եկեղեցու երեցփոխ Մառիթա Կարապետեանը, Ն. Ջ. Հայոց Առաքելական Եկեղեցեաց վարչութեան նախագահ Հենրիկ Յակոբեանը, բրշ. Ջանի սրկ. Ղազարեանը, արժ. Տ. Մեսրոպ աւ. քհնյ. Գալստանեանը եւ թեմակալ առաջնորդ գերշ. Տ. Սիփան եպս. Քէչէճեանը: Սրբազան Հայրը շեշտելով, որ քահանայ հայրն իր համեստ ծառայութեամբ իր լուման զետեղեց Նոր Ջուղայի պատմութեան գանձանակում, շնորհակալական խօսք ուղղեց արժ. քահանայ հօրն ու երէցկնոջը, իսկ երախտագիտութեան խօսք՝ թեմի ազգային իշխանութեանը՝ Տ. Վազգէն քհնյ. Քէօշկէրեանին հարազատ զաւակի պէս ընդունելու եւ վերաբերւելու համար:

Աւարտին ներկաները մօտենալով քահանայ հօրն ու երէցկնոջը՝ ողջերթ մաղթեցին նրանց:
Սոյն միջոցառումը վարեց Եկեղեցեաց վարչութեան անդամուհի Լիդա Սիմոնեանը:

Թղթակից (Նոր Ջուղա)


Մեկնաբանութիւն գրել


Security code
Թարմացնել

 
Persian   Armenian

Ֆոտօռեպորտաժ

Տեսաֆիլմ